«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»
ՀասարակությունՈրոշում է կայացվել, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում անձնագրերը կտրամադրվեն ոչ թե պետական մարմին հանդիսացող՝ ոստիկանության անձնագրային բաժանմունքների, այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Այսինքն, պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների։
Ըստ օդում կախված լուրերի, հայտարարվել է «տենդեր», որին մասնակցել են երեք ընկերություն: Ի դեպ, երեքն էլ օտարերկրյա։ «Շահել» է ֆրանսիական ընկերությունը՝ Idemia identity Sescurity France + A.C.I. Technology S.a.r.l.:
Այս երկարաշունչ անունն ինչ-որ բան ձեզ ասա՞ց: Իհարկե՝ ո՛չ: Այդ դեպքում քաղաքացու մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է նա իր անձնական տվյալները վստահի ինչ-որ ֆրանսիական կազմակերպության: Ո՞րն է երաշխիքը, որ անձնական տվյալների արտահոսք չի լինի: Կամ, վերջին հաշվով, սա էլ հո ձեր համար բժշկական «ստռախովկա» չէ, որ կազմակերպությունը շահի, պետությունը բուժումը փոխհատուցի:
Խոսքը քաղաքացու ապահովության մասին է, ինչի վերաբերյալ, իհարկե, վերջին դեպքերից հետո, խոսելն անգամ ծիծաղելի կհամարվի:
Այնուհանդերձ, հետաքրքիր է՝ նման գաղափար առաջարկողն ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ քաղաքացուն, ասենք, որեւիցե մոլի մոտ անձնագիր ստանալուց, ինչ-որ աչոնիկի կողմից: Էլ չենք խոսում այն մասին, որ անձնագիրը պետական փաստաթուղթ է, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը ու այն այսպես հեշտությամբ տրամադրել որեւիցե երկրի, այս դեպքում՝ ֆրանսիական ինչ- որ կազմակերպության, անընդունելի է: Ի դեպ, նույն Ֆրանսիան երբեք իր քաղաքացու անձնական տվյալները նման կերպ չէր հանձնի որեւէ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը։
Արդյոք սա չի խոսում այն մասին, որ առավել հեշտ կլինի կեղծել անձնագրերը: ՀՀ քաղաքացին արդյոք վստահ կարող է լինել, որ օտար, հատկապես թշնամի ազգի ներկայացուցիչը հանգիստ չի կարող գալ եւ մոլերից մեկում անձնագիր ստանալ:
Բոլորովին այլ թեմա է դառնում անձնագրի եւ ID քարտի համար վճարվող գումարներն ու հերթագրումները: Արդեն իսկ կա մեծ բողոք, որ մարտ ամսին հերթագրված քաղաքացին իր ID քարտը պետք է ստանար նոյեմբերին, սակայն դա էլ չի կարողանում ստանալ, քանի որ այն այլեւս անվավեր է: Իսկ նոր ընկերությունը, որը պետք է տրամադիր քարտը, դեռեւս չկա։ Թե երբ կլինի, այ դա ոչ ոք չգիտի:
Ի դեպ, ID քարտը արժեր 3000 դրամ, սակայն անհասկանալի եւ անբացատրելի պատճառներից ելնելով՝ այն դարձել է 5900 դրամ: Ստացվում է՝ պետությունն ամեն քաղաքացուց 3000 դրամ աշխատում է, իսկ այն ավել՝ 2900 դրամը գնում է տվյալ ընկերությանը: Նաեւ ասենք, որ պետական աշխատողների քանակը եւս կրճատվում է ու էլի գումար տնտեսվում: Ու ո՞ւմ հաշվին, այո՛, ճիշտ պատասխանն է՝ քաղաքացու հաշվին:
Հիմա հասկանալի է, թե ինչու էր անձնագրային բաժիններում կուտակվում աննկարագրելի արհեստական հերթեր: Ամեն բան սրան էր նախապատրաստում, որպեսզի հիմա էլ ասեն՝ թե բա մոլերում հերթ չկա, գնացեք այնտեղից ստացեք, ձեռքի հետ էլ հաց-բան առեք, նոր գնացեք տուն: «То ли ещё будет», կապրենք կտեսնենք...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk