Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
ՏնտեսությունՅունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել դեկտեմբերի 4-ը։
Բանկից հայտնել են, որ անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր արժեկտրոնային եկամուտ։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է 13,2%, որից հետո այն կհաշվարկվի՝ պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի՝ 3 ամիս ժամկետայնության համար հաշվարկված մինչև մարում եկամտաբերությանը գումարելով 6%։ Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ։
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 000 ՀՀ դրամ։
Նշվում է, որ բանկի կողմից թողարկված անվանական անժամկետ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։
Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 26.11.2025 թ. թիվ 1/427 Ա որոշմամբ), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները։ Ներդրողները անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակներին ծանոթանալ՝ www.unibank.am կայքում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
