ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան
Ներքաղաքական բովանդակային անհասկանալի պասիվության, խորհրդարանում տեղի ունեցած ծեծռտուքի եւ Փաշինյան-Պուտին սպասվող հնարավոր հանդիպման մասին «Իրավունք»-ը զրուցեց քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
«ՁԵՌՆԱՄԱՐՏԵՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՀԱՏԿԱՊԵՍ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ»
— Նոր գումարման խորհրդարանում կրկին տեսնում ենք հրմշտոց, քաշքշուկ, ծեծկռտուք եւ փոխադարձ վիրավորանքներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, երբ մանդատավոր ընդդիմությունն իրական խնդիրները, գլոբալ հարցերը թողած՝ կարծես անձնական հարցեր է լուծում:
— Դա Հայաստանի քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին բնորոշ վարվելակերպ է, որը արդեն 2021 թվականից բնորոշ գործելաոճ է դարձել Ազգային ժողովում՝ ձեռնամարտեր, որոնք ոչ մի բան չեն տալիս, հատկապես ընդդիմությանը։ Անիմաստ կռիվներ են եւ վերջ։ Դա ընդամենը տեսարան է ապահովում: Ճիշտ մեկնաբանեցիք, այդտեղ չկա ոչ մի գլոբալ հարց, կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ:
— Սահմանը հատած ադրբեջանցի դասալիքի վերաբերյալ ի՞նչ կասեք։ Հայաստանի իշխանությունն ի՞նչ պետք է աներ՝ անհիմն արդարացումներ փնտրելու փոխարեն։
— Նախքան ինչ անելը, պետք է շատ ուրիշ բաներ աներ, որպեսզի այսօր կարողանար ուրիշ կերպ վարվել, բայց քանի որ ժամանակին ոչ մի բան չի արել, բնականաբար, այսօր ունենք այն արդյունքը, որ սուս ու փուս զինվորին վերցնելու են ու տան ադրբեջանական իշխանություններին: Վե՛րջ, ուրիշ ոչ մի բան չի կարող անել ՀՀ իշխանությունը:
Ժամանակին պետք էր Արցախը չհանձնել, պետք էր ուժեղ բանակ, ուժեղ տնտեսություն ունենալ: Այդ դեպքում նման բան չէր լինի: Բայց քանի որ դրանք չեն եղել, հիմա արդեն դու ոչ մի բան չես կարող անել: Սուս ու փուս վերցնելու ես, տանելու ես տաս Ադրբեջանին, որովհետեւ, եթե հանկարծ չվերադարձրիր, ադրբեջանական բանակը, որն այս պահի դրությամբ շատ ուժեղ է, իսկ Հայաստանի զինված ուժերը եւ սահմանապահ ծառայությունները բավականին թույլ են, կգան ու քո զինվորին կտանեն: Հետո կասի՝ դե հիմա էլ իրենք են եկել իմ տարածք ու մոլորվել, փոխանակում եմ քո զինվորին։ Իսկ Հայաստանում ադրբեջանցի գերի չկա փոխանակելու համար։ Ադրբեջանն այնքան է իրեն հզոր համարում, որ հնարավորություն է տվել ադրբեջանցի այդ զինվորին մի 10 կմ քայլելով գալ, մտնել ինչ-որ շարքային գյուղ:
— Բացառո՞ւմ եք, որ Հայաստանը փոխանակում կկատարի՝ գոնե վերադարձնելով մեր ռազմագերիներից մեկին։
— Փոխանակելու հնարավորություն չկա: Եթե Ադրբեջանն ինքը կամավոր համաձայնեց, փոխանակում կլինի, եթե չհամաձայնեց, չես կարող պահանջել փոխանակում։ Չունես այդ հնարավորությունը։
«ՉԿԱ ՈՐԵՎԻՑԵ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ»
— Պարոն Բադալյան, պետք է կայանա Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ի՞նչ սպասենք այդ հանդիպումից։
— Կախված նրանից, թե Հայաստանի վարչապետն ի՞նչ գումար կունենա ձեռքին: Եթե հանդիպումից առաջ ունենա 2 միլիարդ դոլար կամ 2 միլիարդ դոլարի ամուր խոստում, հանդիպումը ուրիշ ընթացք կունենա, եւ հանդիպման արդյունքն էլ ուրիշ կլինի։ Եթե չունեն այդ գումարը, արդյունքը բոլորովին այլ կլինի։ Այսինքն՝ դա կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունը Եվրամիությունից փող կունենա, թե չի ունենա։
Եվրամիությունը խոստացել է Հայաստանի ղեկավարությանը, որ կտա 2 միլիարդ դոլար: Դրանից է կախված, թե Հայաստանի վարչապետը, կոպիտ ասած, գրպանում ինչքան փող ունի, ըստ այդ փողի քանակի ծավալի կարող է խոսել Պուտինի հետ: Այս պահի դրությամբ, ինչպես տեսնում ենք, ԵՄ-ի խոստացած գումարը չկա:
— Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում՝ բացի իրար քաշքշելուց:
— Հայաստանի քաղաքական դաշտում այս պահի դրությամբ ոչ մի կարեւոր բան չկա, բացի սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպումից։ Ուրիշ որեւիցե հետաքրքիր գործընթաց, որպես այդպիսին, չկա: Ոչ էլ իրենից հետաքրքրություն է ենթադրում, այսպես կոչված, ՏԻՄ ընտրությունները, որին անիմաստ է մասնակցելը, ինչպես ուղղակի անիմաստ գործընթաց է Ազգային ժողովում կռիվն ու ծեծուջարդը: Ամբողջապես լճացում է։
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԱԾ Է, ՄՆԱՑԱԾԸ ՊԵՏՔ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻ
— Չե՞ք կարծում, որ սա ընդդիմության մեղավորությունն է։ Օրեր առաջ Փաշինյանը կրկին ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը նվեր է իրենց համար:
— Իհարկե, ընդդիմության մեղավորությունն է, եւ Փաշինյանը ճիշտ է ասում։ Ինչ ուզում, ինչպես ուզում իշխանություններն անում են, իսկ ընդդիմությունը ոչ մի բան չի անում կամ չի ուզում անել։ Հույս ունի, որ ժողովո՞ւրդը պետք է անի: Ժողովուրդն իր դերը կատարել է, հունիսի 7-ին գնացել է ընտրությունների եւ ՔՊ-ին զրկել է սահմանադրական մեծամասնությունից: Վե՛րջ:
Ժողովուրդը մինչեւ մյուս ընտրությունների քվեարկության օրը, էլ ոչ մի բան ի վիճակի չի անելու։ Բայց, չգիտես ինչու, բոլորն աում են՝ ժողովուրդը քնած է, պետք է արթնանա, սթափվի, ոտքի կանգնի: Հարգելի ժողովուրդը ո՛չ քնած է, ո՛չ անսթափ, ո՛չ էլ գետին պառկած է։ Շատ արթուն է, սթափ է եւ ոտքի կանգնած է, ուղղակի, իր պոտենցիալը դա է՝ ինքը կարող է գնալ եւ քվեարկել: Մնացածը պետք է ընդդիմությունն անի, ինչը չի անում։
— «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Ղրիմը չեն ճանաչում Ռուսաստանի կազմում։ Հետո ասացին, որ իբր վերնագրի խնդիր է եղել ու այլն: Բայց նույնիսկ այդ դեպքում ընդդիմությունը ոչ մի տեսակի դիրքորոշում չկարողացավ հայտնել այս հարցի շուրջ: Ինչպե՞ս սա հասկանալ։
— Դրա համար էլ ընդդիմությունն արտաքին քաղաքական աջակից չունի։ Բա եթե դու դիրքորոշում չես հայտնում, աշխարհաքաղաքական կենտրոնները քեզ ինչո՞ւ պետք է աջակցեն։ Իրանի հետ կապված էլ դիրքորոշում չունեն։ Երբ մեր կողքի հարեւան երկրում՝ Իրանում, Միացյալ Նահանգները ռմբակոծում էր, ընդդիմությունն ինչ-որ դիրքորոշում հայտնե՞ց։ Ո՛չ։ Բա ինչի՞ պետք է Իրանը իրենց աջակցի։ Միակողմանի չի լինում ոչինչ։ Եթե դու քեզ համարում ես դաշնակից, պետք է դիրքորոշում հայտնես՝ հստակ, կոնկրետ։ Օրինակ, ասես՝ ես դատապարտում եմ այսինչը, կամ ես չեմ դատապարտում, կամ ինձ համար մեկ է: Իսկ երբ դու լռում ես, դա էլ է դիրքորոշում։ Իսկ դա նկատվում է, եւ համապատասխան եզրակացության են գալիս: Իսկ այդ եզրակացությունները վերածում են գործողությունների: Հետեւապես, նրանք էլ մտածում են՝ քեզ աջակցե՞ն, թե՞ ոչ: Դու էլ սուս ու փուս գնում ես Ազգային ժողով, եռամսյակը մեկ ծեծ ես ուտում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ