ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել
Քրեական«Իրավունքը» շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր ոլորտներին առնչվող, քաղաքացիները հույս ունեն, որ մամուլի միջոցով գուցե պատկան մարմինները, մեղմ ասած, տեղներից կշարժվեն եւ իրենց օրենքով վերապահված գործառույթներով կկանգնեն քաղաքացու ու նրա խնդրի կողքին։
Այս անգամ մեզ է դիմել մեղվաբույծ Մ. Սարգյանը, ում բնակարանը կողոպտել են մեկ ամիս առաջ, ու մինչ օրս բացի արձանագրելուց որեւէ փաստացի գործ չի արել Մալաթիայի Քննչականը՝ քննիչ Ս. Սահակյանի գլխավորությամբ, մեղվաբույծ կնոջ տունը թալանողին բացահայտելուն ու համապատասխան պատասխաանտվության ենթարկելու համար։
Գանք սկցբից, մասնավորապես Մ. Սարգյանի խոսքերով.
-Մեր տան բնակարանային կողոպուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի գիշերը, լույս 5-ի առավոտյան՝ 05.09.2026 թվականի։ Բացահայտել ենք սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամը 18:40-ի մոտակայքում։ Զանգահարել ենք ոստիկանություն, դեպքի վայր են ժամանել ոստիկանությունից քննիչը, քրեագետը և օպերները։ Դրանից հետո մեզ պետք է կանչեին ոստիկանության բաժին հաղորդում վերցնելու։ Սակայն մեկ շաբաթ շարունակ չկանչեցին, պետք է կանչեին իրենց ասելով մեկ շաբաթվա ընթացքում, չկանչեցին մեկ շաբաթ շարունակ։ Ստիպված ես ութ օր հետո գնացի ոստիկանության բաժանմունք, պահանջելով, որպեսզի տեսնեմ քննիչին, ինձ ասացին, որ քննիչը տեղում չի, հարցրեցի՝ երբ կգա, ասացին՝ չգիտեն, խնդրեցի զանգել, հրաժարվեցին զանգել քննիչին, մի քանի անգամ պահանջելուց հետո ստիպված զանգեցին քննիչին։ Քննիչը խոսաց հեռախոսով բաժնի աշխատողների հետ։ Հեռախոսով խոսակցության ընթացքում կողքից լսեցի, որ քննիչը ասում էր. «Ես այստեղ եմ, բայց տվյալ անձնավորությանը, այսինքն՝ ինձ չասեն այդ մասին և ասեն, որ ինքը այդտեղ չի»։ Երեկոյան ժամեր, մոտավոր ժամը 17:00-ի սահմաններում, ինձ ասացին այդ բանը, ես ասացի՝ կսպասեմ, բայց չգիտեինք՝ երբ կգա, ստիպված թողեցի, հեռացա։ Դրանից մեկ օր հետո զանգահարեցին ինձ, ասացին՝ հաջորդ օրը կարող են ինձ ընդունել հաղորդում վերցնելու նպատակով։
Մեղվաբույծ կինը վրդովված փաստում է.
- Իրավապահ համակարգի հետ իմ շփումը վերածվել է փակ շրջանի, որտեղ ամեն քայլափոխի բախվում եմ անտարբերության, անհասանելիության և բացահայտ անգործության։ Գործով զբաղվող օպերատիվ աշխատակիցներն ինձ որևէ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում՝ սահմանափակվելով միայն «աշխատում ենք» ձևական պատասխանով։ Ավելին, նրանց հետ կապ հաստատելն արդեն իսկ լուրջ խնդիր է. զանգերիս պատասխանում են հազվադեպ, հաճախ պատճառաբանում, թե աշխատանքի չեն կամ հարմար չէ, խոստանում են հետ զանգահարել, սակայն այդպես էլ չեն զանգում։ Հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունները նույնպես պարբերաբար խախտվում են․ նրանք պարզապես չեն ներկայանում նշանակված հանդիպմանը, ինչից հետո օրերով դադարում են պատասխանել զանգերիս։
Նույնքան անհասանելի է նաև նախաքննությունն իրականացնող քննիչը։ Վերջինս հրաժարվեց ինձ տրամադրել իր բջջային հեռախոսահամարը՝ պահանջելով կապ հաստատել բացառապես քաղաքային հեռախոսահամարով՝ հավաքելով իր կաբինետի ներքին համարը։ Սակայն այդ ճանապարհով քննիչին գտնելն ուղղակի անհնար է․ զանգերս մնում են անպատասխան, կամ փոխանցվում են հարևան կաբինետներ, որտեղից աշխատակիցները միայն խոստանում են փոխանցել իմ խոսքը, բայց որևէ հետադարձ կապ այդպես էլ չի ապահովվում։
Այս ամբողջ ընթացքում քննիչի հետ ինձ հաջողվել է հաղորդակցվել ընդամենը մեկ անգամ։ Իմ փոխանցած կարևոր տեղեկատվությունն արձանագրելուց հետո քննիչը խոստացավ ճշտել մանրամասները և կապ հաստատել ինձ հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար։ Այդ զրույցից անցել է արդեն մոտ երեք շաբաթ, սակայն նա ոչ զանգահարել է, ոչ էլ որևէ տեղեկատվություն է տրամադրել։
Այս ամենը ինձ հիմք է տալիս պնդելու, որ առկա է ոչ միայն պատշաճ հաղորդակցման բացակայություն, այլև քննիչի ու օպերատիվ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու և ինձ՝ որպես քաղաքացու, տեղեկացնելու ցանկության իսպառ բացակայություն։
Մեր զրուցակիցը արդարացիորեն բարձրաձայնում է.
- Երբ ազնիվ աշխատանքով ապրող քաղաքացին բախվում է անօրինականությանն ու օգնություն հայցում պետությունից — այն համակարգից, որի բուն առաքելությունը իրեն պաշտպանելն է, — հանդիպում է կատարյալ, սառնասիրտ անտարբերության պատի։
Երբ ազնիվ աշխատանքը մնում է անպաշտպան, հարց է առաջանում․ ում՞ համար է գործում համակարգը։
Վերջում դիմելով Քննչական կոմիտեին մեղվաբույծ տիկինը պահանջում է.
- Պահանջում ենք ապահովել օբյեկտիվ, բազմակողմանի ու արդյունավետ քննություն՝ վերջ տալով ձևական մոտեցումներին և ապահովելով օրենքով սահմանված կարգով հանցագործության բացահայտումը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

