Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան
ՀանդիպումՆերքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։
«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ 8-10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԱՄ ԻԶՈՒԹՈԶԸ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
— 44 օրյա պատերազմի տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, Հանրային հեռուստատեսությունը հեռարձակեց Թաթա Սիմոնյանի մենահամերգը, ինչը հանրային լայն ընդզվում եւ հուզումներ առաջացրեց։ Դրան հաջորդեց երգչի ներողությունն ու Հանրային հեռուստատեսության հայտարարությունը, որ ընդամենը սխալ է եղել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, թե ուզում է հասկանալ՝ այդ օրը՝ 8 կամ 10 տարի հետո, Հանրայինով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ ոչ։ Ի՞նչ կասեք այս մասին, օրինակ, կարո՞ղ է մի օր էլ հարց բարձրացնեն, որ Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին, պետք է քեֆ-ուրախություն հեռարձակել Հանրայինով։
— Նախ եւ առաջ, հուսով եմ, որ 8-10 տարի հետո Նիկոլի եւ նիկոլականների անգամ իզութոզը չի լինի Հայաստանում, էլ չասած՝ լինեն իշխանության բուրգում։ Այդ ժամանակ նրանք կա՛մ դատապարտված պետք է լինեն, կա՛մ փախած Հայաստանից դեպի իրենց հարազատ Թուրքիա եւ Ադրբեջան։
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, հասկանալի է, որ Նիկոլի համար այդ օրը հաստատ սգո օր չէ։ Նրա համար գուցե տոնական օր է, որովհետեւ այդ օրը նա սկսեց Արցախի հանձնման հերթական փուլը։ Նա եկել էր այդ ծրագրով, երբեք չի էլ թաքցրել, որ միշտ դեմ է եղել Արցախին, միշտ կողմ է եղել գլոբալիստների ծրագրի իրականացմանը։ Նիկոլը, երբ 2018 թ․-ին եկավ իշխանության, մինչ այդ 100 անգամ ասել էր, որ Արցախից ուզում է հրաժարվել, ռուսների հետ ուզում է խզել, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ բարելավել հարաբերությունները։ Սա նորություն չէր։ Նա, գալով իշխանության, նախ հատուկ ասաց, որ զրոյական կետից է սկսում Արցախի բանակցությունները, երկրորդ քայլը եղավ այն, որ գնաց Շուշի, սկսեց պարել, գոռալ, թե՝ Արցախը Հայաստան եւ վերջ։ Այս ամենը միտումնավոր պրովոկացիա էր։ Եվ այդ խաղը միայն Նիկոլը չէր խաղում, այլ նաեւ՝ գլոբալիստները, Ադրբեջանը, Թուրքիան։ Մեկ միասնական թիմ էր գործում։
Եթե հիշում եք, նա կազմակերպեց հարձակում ադրբեջանական դիրքերի վրա Տավուշում, որից հետո մեդալներ էր բաժանում։ Նիկոլը միտումնավոր սադրում էր պատերազմ, որպեսզի Ալիեւի համար ստեղծվեր հիմքեր՝ ցույց տալու, որ ադրբեջանական հարձակումը սադրված պատերազմի հետեւանք է։
Սա նախապատրաստական առաջին փուլն էր, իսկ երկրորդ փուլը՝ պատերազմը տանուլ տալն էր։ Երրորդ փուլն արդեն ձեւակերպելն էր՝ Արցախն իբրեւ Ադրբեջանի տարածք եւ ընդհանրապես հրաժարվելը։ Չորրորդ փուլում արցախցիներին ենթարկելն էր ցեղասպանության եւ բռնի տեղահանման։
Հետեւապես, սեպտեմբերի 27-ը Նիկոլի համար բոլորովին էլ տխուր օր չէ, այդ օրը նա կուզենար մոռանալ ու մոռացության տալ, ինչպես եւ ապրիլի 24-ը։ Մինչդեռ հայ ժողովրդի համար (նկատի ունեմ՝ ազգությամբ հայերի, որովհետեւ շատ կան «յան» ազգանունով մարդիկ, որոնք հայ չեն իրենց արյունով, էլ չեմ ասում՝ մտածելակերպով) այն միշտ լինելու է սգո օր։ Այնպես որ, հասկանալի է՝ Հանրայինը կատարել է մեկ մարդու հրաման։ Անգամ ներողություն կարգին չխնդրեց հայ ժողովրդից։
— Բայց եթե ընդունել է, որ եղել է սխալ, ինչո՞ւ դրան չհաջորդեց Հանրայինում, ասենք, գոնե մի պահակի կամ հավաքարարի աշխատանքից ազատում, էլ չասենք՝ ղեկավարության պաշտոնանկություն։
— Չի էլ լինելու որեւէ պաշտոնանկություն։ Հանրայինի աշխատակիցներն այդքանից հետո՝ եթե թուրք ու ադրբեջանցի չեն, պետք է ինչ-որ բողոքի ակցիաներ ու գործադուլ անեին։ Գոնե հաջորդ օրը հրաժարվեին այդտեղ աշխատելուց, չեմ ասում՝ վերնախավը, խոսքը շարքային աշխատակիցների մասին է։ Իսկ իրականում շատ մեծ դժգոհություն կար շարքային աշխատողների շրջանակներում եւ ոչ միայն շարքային, անգամ միջին օղակներում, դրա համար էլ մի հայտարարությամբ փորձեցին կանխել հնարավոր բողոքը։ Իսկ ժողովուրդն իսկապես բորբոքված էր, վերջիվերջո, այդ օրը զոհվել են մեր հազարավոր տղաները։ Ու կանցնի 10, թե 100 տարի, կապ չունի, այդ օրը մեզ համար սգո օր է լինելու։
Տեսեք, Մեծ Հայրենական պատերազմը սկսվել է 1941 թվականի հունիսի 22-ին։ Մինչ օրս թե՛ Ռուսաստանում, թե՛ Սովետական Միության այլ տարածքներում, որտեղ կան նորմալ մարդիկ՝ իրենց ծնունդով ու պապերով, այդ օրը սգում են, որովհետեւ զոհվել են միլիոնավոր մարդիկ։ Թեեւ հաղթել ենք այդ պատերազմում, բայց այդ օրը՝ որպես հիշատակի օր է նշվում։ Անցել է 80 տարուց ավել, բայց նշվում է, հիշվում է։ Բնականաբար, այս դեպքում էլ, անկախ հետագա ընթացքից, սեպտեմբերի 27-ը պետք է լինի մեր զոհվածների ու Արցախի կորստի հիշատակի օր։
Բայց ես այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել մի ուրիշ հանգամանքի վրա։ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենն է Հովհաննես Մովսիսյանը։ Ո՞վ է նա, 30 տարեկան երիտասարդն այդ ի՞նչ մի սուպեր առաջընթաց էր ունեցել հեռուստատեսության զարգացման մեջ, որ հանկարծ դարձավ Հ1-ի տնօրեն։
«ՇԱՏ ՉԵ՞Ն ԱՅԴ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԾՆԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ՀԱՅՏՆՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
— Հավանաբար, որովհետեւ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի քայլարշա՞վն է ակտիվորեն լուսաբանել՝ որպես «Ազատություն» ռադիոկայանի լրագրող։
— Նայեք նրա կենսագրությունը։ Այս երիտասարդի աշխատանքային գործունեությունը շատ կարճ է եղել։ Այո, 8 տարի աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ուներ ամերիկյան պետական ֆինանսավորում, երբ գլոբալիստներն էին տիրում ամերիկյան իշխանությունում։ 8 տարի ոչ մեկին հենց այնպես չեն պահում։ Աշխատակցել է այդտեղ, մինչ այդ մեկ տարի աշխատել է ինչ-որ մի գրանտակեր կազմակերպությունում։ Բայց որտե՞ղ է սովորել։ Բացի Հայաստանից, Վրաստանում՝ այն ժամանակ, երբ Սահակաշվիլին էր այնտեղ իշխանության։ Եվ ամենակարեւորը՝ Թուրքիայում՝ 2014 թ․-ին։ Շատ չե՞ն այդ Թուրքիայում սովորածները հանկարծ հայտնվել իշխանության մեջ։
Այնպես որ, ո՛չ մի բան պատահականություն, ո՛չ մի սխալ չի եղել, եղել է հանձնարարություն Նիկոլի կողմից, կատարել է Թուրքիայում ուսանած եւ ԱՄՆ-ի փողերով 8 տարի աշխատած այդ երիտասարդը։ Այս մարդիկ իրականացնում են հայ ժողովրդի հոգեւոր ցեղասպանություն։ Հայ ժողովուրդն էլ կամաց-կամաց ենթարկվում է ամնեզիայի, որտեղ նրան անընդհատ սրսկում են հիշողության կորստի դեղեր։ Ցավոք սրտի, նույն սեպտեմբերի 27-ին ես տեսա ռեստորաններում քեֆեր ու հարսանիքներ, խինդ եւ պար։ Իսկ հիշողության կորուստը ժողովրդի պարագայում նշանակում է ապագայի կորուստ։ Մենք գիտենք դեպքեր, որ երբ մարդը կորցնում է հիշողությունը, դադարում է անգամ է էնդիվիդում լինելուց, նույն կերպ ժողովուրդը երբ կորցնում է իր հիշողությունը, դադարում է համաշխարհային համակարգում ինչ-որ բան իրենից ներկայացնել։ Այսինքն՝ դառնում է խմոր, աննպատակ մարդկանց բազմություն, որի հետ ինչ ուզում են, կարող են անել։
— Ի դեպ, հոգեւորի մասին․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է կաթողիկոսին հեռացնելու համար, եւ ինքը՝ որպես վարչապետ, դրա համար բոլոր հնարավորություններն օգտագործելու է։ Սա արդեն ուղիղ պատերա՞զմ է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին։
— Իրականում, սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ, որովհետեւ հանձնարարությունը, որը կատարում է Նիկոլը, տրված է էլի նույն գլոբալիստական ուժերի կողմից։ Այդ ուժերը նպատակ ունեն՝ ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում ցանկացած ազգի ինքնություն, ինքնիշխանություն ոչնչացնելու։ Եվ դա արվում է հիմնականում մի քանի ուղղություններով՝ պատմական հիշողության, իղձերի, եկեղեցու ոչնչացում։
Քննարկում են, թե եկեղեցական համակարգը լա՞վն է, թե՞ վատն է, թերություն ունի՞, թե չունի․․․ Իսկ կա՞ մի համակարգ, որը չունի թերություն կամ իդեալական է։ Ես շատ հարցերում կարող եմ եկեղեցուն քննադատել, բայց դա չի՛ նշանակում, որ պետք է ոչնչացնել եկեղեցին, չի՛ նշանակում, որ պետք է կեղտոտ ոտքերով մտնել հոգեւոր տաճարը։ Եվ առավել եւս՝ դա չի՛ նշանակում, որ պետք է խախտել Սահմանադրության հիմնարար սկզբունքը, որ եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են։ Այդ սկզբունքը ոչ միայն Հայաստանի Սահմանադրության մեջ է գրված, այլ աշխարհի գրեթե բոլոր երկրները հետեւում են այդ սկզբունքին։ Մինչդեռ այսօր Հայաստանում, ըստ էության, եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը կոպտորեն, ցինիկորեն, ամենալկտի ու լպիրշ ձեւով խախտվում է։
— Մեկ այլ ուշագրավ հայտարարության էլ անդրադառնանք։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ուղղակիորեն հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում։ Դուք՝ որպես «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար, ի՞նչ կասեք այս մասին, թեպետ նա արդեն իսկ փորձում է ամեն կերպ վերախմբագրել ասվածը։
— Սկսենք նրանից, թե ով է Աննա Գրիգորյանը՝ թունդ նիկոլական մի աղջիկ էր։ Նա այդ ե՞րբ դարձավ հականիկոլական, ինչո՞վ է հականիկոլական։ Տեսեք, թե ինչ է կատարվում այսօրվա խորհրդարանում․ 105 պատգամավորից 100-ը՝ նիկոլական է։ Նիկոլականը չի կարող նախկին լինել։ Մինչեւ 2018-ի պետական հեղաշրջումը, երբ Նիկոլը Արցախի դեմ, Ռուսաստանի դեմ, հայ-ռուսական բարեկամության դեմ, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ կոչեր էր անում, նրանք բոլորն այն ժամանակ ծափ էին տալիս, Նիկոլին բերում էին իշխանության։ Եթե մարդը գնացել է այդ ճանապարհով՝ գիտակցելով, այստեղ արդեն հարցեր են առաջանում։ Իսկ եթե անգիտակից է գնացել, ավելի վատ, ուրեմն՝ քաղաքականության մեջ բութ է։ Այսինքն՝ չի գիտակցել, թե ով է Նիկոլը։ Սա նշանակում է, որ քաղաքական ասպարեզում նա ուղղակի չի կարող կողմնորոշվել, հետեւապես՝ հիմա էլ չպետք է մտնի քաղաքականություն։ Օրինակ, եթե մարդը զբաղվում է կահույք սարքելով, ուրեմն՝ պետք է գնա կահույք սարքի, բայց չմտնի քաղաքականություն՝ պատգամավորի կարգավիճակով։
Ռոբերտ Քոչարյանի ցուցակում Աննա Գրիգորյանը պատահական մարդ չէ, իր խմբակցության ղեկավարն է։ Դեպք է պատմում, որ Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը՝ Գեւորգյան Արմենը եվրոպացիներին ասել է՝ ի՞նչ է Ղրիմ, ի՞նչ բան, մենք ոչ մի բան չենք ճանաչում։ Լրագրողը Աննա Գրիգորյանին հարցնում է՝ հիմա՞ էլ չեք ճանաչում, ասում է՝ իհարկե, հիմա էլ չենք ճանաչում, ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն, էլի եմ ասում՝ մարդիկ են եկել այսօրվա խորհրդարան, որտեղ բոլորը՝ իրար հետ վերցրած, նիկոլական են՝ բացառությամբ մի 5-10 հոգու։
Եթե սա ասեր շարքային պատգամավոր, կասեինք՝ սայթաքում է, եթե Քոչարյանը հանդես գար մի հայտարարությամբ, որ առաջարկում է նրան վայր դնել մանդատը, որովհետեւ հակառակ բան է ասել իրենց քաղաքական ուժի անունից, կասեինք, որ սա պատահականություն է։ Բայց ոչ մի պատահականություն չկա։ Այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված է, իսկ Լեւոն Քոչարյանը գտնվում էր Ստրասբուրգում, Աննա Գրիգորյանը սկսում է պատմել, թե՝ գիտեք ինչ, մենք չենք ճանաչել, հիմա էլ չենք ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում։ Ավելին՝ նրա ամբողջ ելույթը հակառուսական էր։ Վիրավորվել էր, որ իրենց պրոռուսական պիտակ են կպցնում, փաստորեն, այդքան տհա՞ճ է պրոռուսական լինելը։ Ասում է՝ Ռուսաստանի հետ պետք է ունենանք նորմալ, ոչ թշնամական հարաբերություններ, ինչպես մնացած պետությունների հետ։ Իմ կարծիքով, սա կապ ուներ Լեւոն Քոչարյանի Ստրասբուրգում գտնվելու հետ։ Աննա Գրիգորյանը գնացել էր նիկոլական հեռուստաընկերություն 3 բան հայտարարելու համար․ առաջինը՝ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի համար ստրատեգիական գործընկեր չէ, երկրորդ՝ մենք պետք է ոչ թշնամական, ոչ բարեկամական, ոչ էլ դաշնակցային հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ։ Նույնը՝ ոչ թշնամական, ասում են, եւ Թուրքիայի հետ պետք է ունենանք, ոչ թշնամական Ադրբեջանի հետ պետք է ունենանք։ Եվ երրորդ՝ նա ուղիղ հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին՝ հայտարարելով, որ Ղրիմը նրանք չեն ճանաչում Ռուսաստանի կազմում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
