Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ Մոսկվան, ի դեմս փոխվարչապետ Օվերչուկի, հերթական անգամ հայտարարեց, թե ռուսական կողմը պատրաստ է վերականգնել հայաստանյան երկաթուղու սահմանային հատվածները, այն է` Գյումրիի եւ Երասխի հատվածում սահմանային անցակետերին մոտեցման հատվածները, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշեց գնալ հերթական սրացմանը: Ամեն դեպքում, նրա` նախօրեին ելույթը նման ցուցադրական տարրեր պարունակում էր:
ՈՒ ՆՈՐԻՑ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹԵՄԱՆ
Այսպես, Փաշինյանը շարունակում է Ռուսաստանից հայաստանյան երկաթուղային համակարգի կառավարման կոնցեսիան վերցնելու տեսլականը: Այն բանից հետո, երբ Մոսկվան միանշանակ հայտարարեց, թե չի պատրաստվում կոնցեսիան զիջել որեւէ երրորդ կողմի, Փաշինյանին մնում էր երկու տարբերակ` ընդունել այդ փաստը կամ միակողմանիորեն խզել կոնցեսիոն պայմանագիրը: Եվ ահա նա հայտարարում է, թե. «Վերջնագրային լեզուն միջազգային հարաբերություններում լավ բան չէ։ Կառավարությունն ունի գործիք, նույնիսկ՝ հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու։ Իրավական հիմքերի խնդիր չկա, խնդիրը քաղաքական որոշման մեջ է»:
Բացատրությունը, որ նա շարունակում է դնել ռուսներին կոնցեսիայից զրկելու այդ ծրագրի տակ, նույնն է` պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար: Այն, ինչ նա հայտարարում էր դեռ այս տարվա կեսերին. «Քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է, եւ Ռուսաստանը բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի Արեւմուտքի երկրների հետ, արեւմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցեն դա»: Նաեւ հիմնավորելով, որ սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի եւ երկաթուղու բացումը, եւ` «Արեւելքից` արեւմուտք ապրանքների հոսքն այնքան մեծ է, որ ես համոզված եմ, որ մեր երկաթուղին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու է եւ մեծ գումարներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը»:
Միգուցե տնտեսական իմաստով Նիկոլի ասածի տակ հնարավոր է ինչ–որ տրամաբանություն տեսնել: Միայն թե, եթե անգամ ընդունենք, որ տրամաբանություն կա, այդ հարցը մինչ տնտեսականին, այն է` այդ տրամաբանության հիմքին հասնելը, նաեւ մեծ քաղաքական բաղադրիչ ունի:
Կարճ ասած, թե այդ ինչ «մեծ բեռնահոսքերի» մասին է խոսել եւ խոսում, դեռ հարցի մի կողմն է, որին կհասնենք: Այս պահին փաստը հետեւյալն է. չնայած բոլոր խոսակցություններին, Հայաստանն այդպես էլ չունի Թուրքիայի հետ բաց սահման: Այս մասին խոսվում է արդեն տարիներ շարունակ, եւ այդ ամբողջ ժամանակահատվածում օրակարգում է մնում թուրքական հայտնի նախապայմանը` քանի դեռ չկա հայ–ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը», սահմանները չեն բացվելու: Ընդ որում, այդ մասին Թուրքիան հայտարարում է պարբերաբար, եւ գոնե այս պահին չկա որեւէ տեսանելի ազդակ, որ Անկարան կարող է իր կուրսը փոխել:
Իսկ «խաղաղության պայմանագիրը», հիշեցնենք, մնացել է կախված ադրբեջանական նախապայմանից` Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Այն է, քանի դեռ չի փոխվել Սահմանադրությունը եւ այնտեղից դուրս չի բերվել Հայաստանի ներկա հանրապետության հիմք դարձած «Անկախության հռչակագիրը», չի ստորագրվելու նաեւ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը: Այս իրողությունը կա արդեն մի քանի տարի, եւ տվյալ դեպքում եւս տեսանելի չէ որեւէ ազդակ, որ այդ դրվագը կարող է փոխվել:
Հասնում ենք հաջորդ կետին. իսկ Նիկոլը պատրա՞ստ է այդ սահմանադրական փոփոխության հանրաքվեին: Ընդ որում, ո՞րն է նրա երաշխիքը, որ դա ժողովուրը կընդունի: Հաշվի առնելով թեկուզեւ վերջին ընտրություններում նրա ստացած 50 տոկոսից պակաս քվեն, նաեւ, թե ինչ մեթոդներով նա կարողացավ հասնել դրան, առնվազն կասկածներ կարող են լինել, որ Սահմանադրությունը փոխելու հարցով Փաշինյանի առաջարկը դրական ելք կունենա: Ըստ այդմ, առնվազն կասկածելի է նաեւ, որ նրա «Խաղաղության պայմանագիրը», ի վերջո, կկնքվի, ըստ այդմ նաեւ, որ հայ–թուրքական սահմանը կբացվի: Այսինքն, որ «արեւելքից` արեւմուտք ապրանքների մեծ հոսքը» կանցնի հայաստանյան երկաթուղային համակարգով, գոնե այս պահին մեծ կասկածների տակ է թվարկված բոլոր գործոնների պատճառով: Եթե թվարկված երեք դրվագներից մեկում բան կփոխվի, այն է` Նիկոլը կկարողանա դրական արդյունքով հանրաքվե անցկացնել, իսկ չանցկացնելու դեպքում Թուրքիան կամ Ադրբեջանն իրենց նախապայմաններից կհրաժարվեն, արդեն այլ խոսակցություն կլինի: Այս պահին, կրկնենք, կան այդ նախապայմանները, որոնց առկայության դեպքում «արեւելքից` արեւմուտք ապրանքների հոսքերի» մասին բոլոր խոսակցությունները զրոյանում են, անկախ այն բանից` դրանց տակ տնտեսական տրամաբանություն կա, թե` ոչ:
ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՆ ՑԱՅՏՈՒՆ ՕՐԻՆԱԿ ԴԱՐՁԱՎ
Այսպիսով, առնվազն «տարօրինակ» տեսք է ստանում, որ Փաշինյանը, առանց սահմանի բացման հիմնական խնդիրները լուծելու, այն է` դեռ «ձուկը ջրում», փորձում է չեղած «մեծ բեռնահոսքերը» եւ ռուսների դեմ պատժամիջոցները հիմք սարքելով, Մոսկվայից պահանջում է հրաժարվել կոնցեսիայից: Էլ չասած, շատ ավելի ռեալ կլիներ, եթե Նիկոլը նախ կարողանար լուծել մյուս խնդիրները եւ միայն դրանից հետո Մոսկվայի առաջ դներ փաստը, թե` այ, ռուսներ ջան, էս է, բեռները հասել են Հայաստանի սահմանին, ձեր պատժամիջոցների պատճառով մեծ փողերից է Հայաստանը զրկվում, եթե այլընտրանքային առաջարկ չունեք, ապա կներեք, բայց մենք չենք կարող նման եկամուտներից հրաժարվել: Նման փաստարկների դեպքում նաեւ Մոսկվան իրեն «գցված» զգալու տարբերակ չէր ունենա, եւ ամբողջ խոսակցությունը կարող էր Հայաստանի համար միանգամայն այլ տրամաբանական հունով զարգանալ:
Բայց երբ Նիկոլը գնում է հակառակ տրամաբանությամբ` «մեծ բեռների» մասին որեւէ ռեալ փաստարկ չդնելով, միանգամից կոնցեսիայի պայմանագրին է փորձում հարվածել եւ նման համառությամբ, ապա բնական է, որ դա Մոսկվան համարում եւ համարելու է ընդգծված հակառուսական քայլ` քաղաքական շարժառիթներից ելնելով: Կարճ ասած` թշնամություն: Ընդ որում, ինչքան էլ Նիկոլը փորձի ասել, թե հակառուսական քայլեր չի անում, եւ իր գործողությունները բացառապես Հայաստանի շահերի տիրույթում է:
Այսինքն, ամբողջ խնդիրը միանգամից տեղափոխվում է այլ հարթություն: Այն է` իրականում է՞լ «կառավարությունն ունի գործիք, նույնիսկ՝ հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու», եւ «իրավական հիմքերի խնդիր չկա», թե՞ նման միակողմանի չեղարկումը իրավական իմաստով մեր երկրի համար եթե ոչ այսօր, ապա առնվազն վաղը չափազանց ծանր է նստելու: Այս հարցի պատասխանը, իհարկե, կապված է բուն կոնցեսիոն պայմանագրի կոնկրետ դրույթների հետ, այսինքն` թողնենք մասնագետներին: Թեեւ մյուս կողմից, քիչ հավանական է, որ այդ կարգի միջպետական պայմանագրերում, որոնք նաեւ նախատեսում են բազմամիլիոնանոց ներդրումներ, հնարավոր շահույթներ եւ երաշխիքներ, նախատեսված են նաեւ միակողմանիորեն դրանք չեղարկելու` «մարսելի» ընթացակարգեր:
Սակայն կա այս մեդալի հակառակ երեսը եւս, որը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է: Այսպես, որքան էլ Նիկոլը խոստանա «մեծ բեռնափոխադրումներ» եւ այդ հիմքով` «հսկայական եկամուտներ», մեկ է, եթե երկաթուղու հետ կապված նորից սրվեն, ավելի կոնկրետ` թշնամանքի շեմն անցնեն հայ–ռուսական հարաբերությունները, ապա այդ «մեծ բեռները» մեզ չեն փրկելու: Մեկ պարզ օրինակ. այն, որ Հայաստանում բենզինի եւ հատկապես դիզվառելիքի գները նորանոր ռեկորդներ են սահմանում, բոլորիս աչքի առաջ են (Գրաֆիկում): Ու այստեղ պատճառը ոչ թե հիմնականում միջազգային շուկաներում նավթի գների աճն է, այլ այն, որ էապես կրճատվել է Ռուսաստանից ներկրվող վառելիքի մասնաբաժինը: Սա օբյեկտիվ պատճառ ունի. բուն Ռուսաստանում կա վառելիքի խնդիր: Ըստ այդմ, հայաստանյան ներկրումը ստիպված է եղել ուղղորդվել դեպի այլ շուկա, եւ ստացել ենք հավելյալ ծանր թանկացում:
Իհարկե, ռուսական վառելիքի շուկան, ի վերջո, կկարգավորվի. եթե ոչ այսօր, ապա վաղը: Դա, եթե քաղաքական իմաստով բան չփոխվի, կանդրադառնա նաեւ մեր ներքին գների վրա: Իսկ եթե քաղաքական իմաստով բա՞ն փոխվի...
Վառելիքի շուկայի այս պատկերը ցայտուն ցուցադրում է, թե ինչ էֆեկտ կունենա Հայաստանը, եթե մի շարք ռազմավարական ապրանքատեսակների հարցում ռուսականից տեղափոխվի այլ շուկաներ: Եթե բենզին–դիզվառելիքի օրինակով այս պահին օբյեկտիվորեն ենք կտրվել ռուսական շուկայից, ուրեմն ի՞նչ կլինի, եթե մասնավորապես գազի, ցորենի, պարարտանյութերի եւ նման այլ ապրանքատեսակների մասով քաղաքական իմաստով կտրվենք ռուսական շուկաներից: Պատասխանը պարզ է` ամենաքիչը 10–15 տոկոսանոց հավելյալ թանկացումներ, որոշ ապրանքատեսակների գծով` շատ ավելին: Ընդ որում, խոսքն ապրանքատեսակների մասին է, որոնք մեր ներքին շուկայում հանդիսանում են գնագոյացման վրա ազդող, այսինքն, դրանց ուղիղ թանկացումները բերելու են ներքին շուկայում անուղղակի թանկացումների: Այնպես, ինչպես, օրինակ, դիզվառելիքի թանկացումը միանգամից ազդելու է գյուղատնտեսության, խոշոր բեռնափոխադրումների վրա եւ այլն: Սրանք այն ուղղություններն են, որոնք իրենց հերթին են ազդելու տարբեր այլ շուկաների վրա: Կարճ ասած, ռուսական այդ ապրանքատեսակներից կտրվելը Հայաստանին խոստանում է ամենահամեստ գնահատումներով 25 տոկոսի կարգի հավելյալ ներքին թանկացում: Ու ամենաքիչը հենց դա է լինելու այն գինը, եթե Նիկոլը գնա Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական թշնամացման ուղղությամբ:
Ինչեւէ, այս օրերին Թուրքմենստանում են ԱՊՀ երկրների ղեկավարները, այդ թվում` Պուտինը, Փաշինյանը, Ալիեւը եւ այլն: Թող տարօրինակ չթվա, բայց մասնակցելու է նաեւ Իրանի նախագահը: Այսինքն, հետաքրքիր բաներ կարող են լինել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
