ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ
ՍպորտՎերջերս Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը հանդես են եկել Հայաստանի ներկայացուցիչները։ Մեր ընտրանին երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է գրավել, իսկ մինչև 15 տարեկանների ընտրանին 6-րդն է։ Երկաթաձողի մեր մարզիկները ընդհանուր /մեծ ու փոքր /նվաճել են 7 ոսկե, 12 արծաթե, 7 բրոնզե մեդալ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու զրուցել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած, Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեցի 112 կգ, 119 կգ և 122 կգ կշռող ծանրաձողերը։ Այս վարժությունում դարձա ոսկե մեդալակիր։Հրում վարժությունում գլխավերևում պահեցի 140 կգ, 146 կգ կշռող ծանրաձողերը, այս ձևում ևս դարձա ոսկե մեդալակիր։ Երկամարտի 268 կգ արդյունքով նվաճեցի Մ15 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
- Առաջին անգամ էիր մասնակցում նման կարևորագույն ստուգատեսի և միանգամից ոսկե մեդալով վերադարձար հայրենիք։
- Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ դժվարանում եմ պատմել բառերով։ Իսկապես, շատ էի ուրախացել այն պահին, երբ իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը, և Եռագույն դրոշը ծածանվեց, դա մի պահ է, որը կյանքում երբեք չեմ կարող մոռանալ։ Հաղթանակս նվիրում եմ հարազատներիս, մարզիչներիս, հայ ազգին, մեր զինվորներին, մաղթելով խաղաղ ծառայություն։
- Տիգրան, ինչպես սկսեցիր ծանրամարտի հաճախել։
- 8 տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ինձ տարավ մարզադպրոց։ Ի դեպ, ասեմ, որ մեր ընտանիքում ես միակը չեմ, որ մարզիկ եմ, եղբայրս Հարությունը, ևս ծանրորդ է, նա էլ բրոնզե մեդալ նվաճեց այս Եվրոպայի առաջնությանը պատանիների հավաքականի կազմում։ Նշեմ, որ շատ լավ մարզավիճակում էի գտնվում, մրցաշարին շատ լավ էինք պատրաստվել։
Երազանքս է Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը։
- Հետաքրքիր է, ում ես համարում որպես լեգենդար ծանրորդ։
- Վրացի անպարտելի համարվող Լաշա Տալախաձեին, նա, ի դեպ, կրկին վերադառնալու է մեծ սպորտ և մասնակցելու է հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Աղջիկների Մ15 տարեկանների և պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էլ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց.
- Իմ սաները կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, Մ15 տարեկանների ԵԱ-ի աղջիկների պայքարում Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ, գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ, 97 կգ կշռող ծանրաձողերը Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 110 կգ և 115 կգ։ Այս ձևում նա երկրորդն էր։ Երկամարտի 212 կգ արդյունքով Նարեն դարձավ Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Հուսով եմ, որ աղջիկների հավաքականում համալրում կունենանք, որպեսզի հետագայում կարողանանք ավելի հաջող հանդես գալ։ Պատրաստեց
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ