Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հարցազրույցը, որը հստակ դիրքորոշում էր` առ այն, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսատանի կազմում, բավականին մեծ վրդովմունք է առաջացրել ոչ միայն սոցցանցերում, այլեւ հենց իրենց ընտրողների շրջանում։
Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է խորհրդարանական ընդդիմության ներկայացնող երկու խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու, թե յուրաքանչյուրն ի՞նչ տեսակետ ունի այս հարցի շուրջ, եթե անգամ չկա իրենց հարազատ քաղաքական ուժի ղեկավարության կողմից հստակեցում։
Ցավոք, ում հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, խուսափեցին անդրադառնալ հարցին․ գուցե վախենալով նեղացնել նախկին նիկոլական Աննա Գրիգորյանին կամ հենց Նիկոլ Փաշինյանին եւ նրա մեջքին կանգնած Արեւմուտքին: Չէ որ Ղրիմի թեման դարձավ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ երկարատեւ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցների մեկնարկի պատճառը: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն կերպ պետք է շողոքորթեն Արեւմուտքին՝ расклад такой...:
Բայց, լավ, այսպիսին են իշխանությունները, բա ընդդիմությունն ինչո՞ւ է միացել իշխանության այդ «խրախճանքին»: Չլինի՞ Փաշինյանը նորից աչքով իշմարներ է տվել՝ այս հարցում եւս։
Իշխանության որոշումն ու քայլերը պարզ են, սակայն ընդդիմության քայլերը, թեման լղոզելն ու խույս տալը չունի ոչ մի արդարացում: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից մի պատգամավոր իրեն համարում է «ոչինչ» նման թեմա քննարկելու կամ իր սեփական կարծիքն արտահայտելու համար: Մյուսը լղոզում ու սվաղում՝ ամեն բանից խոսելով, բացի բուն հարցին պատասխանելուց, երրորդը՝ գտնում է, որ սա անկարեւոր հարց է, իսկ իրենք օրակարգային լուրջ հարցերով են զբաղված: Այդ լրջությունն էլ տեսանք, երեւի, լուրջը ԱԺ դահլիճի սեղանների վրա բարձրանալն ու իրար հրմշտելն էր։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Աննա Գրիգորյանին դրել են հանգուցյալի տեղ, որի մասին պետք է ասեն՝ կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ։ Միայն անհասկանալի է՝ եթե լռությունը համաձայնության նշան է, էլ ինչո՞ւ էր Քոչարյան կրտսերի եւ Աննա Գրիգորյանի ասուլիսի ժամանակ, վերջինս փորձում լղոզել թեման, մինչդեռ իրականում վերահաստատեց, որ իր ասածը եղել է ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը, որը նա արտահայտել է իր հարցազրույցի ժամանակ դեռեւս 2016 թվականին եւ առ այսօր մնացել է այդ նույն կարծիքին։
Շարքը բազմաշերտ է ու ապշելու: Ցավոք, եւս մեկ անգամ համոզվում է ՀՀ քաղաքացին, որ ընտրել է անդեմ, խղճից ու համոզմունքներից զուրկ մարդկանց պատգամավոր, ովքեր պետք է ցանկացած հարցի շուրջ «ժելեանման» շարժումներ կատարեն: Էլ ուր մնաց ամպագոռգոռ Արցախի թեման, արցախյան դրոշները, որոնք աննկատ հեռացվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների սեղաններից:
Ի դեպ, չենք զլանա եւ եւս մեկ անգամ կհիշեցնենք մանդատավոր ընդդիմադիրներին՝ պատգամավորն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով խղճով եւ համոզմունքներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ որեւէ հրամայական մանդատով կամ ցուցումով ու պաշտոնապես ծառայում է ժողովրդին՝ գործելով ազատորեն ու անկախ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
