Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից

Նիկիտա Սիմոնյան. արժանապատվության հարյուր տարի

Սպորտ

Մեծ ֆուտբոլիստի, մարզչի և մարդու ծննդյան 100-ամյակի առթիվ

Հոկտեմբերին լրանում է Նիկիտա Պողոսի (Պավլովիչ) Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակը։ Նա մինչև այս ամսաթիվը չապրեց մեկ տարուց էլ քիչ ժամանակ։ Սակայն կան մարդիկ, որոնց մասին խոսելիս «ապրել» բառը ընդհանրապես դժվար է անցյալ ժամանակով դնել։ Նիկիտա Սիմոնյանը մնում է հիշողության մեջ, այլ մարդկանց գործողություններում, ակումբների և երկրների պատմության մեջ։ Եվ այն բարոյական հարթակում, որը նա այն աստիճան բարձրացրեց, որ մեզ համար ընդմիշտ որպես օրինակ կմնա։

Նիկիտա Պավլովիչն իսկապես եզակի անձնավորություն էր։ Մի կողմից՝ շատ բարի ու բարեկիրթ էր, մյուս կողմից՝ երկաթե կամքի տեր մարդ։ Անխոնջ աշխատելով՝ նա միաժամանակ փորձում էր օգնել բոլոր նրանց, ովքեր դիմում էին նրան որևէ խնդրանքով կամ հարցով։ Բայց, թերևս, նրա գլխավոր որակները նրա գերագույն պատասխանատվությունն ու իր գործին անսահման նվիրվածությունն էին։ Բոլորին զարմացնում էին նրա հիշողությունն ու մտքի պարզությունը 99 տարեկանում։ Նիկիտա Պավլովիչը բոլորին միշտ դիմում էր անունով ու հայրանունով՝ անկախ տարիքից ու դիրքից, նույնիսկ երբ պատմում էր իր պատանեկության ու ձևավորման տարիների հեռավոր տարիների մասին։

Դժվար է հաշտվել այն բանի հետ, որ նա մեզ հետ չէ։ Մենք շարունակում ենք ապրել նրա խորհուրդներով՝ առաջին հայացքից պարզ ու ակներև, բայց այնքան կարևոր բոլոր նրանց համար, ովքեր բախտ են ունեցել շփվելու և ընկերանալու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի հետ։

Նրա ծնողները գաղթականներ էին Արևմտյան Հայաստանից։ Փրկվելով Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունից՝ նրանք հայտնվեցին Ռուսաստանում և հիմնվեցին Արմավիրում։ 1926 թվականի հոկտեմբերի 12-ին ընտանիքում ծնվեց որդի, որը ստացավ Մկրտիչ անունը՝ հայկական ավանդույթի համաձայն պապի պատվին։ Երբ լրացավ նրա չորս տարեկանը, ընտանիքը տեղափոխվեց Սուխում։ Հայրը՝ Պողոս Մկրտիչևիչը, կոշկակար էր։ Մայրը՝ Վարսենիկ Հակոբովնան, տնային տնտեսուհի էր։ Շատ տասնամյակներ անց Սիմոնյանը առանձնահատուկ ջերմությամբ էր հիշում ծնողներին և մինչև իր վերջին օրերը ամեն տարի գնում էր հայրենի Սուխում՝ նրանց հիշատակը հարգելու և շիրիմներին այցելելու համար։ Գերեզմանոց այցելելուց հետո Նիկիտա Պավլովիչը միշտ մտնում էր այն բակը, որտեղ մանկության տարիներին ֆուտբոլ էր խաղում հարևան տղաների հետ. գնդակը պատրաստված էր լաթերից, իսկ մուտքի մոտի երկու կիպարիսները որպես դարպասներ էին ծառայում։ Ավելի ուշ, երբ բակն արդեն նեղ դարձավ, երեխաները սկսեցին խաղալու գնալ 10 կիլոմետր հեռու գտնվող հնձված դաշտեր, գնում էին այնտեղ ավտոբուսով և վերադառնում ոտքով։ Հայրը հաճախ էր Նիկիտային կշտամբում պատռված կոշիկների համար՝ ֆուտբոլն անվանելով խուլիգանական խաղ և հանդիմանելով՝ հայերեն խոսա:

Սիմոնյանի պատանեկությունը համընկավ պատերազմի հետ։ 1940 թվականին նա սկսեց զբաղվել ֆուտբոլով Շոթա Լոմինաձեի մոտ, այնուհետև խաղաց Սուխումի «Դինամո»-ի կազմում։

1945 թվականին Մոսկվայի «Կռիլյա Սովետով»-ը եկավ Սուխում՝ մարզական հավաքների։ Երիտասարդ Սիմոնյանը, որը հանդես էր գալիս Սուխումի «Դինամո»-ում, վառ կերպով դրսևորեց իրեն մոսկվացիների դեմ մրցախաղերում։ «Կռիլյա»-ի մարզիչներ Վլադիմիր Գորոխովը և Աբրամ Դանգուլովը նկատեցին տաղանդավոր հարձակվողին և հրավիրեցին նրան Մոսկվա։ 1946 թվականին Սիմոնյանը դարձավ «Կռիլյա Սովետով»-ի խաղացող։ Հատկապես մտերիմ հարաբերություններ ձևավորվեցին Վլադիմիր Իվանովիչ Գորոխովի հետ։ Նիկիտա Պավլովիչը հետագայում նրան ուղղակի անվանեց «երկրորդ հայր»։ Երբ պատանի Սիմոնյանը Սուխումից եկավ հետպատերազմյան Մոսկվա և ապրելու տեղ չուներ, Գորոխովը նրան տեղավորեց իր մոտ։ Սիմոնյանը հիշում էր, որ մոտ երեք տարի ապրեց մարզչի բնակարանում և քնում էր սնդուկի վրա՝ փոքր, մութ խորդանոցում։ Նիկիտա Պավլովիչը ամբողջ կյանքում հիշում և պատվում էր այն մարդկանց, ովքեր ինչ-որ ժամանակ իրեն լավություն էին արել։ Հնարավոր է՝ հենց այս պատճառով հետագայում ինքն էր այդքան հաճախ օգնում ուրիշներին։ Աղքատությունը նրան չդարձրեց չարացած, փառքը՝ ամբարտավան, իսկ իշխանությունը՝  անտարբեր։

1946-ից 1948 թվականներին Սիմոնյանը հանդես էր գալիս Մոսկվայի «Կռիլյա Սովետով»-ի կազմում։ Եվ արդեն այդ ժամանակ նա ստիպված էր բախվել ամենևին ոչ ֆուտբոլային հանգամանքների հետ։ Երբ նրան փորձում էին համոզել տեղափոխվել Թբիլիսիի «Դինամո», ձերբակալվեց նրա հայրը, և ընտանիքի տանը խուզարկություն կատարվեց։ Հորը հասկացրին, որ նրա ազատ արձակումը կախված կլինի որդու որոշումից։ Սակայն նա հրաժարվեց ճնշում գործադրել Նիկիտայի վրա. որդին պետք է խաղա այնտեղ, որտեղ ինքը հարկ կհամարի։ Նիկիտա Սիմոնյանը թռավ Թբիլիսի, որտեղ ՊԱԿ-ի հանրապետական ​​​​բաժանմունքում համառորեն հորդորում էին նրան՝ որպես վրացական ֆուտբոլի սանի, տեղափոխվել տեղի «Դինամո»։ Նա ասաց, որ չի կարող այդպես վարվել, քանի որ դա անհարգալից կլինի այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր համար ճանապարհ են բացել դեպի մեծ ֆուտբոլ։ Միայն Թբիլիսիի «Դինամոյի» ավագ Բորիս Պայչաձեի միջամտությունից հետո հորն ազատ արձակեցին, իսկ Նիկիտան կարողացավ վերադառնալ Մոսկվա։ Այս պատմությունը կանխանշեց Սիմոնյանի ամբողջ կյանքի ամենակարևոր գծերից մեկը՝ ինքնուրույն որոշում կայացնելու և ճնշման տակ դրանից չհրաժարվելու ունակությունը։

1948 թվականին Մոսկվայի «Կռիլյա Սովետովը» կազմացրվեց։ Խաղացողներին բաշխեցին այլ թիմերի միջև, և Սիմոնյանը պետք է տեղափոխվեր Մոսկվայի «Տորպեդո», որը ներկայացնում էր հայտնի ԶԻՍ (ЗИС) ավտոմոբիլային գործարանը։ Ձեռնարկության տնօրենը Խորհրդային Միության ամենաազդեցիկ տնտեսվարական ղեկավարներից մեկն էր՝ Իվան Ալեքսեևիչ Լիխաչովը։

Սակայն Սիմոնյանը ցանկանում էր խաղալ «Սպարտակ»-ում։ Պատճառն այն էր, որ այնտեղ էին տեղափոխվել Աբրամ Դանգուլովը և Վլադիմիր Գորոխովը, մարդիկ, որոնց Սիմոնյանը շատ բանով էր պարտական ​​և վստահում էր։ Նրանք նույնպես ցանկանում էին հարձակվողին տեսնել իրենց թիմում։ Սակայն միայն երիտասարդ ֆուտբոլիստի ցանկությունը բավարար չէր։ Մի անգամ առավոտյան Սիմոնյանի հետևից մեքենա եկավ։ Նրան ուղիղ տարան ԶԻՍ՝ Լիխաչովի առանձնասենյակ։ Խոսակցությունը խիստ էր։ Ըստ Սիմոնյանի հիշողությունների՝ Լիխաչովը ծայրահեղ հուզմունքով համոզում էր նրան, որ ավտոմոբիլային արդյունաբերության համար խաղալը շատ ավելի պատվաբեր է, քան «Սպարտակ»-ի համար խաղալը, որը կապված էր արհեստագործական կոոպերացիայի համակարգի հետ։ Սիմոնյանը լսեց զորեղ տնօրենին և պատասխանեց, որ ուզում է խաղալ «Սպարտակի» կողմից։ Լիխաչովը զայրացավ և դուրս հանեց ֆուտբոլիստին՝ զգուշացնելով, որ հետդարձի ճանապարհ «Տորպեդո» նրա համար երբեք չի լինի։

Առաջին մրցաշրջանն արդեն ցույց տվեց, թե ինչ խաղացողի է ձեռք բերել «Սպարտակը»։ 1949 թվականի ԽՍՀՄ առաջնությունում Սիմոնյանը խփեց 26 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ Մեկ տարի անց նա արդեն խփեց 34 գոլ՝ կրկին դառնալով երկրի լավագույն դիպուկահարը։ Այս արդյունքը ավելի քան քառասուն տարի մնաց որպես ԽՍՀՄ առաջնության ռեկորդ։ Առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը նա երրորդ անգամ նվաճեց 1953 թվականին։ «Սպարտակի» կազմում Սիմոնյանը չորս անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն՝ 1952, 1953, 1956 և 1958 թվականներին, երկու անգամ շահել է ԽՍՀՄ գավաթը՝ 1950 և 1958 թվականներին։ «Սպարտակի» կազմում ԽՍՀՄ առաջնությունում ընդհանուր առմամբ նա խփել է 160 գոլ և մնում է լավագույն ռմբարկուն ակումբի պատմության մեջ։ Սակայն դժվար է թվերով փոխանցել բոլոր հույզերը. պետք էր տեսնել, թե ինչպես է նա խաղում։ Սիմոնյանը խոհուն և բացարձակապես թիմային խաղացող էր։ Նրա համար ֆուտբոլը գնդակին սպասելն ու դարպասին խփելը չէր։ Կոմբինացիան, խաղընկերոջ շարժումը, ակնթարթային որոշումը, տարածության ընկալումը՝ այս ամենը կազմում էր հենց այն խաղը, որը հետագայում կկոչեին սպարտակյան։

Այդ տարիներին տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որն է՛լ ավելի լավ է բացատրում, թե ինչ էր նշանակում «Սպարտակը» Սիմոնյանի համար։

1951 թվականին «Սպարտակը» հավաքների էր մասնակցում Կիսլովոդսկում: Սիմոնյանին ակումբից անսպասելիորեն կանչեցին առողջարան: Նրան սպասում էին Սերգեյ Կապելկինը և Միխայիլ Ստեփանյանը՝ Իոսիֆ Ստալինի որդու՝ Մոսկվայի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի ֆուտբոլի թիմի հովանավոր Վասիլի Իոսիֆովիչ Ստալինի համհարզները: Նրանք հայտնեցին ֆուտբոլիստին. Վասիլի Ստալինը ցանկանում է տեսնել նրան իր թիմում: Սիմոնյանը պետք է հայտնի Վսեվոլոդ Բոբրովի հետ ԽՍՀՄ առաջնությունում կազմեր հարձակվողական լավագույն զույգը: Ռազմաօդային ուժերի թիմի հնարավորությունները հսկայական էին: Սակայն Սիմոնյանը պատասխանեց նրանց, որ ինքը «Սպարտակից» չի հեռանա։ Հորդորները տևեցին մի քանի ժամ: Համհարզները խնդրեցին Սիմոնյանին անձամբ բացատրել Վասիլի Ստալինին, քանի որ իրենք չէին կարողացել կատարել նրա հրամանը: Այդ նպատակով Մոսկվայից ուղարկվեց ռազմա-փոխադրական ինքնաթիռ: Միներալնիե Վոդիից Սիմոնյանին հասցրին մայրաքաղաք և տարան Գոգոլևսկի բուլվար, որտեղ ապրում էր կրտսեր Ստալինը:

Ըստ Նիկիտա Պավլովիչի պատմածի՝ Վասիլի Ստալինը նստած էր հարուստ սպասքադրված սեղանի շուրջը՝ շրջապատված գեներալներով։ Տեսնելով Սիմոնյանին՝ նա վեր կացավ և ասաց, որ հենց նոր մոր աճյունով երդվել է, որ Սիմոնյանը կխաղա Ռազմաօդային ուժերի կողմից։ Նման հանդիպման հոգեբանական մթնոլորտը պատկերացնել 1951 թվականին և այսօր էլ հեշտ չէ։ Սիմոնյանը քսանչորս տարեկան էր։ Նրա առջև Խորհրդային Միության ղեկավարի որդին էր՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ, վարչական հսկայական հնարավորություններով մի մարդ։ Բայց Սիմոնյանը չտատանվեց, նորից ասաց, որ ուզում է մնալ «Սպարտակում»։ Ստալինը թույլ տվեց նրան հեռանալ, բայց Սիմոնյանին շուտով հետ կանչեցին։ Ստալինը ենթադրեց, որ Սիմոնյանը վախենում է որոշ վարչական խոչընդոտներից և հասկացրեց, որ կարող է լուծել նման հարցերը։ Այդ ժամանակ Սիմոնյանը բացատրեց իսկական պատճառը. «Սպարտակի» իր թիմակիցների և մարզիչների շնորհիվ է ինքը կայացել որպես ֆուտբոլիստ և խնդրում է թույլ տալ իրեն մնալ իր թիմում։ Նիկիտա Պավլովիչին տարան կայարան, որտեղից նա վերադարձավ Կիսլովոդսկ։ Մոտ մեկ ամիս նա սպասում էր ձերբակալության՝ ամեն անգամ ցնցվելով, երբ մեքենա էր մտնում բակ։ Մի քանի մրցաշրջանից հետո «Սպարտակը» հանդիպեց Ռազմաօդային ուժերի թիմի հետ և հաղթեց 2։0 հաշվով, երկու գոլերն էլ խփեց Սիմոնյանը։ Խաղից հետո ադմինիստրատորը նրան ասաց, որ Վասիլի Ստալինն իրեն հրավիրում է խնջույքի սրահ։ Նիկիտա Պավլովիչը արագ փոխեց հագուստը և մտավ դահլիճ՝ սպասելով լսելու հերթական հորդորները կամ սպառնալիքներ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, նրա համար անակնկալ էր. Վասիլի Ստալինը ամբողջ դահլիճին հայտարարեց, որ Նիկիտա Սիմոնյանը միակն է, որը չի վախեցել մերժել իրեն։ Նա շնորհակալություն հայտնեց նրան անկեղծության ու շիտակության համար, թույլ տվեց մնալ «Սպարտակում»։ Վերջում ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում միշտ կարող է ուղիղ դիմել իրեն, ինքը նրան կընդունի և կօգնի։ Երկար տարիներ Սիմոնյանը հիշում էր այս խոսքերը, բայց ոչ մի անգամ օգնության համար չդիմեց։ Վասիլի Ստալինի մահից հետո Սիմոնյանը, այցելելով Տրոեկուրովսկոյե գերեզմանատուն, միշտ ծաղիկներ էր բերում նրա գերեզմանին՝ հիշելով, որ նա մի ժամանակ կարող էր այլ կերպ վարվել, բայց թույլ տվեց իրեն ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։

Սիմոնյանի բնավորությունն ավելի վառ դրսևորվեց հինգ տարի անց՝ 1956 թվականի Մելբուռնի օլիմպիական խաղերում։ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում այս մակարդակի միջազգային մրցաշարի և հասել էր մինչև եզրափակիչ։ Թիմի գլխավոր երիտասարդ տաղանդներից մեկը 18-ամյա Էդուարդ Ստրելցովն էր։ Նա խաղացել էր մրցաշարի նախորդ խաղերում, սակայն եզրափակիչ հանդիպմանը գլխավոր մարզիչ Գավրիիլ Կաչալինը որոշեց փոխել կազմը և խաղադաշտ դուրս բերեց Նիկիտա Սիմոնյանին։ ԽՍՀՄ-ը հաղթեց Հարավսլավիային 1։0 հաշվով և առաջին անգամ դարձավ ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն։ Սիմոնյանը ստացավ օլիմպիական ոսկե մեդալ։ Սակայն ուրախությունը մռայլվեց մի հանգամանքով. այդ տարիներին ֆուտբոլի օլիմպիական մեդալները շնորհվում էին միայն այն տասնմեկ խաղացողներին, որոնք անմիջականորեն մասնակցել են եզրափակչին: Փոխարինումներ թույլ չէին տալիս: Այդ պատճառով այն խաղացողները, որոնք զգալի ներդրում էին ունեցել նախորդ խաղերում, բայց չէին խաղացել եզրափակչում, մնում էին առանց պարգևի: Այդ թվում՝ Ստրելցովը: Նիկիտա Սիմոնյանը սա անարդար համարեց և որոշեց իր օլիմպիական ոսկե մեդալը տալ Էդուարդ Ստրելցովին: Նա մոտեցավ նրան օլիմպիական գյուղում և առաջարկեց նրան տալ իր օլիմպիական մեդալը, Ստրելցովը հրաժարվեց: Սիմոնյանը չհանգստացավ և որոշեց մեկ անգամ էլ դա անել նավի վրա, որով խորհրդային պատվիրակությունը վերադառնում էր Ավստրալիայից։ Սակայն Էդուարդ Ստրելցովը կրկին չընդունեց պարգևը։ Նա հիշեցրեց Սիմոնյանին տարիքային տարբերության մասին. Սիմոնյանն արդեն երեսուն տարեկան է, իսկ ինքը քսան տարեկան էլ դեռ չկա, ուստի երիտասարդ հարձակվողի համար առջևում դեռ մեծ հաղթանակներ կլինեն։ Մեդալը մնաց Սիմոնյանի մոտ։ Սակայն պատմությունը սրանով չավարտվեց։ Հիսուն տարի անց՝ 2006 թվականին, Մելբուռնի հաղթանակի հոբելյանի առթիվ Սիմոնյանը պատվիրեց դրամահատարանում պատրաստել օլիմպիական մեդալի ևս տասնմեկ հուշանվերային կրկնօրինակներ։ Դրանք փոխանցեցին չեմպիոնական թիմի այն անդամներին, որոնք 1956 թվականին այն ժամանակվա կանոնների պատճառով մնացել էին առանց պարգևի. մահացած ֆուտբոլիստների փոխարեն մեդալները ստացան հարազատները։ Կես դար անց Սիմոնյանը փորձեց ուղղել այն, ինչը դեռևս երիտասարդ տարիքում անարդարություն էր համարել։

ԽՍՀՄ հավաքականի կազմում Սիմոնյանն անցկացրել է 20 պաշտոնական խաղ և խփել 10 գոլ։ Բացի 1956 թվականի օլիմպիական հաղթանակից՝ նա պատմության մեջ մտավ ևս մեկ իրադարձությամբ։ 1958 թվականին ԽՍՀՄ հավաքականն առաջին անգամ հանդես եկավ աշխարհի առաջնությունում։ Անգլիայի դեմ խաղում հենց Նիկիտա Սիմոնյանը խփեց ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։ Այն ժամանակ նա արդեն ոչ թե պարզապես աչքի ընկնող հարձակվող էր, այլ իր սերնդի խորհրդանիշներից մեկը։

1959 թվականին Սիմոնյանն ավարտեց խաղացողի կարիերան։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Նիկոլայ Պետրովիչ Ստարոստինը առաջարկեց նրան աշխատել «Սպարտակում»։ Նիկիտա Պավլովիչը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ ղեկավարել մի թիմ, եթե դեռևս երեկ ես նրանց թիմակիցն էի դաշտում»։ Պատասխանը կարճ էր՝  կօգնենք։

Հիմա նա պատասխանատու էր ոչ թե իր սեփական խաղի, այլ ամբողջ թիմի ճակատագրի համար։ Դանգուլովից և Գորոխովից սովորած ֆուտբոլը դարձավ մի գործ, որը հարկավոր էր փոխանցել ուրիշներին, և նա հրաշալի կերպով կատարեց դա։

Սիմոնյանի ղեկավարությամբ «Սպարտակը» 1962 և 1969 թվականներին հաղթեց ԽՍՀՄ առաջնություններում, 1963, 1965 և 1971 թվականներին նվաճեց երկրի գավաթը։ Մի մարդու համար, որը ժամանակին չէր ցանկացել լքել ակումբը նույնիսկ ազդեցիկ մարդկանց ճնշման տակ, այս հաղթանակները նրա կյանքի գլխավոր գործի շարունակությունն էին։ Նա հավատարիմ մնաց «Սպարտակին» նաև այն բանից հետո, երբ դադարեց խաղադաշտ դուրս գալուց։

Նիկիտա Պավլովիչին արդեն մի քանի տարի հրավիրում էին Հայաստան՝ Երևանի «Արարատը» գլխավորելու խնդրանքով, որը 1972 թվականի վերջին մնացել էր առանց մարզչի։

Նա տվեց իր համաձայնությունը և 1973 թվականին գլխավորեց Երևանի «Արարատը»։ Այստեղ նրա աշխատանքը ստացավ ևս մեկ՝ խորապես անձնական չափում։ Հայ գաղթականների որդին, որը մեծացել էր Հայաստանից հեռու, եկավ Երևան արդեն որպես ճանաչված վարպետ ու մարզիչ։ Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր, բայց իր տաղանդի, իմաստության և համառության շնորհիվ Նիկիտա Պավլովիչը հասավ անհավանական արդյունքի։ «Արարատը» առաջին անգամ հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում և նվաճեց ԽՍՀՄ գավաթը՝ կատարելով ոսկե դուբլ։ Մինչև օրս դա հայկական ֆուտբոլի ամենամեծ հաջողությունն է և թիմային մարզաձևում ամենակարևոր ազգային հաղթանակը։

Նիկիտա Պավլովիչը 1973 թվականի հաղթանակները համարում էր իր ամենամեծ հաջողությունը, քանի որ կարողացավ տոն նվիրել հարազատ ժողովրդին և ոսկե տառերով գրել իր անունը հայկական ֆուտբոլի պատմության մեջ։

Նա դա միայնակ չի արել. խաղադաշտում խաղում էին ականավոր ֆուտբոլիստներ, նրանց կողքին աշխատում էին օգնականներ, թիմի թիկունքին կանգնած էր ամբողջ քաղաքը։ Սակայն հենց Սիմոնյանն էր նրա գլխավոր մարզիչը պատմական հաղթանակի տարում։ Այդ ժամանակվանից մարզիչն ու ֆուտբոլիստները դարձան մի ընտանիք. չկար մի տոն, որ նրանք չզանգահարեին և չշնորհավորեին միմյանց։

Այնուհետև եղավ գլխավոր մարզչի աշխատանքը ԽՍՀՄ հավաքականում 1977-1979 և 1980-1981 թվականներին։

1998 թվականի դեկտեմբերին Սիմոնյանն ընտրվեց Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) փոխնախագահ, ավելի ուշ նա դարձավ առաջին փոխնախագահը և ՌՖՄ-ի տեխնիկական կոմիտեի ղեկավարը։ Մինչև իր կյանքի վերջին օրը Նիկիտա Պավլովիչը աշխատանքի էր գնում, նրա մոտ խորհրդի էին գալիս բաժինների բոլոր ղեկավարները, հավաքականների մարզիչները և շարքային աշխատակիցներ։ Նա ընդունում և լսում էր բոլորին։ Փոխվել էին թիմերը, մրցաշարերը, սերունդները, չէր փոխվել նրա վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Զրույցի ժամանակ նա հիշում էր անուններ, վեճերի ժամանակ կարողանում էր լսել զրուցակցին, իսկ սեփական հաղթանակների մասին խոսելիս միշտ վերադառնում էր նրանց, ովքեր օգնել էին իրեն ամենասկզբում։ Նիկիտա Պավլովիչն առանձնանում էր իր բարեկրթությամբ, զարմանալի խորաթափանցությամբ և արդարության խոր զգացումով։ Նիկիտա Պավլովիչի կարծիքը ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ ֆուտբոլային համայնքում ընդունվում էր որպես միակ արդարացին։

Առանձնահատուկ ջերմությամբ և ուշադրությամբ էր Նիկիտա Պավլովիչը վերաբերվում մանկական ֆուտբոլին: 2007 թվականին Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ընտրվեց «Կաշվե գնդակ» ֆուտբոլի համառուսաստանյան մրցաշարի նախագահ: Ամեն տարի նա բացում և փակում էր այս տպավորիչ մրցաշարը: Երբեք չի մերժել և որպես պատվավոր հյուր մասնակցել է ֆուտբոլի մանկական բազմաթիվ մրցաշարերի և տոների:

Բացի խորհրդային և ռուսական անթիվ պարգևներից՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը պարգևատրվել է նաև Հայաստանի բարձրագույն պարգևով՝ Մովսես Խորենացու շքանշանով, ֆուտբոլի միջազգային բարձրագույն պարգևով՝ ՖԻՖԱ-ի շքանշանով՝ համաշխարհային ֆուտբոլում ունեցած մեծ ներդրման համար, ինչպես նաև բարձրագույն մարզական պարգևով՝ օլիմպիական շքանշանով՝ օլիմպիական շարժման մեջ ունեցած ներդրման համար, և միջազգային հեղինակավոր «Արդար խաղի» (Fayer Play) մրցանակով՝ դառնալով այս մրցանակին արժանացած միակ խորհրդային և ռուս ֆուտբոլիստը։

Իր 99-ամյակի նախօրեին Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին շնորհվեց Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչումը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Նիկիտա Պավլովիչի համար անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություն էր այն, որ նրա վաստակը գնահատվեց ըստ արժանվույն։

Դեկտեմբերի 4-ին Նիկիտա Պավլովիչը պետք է Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահից ստանար Աշխատանքի հերոսի աստղը, սակայն չապրեց մինչև այդ հանդիսավոր պահը, շատ քիչ էր մնացել դրան։ Նրա կյանքն ընդհատվեց 2025 թվականի նոյեմբերի 26-ին՝ կյանքի 100-րդ տարում։

Ամբողջ մարզական աշխարհը խոր վշտով սգաց նրա մահը, ցավակցական հեռագրեր էին գալիս բազմաթիվ երկրներից։ ՖԻՖԱ-ի շտաբ-գրասենյակում մի քանի օր իջեցված էր դրոշը։ Ֆուտբոլիստներն ու երկրպագուները լռության րոպեով հարգեցին Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական բոլոր մրցաշարերի, Հայաստանի առաջնության, ինչպես նաև Իտալիայի A սերիայի և Անգլիայի պրեմիեր լիգայի մրցախաղերի ժամանակ։ Վանկուվերում անցկացվող ՖԻՖԱ-ի կոնգրեսը սկսեց իր ժողովը լռության րոպեով՝ ի հիշատակ ականավոր մարզիկի, մարզչի, ֆուտբոլի գործչի և մեծ մարդու՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի։

Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտի տրիբունաներից մեկը անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի անունով։

2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակի օրը, Մոսկվայում կանցկացվի նրա անունով «Ֆուտբոլը միայն խաղ չէ» («Футбол не только игра») առաջին միջազգային մրցանակաբաշխությունը, որը կդառնա ամենամյա և կհավերժացնի Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անունը։ Ինը անվանակարգերում կնշվեն այն մարդկանց անունները, որոնք, չլինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, մեծ ավանդ են ներդրել գեղեցիկ մարզաձևի տարածման գործում, որին Նիկիտա Պավլովիչն անվանում էր «Նորին մեծություն ֆուտբոլ»։

Նիկիտա Պավլովիչն իր ժողովրդի արժանավոր զավակն էր. նա միշտ ասում էր, որ իրեն համարում է 100 % հայ և 100 % ռուս: Իր գործերով և գործողություններով նա բազմիցս ապացուցել է, որ անսահման նվիրված է Ռուսաստանին և Հայաստանին: Վերջին տարիներին Նիկիտա Պավլովիչը շատ էր մտահոգված իր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով, մեր յուրաքանչյուր զրույց սկսվում էր այս հարցով. «Պատմիր, խնդրում եմ, ի՞նչ է հիմա կատարվում Հայաստանում»: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկիտա Պավլովիչն ակտիվորեն մասնակցել է Արցախի համար օգնություն հավաքելուն: 2025 թվականին, երբ սկսվեցին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, նա բաց նամակ հրապարակեց՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի: Նրա համար սա կարևոր և խորապես անձնական ցավ էր:

Նիկիտա Պավլովիչը (ծնված՝ Մկրտիչ Պողոսի) Սիմոնյանը այն մեծ հայերից մեկն է, ովքեր մեր ազգի սեփականությունն են։

Արթուր Սողոմոնյան

 

Լուսանկարում՝

Նիկիտա Պավլովիչը դստեր՝ Վիկտորյայի և հոդվածի հեղինակ ու մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի հետ

Լեգենդար Պելեի հետ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի հետ, Մոսկվա, 1973 թ. հոկտեմբերի 10

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Նիկիտա Սիմոնյանը գրոհի ժամանակ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ