500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ

Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Մշակութային

Մոսկվայի Ազգերի պետական թատրոնը «Մեկ լուսանկարի պատմություն»-ը ներկայացրեց High Fest 24-րդ միջազգային կատարողական արվեստների փառատոնի շրջանակում։ Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչ ԵԼԻԶԱՎԵՏԱ ԲՈՆԴԱՐԻ հետ։ «Մեկ լուսանկարի պատմությունը» նրա երկրորդ բեմադրությունն է Ազգերի թատրոնում՝ «Մակբեթից» հետո։

Ի դեպ, Մոսկվայի Ազգերի պետական թատրոնը, որի պատմական շենքը կառուցվել է 1885 թվականին, այսօր ռուսական թատերական կյանքի կարեւոր մշակութային հարթակներից է։ Թատրոնի զարգացման նոր փուլը սկսվել է 2006 թվականին՝ գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի գլխավորությամբ։

Ելիզավետա Բոնդարի «Մեկ լուսանկարի պատմություն» ներկայացման պրեմիերան կայացել է «Գորկի+» արվեստի փառատոնի շրջանակում։ Այն պատմում է ժամանակակից մի զույգի՝ ռեժիսորի եւ դրամատուրգի մասին, որոնք բաժանումից հետո կրկին հանդիպում են՝ միասին ներկայացում ստեղծելու համար։ Որպես պատմության հիմք՝ նրանք ընտրում են մի լուսանկարչի ճակատագիրը, որը ողջ կյանքում երազել է լուսանկարել Մաքսիմ Գորկուն, սակայն մեծ գրողին հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 1929 թվականին, Սոլովկի տանող ճանապարհին։

Գորկու կենսագրության այս դրվագը ներկայացման հեղինակների համար դառնում է ավելի լայն հարցադրումների առիթ՝ ինչո՞ւ գրողը, երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո, վերադարձավ ԽՍՀՄ։

«ԱԶԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆ ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԻՄ ՏՈՒՆՆ Է»

— Ի՞նչն է Ձեզ հատկապես գրավում Ազգերի պետական թատրոնում, եւ ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը։

— Ազգերի թատրոնը Մոսկվայի ամենաժամանակակից մշակութային հաստատություններից է։ Այն եզակի հարթակ է, որտեղ կարող ես սեփական ստեղծագործական թիմը ձեւավորել, ազատ լինել խաղացանկային սահմանափակումներից եւ ներկայացումը ստեղծել այնպես, ինչպես պատկերացնում ես։

Մեր համագործակցությունը սկսվեց մոտավորապես 2021-2022 թթ․-երին, երբ մի հետաքրքիր ստեղծագործության հիման վրա լաբորատոր աշխատանք էինք իրականացնում, սակայն այն, մեզանից անկախ պատճառներով, չհաջողվեց կյանքի կոչել։ Դրանից հետո ընտրեցինք «Մակբեթը»։

Թատրոնի հետ արդեն երկար տարիների համագործակցություն ունեմ եւ հույս ունեմ, որ այն կշարունակվի։ Չնայած այստեղ աշխատում են տարբեր ստեղծագործական մարդիկ, ինձ թվում է՝ թատրոնն իմ տունն է։ Հատկապես կարեւոր են այն աշխատակիցները, որոնց հանդիպում ես մի ներկայացումից մյուսն անցնելիս։

Արդեն 15 տարի է՝ աշխատում եմ երկրի տարբեր շրջաններում եւ սովոր եմ տարբեր թատերախմբերի հետ համագործակցել։ Ինձ դուր են գալիս նոր տարածքներն ու դերասանները, իսկ այս թատրոնի ձեւաչափը թույլ է տալիս նույնիսկ մի քանի ներկայացում բեմադրելուց հետո աշխատել բոլորովին այլ դերասանների հետ։

— Դուք երաժշտական թատրոնի՞ ռեժիսոր եք։

— Ավարտել եմ երաժշտական թատրոնի ռեժիսուրայի բաժինը, բայց մասնագիտությամբ ընդամենը երկու տարի եմ աշխատել։

— Ի՞նչը Ձեզ բերեց դրամատիկական թատրոն։

— Այդպես ստացվեց։ 2011 թվականին ավարտեցի Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի՝ ԳԻՏԻՍ-ի երաժշտական թատրոնի ֆակուլտետը, բայց չէի պատկերացնում, որ անմիջապես կաշխատեմ որպես դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ Հավանաբար, պարզապես պատահականություն էր։ Չգիտեմ՝ երջանիկ, թե դժբախտ։

«ՏԵՔՍՏԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ»

— Երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտությունն այսօր օգնո՞ւմ է Ձեր աշխատանքում։

— Այո՛։ Շատ եմ սիրում աշխատել ժամանակակից կոմպոզիտորներ Նիկոլայ Պոպովի եւ Օլգա Շայդուլինայի հետ, որոնք ստեղծում են ծավալուն երաժշտական ստեղծագործություններ ու օպերաներ։

Մի շրջան դրամատիկական թատրոնում փորձում էինք նոր բան ստեղծել՝ դուրս գալով ավանդական ներկայացումների երաժշտականության սահմաններից եւ ուսումնասիրելով գործիքային թատրոնի հնարավորությունները։

Ազգերի թատրոնի «Մակբեթը» հենց այդպիսի նախագիծ է։ Բեմական միջավայրը կազմված է տարբեր երաժշտական գործիքներից։ Գաղափարի շուրջ աշխատել ենք Պյոտր Այդուի հետ, իսկ հետագայում միացել են նաեւ Նիկոլայ Պոպովն ու Օլեգ Մակարովը։ Այսպիսով՝ ներկայացման վրա աշխատել է երեք կոմպոզիտոր։

Եվգենի Վիտալիեւիչ Միրոնովն էլ մեծապես ներգրավվեց գործընթացում․ նրան դուր եկավ թատրոնի համար նորարարական բան ստեղծելու գաղափարը։ Ես ընտրում էի համապատասխան դերասաններին, աշխատում կոմպոզիտորների հետ եւ ինքս նաեւ բեմանկարիչն էի։ Արդյունքում ծնվեց մի նախագիծ, որը դժվար է պարզապես դրամատիկական թատրոն անվանել՝ բառի նեղ իմաստով։

— Ինչպե՞ս ծնվեց դիսլեքսիան որպես գեղարվեստական լեզու օգտագործելու գաղափարը։ Կարելի՞ է ասել, որ «Մակբեթի» հերոսները կարծես կոնտուզիայի ենթարկված լինեն՝ գոյատեւելով խաթարված իրականության մեջ։

— Գեղարվեստական լեզուն երբեմն ծնվում է ոչ թե թեմայից, այլ այն միջոցներից, որոնցով երկար տարիներ աշխատում ես։ Փորձարկումների ընթացքում հասկանում ես, թե ինչն է քեզ հետաքրքրում որպես գեղարվեստական հնարք։

«Մակբեթի» պատմությունը, այդ թվում՝ մեր հարմարեցրած տեքստը, իմ ստեղծագործական փորձարկումների արդյունքն էր։ Տեքստի հեղինակը Աննա Լիֆիրենկոն է։

Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես կարող է տեքստը դառնալ ոչ միայն իմաստի կրող, այլեւ ինքնուրույն գեղարվեստական կերպար՝ երաժշտության կամ բեմանկարչության նման։ «Մակբեթում» հենց տեքստն էր մեր հիմնական հենակետը։ Աստիճանաբար այն այնքան փոխակերպեցինք, որ անհրաժեշտ դարձավ փոխել նաեւ ձայնային միջավայրը, իսկ տեսողական լուծումները բնականորեն միացան այդ գործընթացին։

— Այսինքն՝ Դուք այն ռեժիսորներից չե՞ք, որոնք սկզբում ստեղծում են հայեցակարգ, ապա խստորեն հետեւում դրան։ Փորձերի ընթացքում կարո՞ղ է նոր բան ծնվել։

— Ինձ թվում է՝ սկզբունքորեն նոր բան չի կարող հանկարծակի, արմատապես ծնվել։ Ամեն դեպքում, կա հիմք, որը դնում ես՝ ելնելով նրանից, թե ինչի մասին ես ուզում խոսել, ինչ գեղարվեստական հնարքներ ես ցանկանում կիրառել եւ ինչպես ես պատրաստվում աշխատել դերասանների հետ։

Եթե փորձերի ընթացքում նախնական մտահղացումն ամբողջությամբ փոխվում է, դա պարտադիր չէ, որ ձախողում լինի։ Բայց երբ ամիսներ շարունակ սխալ ճանապարհով ես ընթացել, բնականաբար, ափսոսում ես կորցրած ժամանակի համար։

«ՀԵՆՑ ԱՅԴ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՊԻԵՍԻ ՀԻՄՔԸ»

— Ո՞րն է դերասանի հետ աշխատելու Ձեր մեթոդը։

— Այն, հավանաբար, ժամանակի ընթացքում փոխվում է։ «Մակբեթում», օրինակ, շատ կարեւոր էր կերպարի ձայնային պատկերի մշակումը։ Աշխատում էինք ոչ միայն տեքստի, այլեւ կերպարի ձայնային արտահայտչականության վրա՝ ինչպես է նա խոսում, շնչում, գոյատեւում արդեն գրված տեքստի ներսում։

Ներկայացման աշխարհն աղավաղված է, ասես ապոկալիպսիսից հետո լինի։ Մարդիկ, նույնիսկ եթե ցանկանային փոխվել, այլեւս չեն կարող դա անել։ Հենց դրանում է ողբերգությունը․ կերպարը բանտարկված է սեփական ձայնային կերպարի եւ այդ սարսափազդու աշխարհի մեջ։

Այդ պայմաններում անհրաժեշտ էր անշարժության մեջ գտնել բոլոր հնարավոր փոփոխությունները, ինչը շատ բարդ աշխատանք էր։

Բայց ինձ չի հետաքրքրում միշտ նույնատիպ թատրոնով զբաղվելը։ Մի ներկայացման մեջ լուծում եմ որոշակի բարդ խնդիրներ, իսկ հաջորդում փորձում բոլորովին այլ բան։

«Մեկ լուսանկարի պատմությունը» թատրոնի նկատմամբ միանգամայն այլ մոտեցում է։ Այստեղ բեմական գոյությունն ավելի կինեմատոգրաֆիկ է, իսկ գեղարվեստական լեզուն՝ տիկնիկային թատրոնը։ Այն ավելի հասկանալի ու ընկալելի է գրեթե ցանկացած հանդիսատեսի համար։ Այդ առումով ներկայացումը շատ է տարբերվում «Մակբեթից»։

— Ինչպե՞ս ծնվեց «Մեկ լուսանկարի պատմությունը» ներկայացման գաղափարը։

— Սկզբում այն մտածել էինք «Գորկի+» փառատոնի շրջանակում։ Պետք էր մի բան հորինել Գորկու մասին։ Թեեւ հաճախ չեմ աշխատում փառատոների պատվերով ներկայացումների վրա, ինձ հետաքրքիր էր նոր փորձարկում անել՝ նույնիսկ եթե այն ցուցադրվեր ընդամենը մեկ անգամ։

Ալեքսանդր Պլոտնիկովի հետ երկար ժամանակ չէինք կարողանում գտնել պատմությունը ներկայացնելու ձեւը։ Մոտ մեկ ամիս քննարկում էինք տարբեր գաղափարներ, բայց ինձ թվում էր՝ դրանցից ոչ մեկում կենդանի բան չկա։

Գորկու վերաբերյալ մեր հայացքները տրամագծորեն հակառակ էին։ Ես նախկինում բեմադրել էի նրա ստեղծագործություններից մեկը, իսկ Սաշան Գորկուն չէր ընդունում՝ ո՛չ նրա գեղարվեստական սկզբունքների, ո՛չ կենսագրության տեսանկյունից։ Մեր միջեւ բավական սուր վեճեր էին ծավալվում, բայց ի վերջո հասկացա, որ հենց այդ հակասություններն էլ կարող են դառնալ պիեսի հիմքը։

Սաշան արտագաղթել էր, իսկ ես մնացել էի Մոսկվայում։ Սա նույնպես առնչվում էր Գորկու թեմային, քանի որ նա երկար տարիներ ապրել էր տարագրության մեջ։ Մեզ համար բարդ հարց էր՝ ինչո՞ւ նա վերադարձավ։

Այդպես էլ միանշանակ պատասխան չգտանք։ Ներկայացման մեջ կա մի տեսարան, որտեղ հեղինակները, դրամատուրգներն ու ռեժիսորը փորձում են հասկանալ այդ որոշման պատճառը։ Մի պահ, սակայն, հրաժարվում ենք այդ մտորումներից․ անհնար է անվերջ խորհել մի հարցի շուրջ՝ առանց հստակ պատասխանի հասնելու։

Ուստի առաջարկում ենք պատկերացնել, որ մի առավոտ Գորկին արթնացել է, դուրս եկել պատշգամբ, տեսել գեղեցիկ արեւը, արեւի տակ ողողված նարինջներն ու մտածել՝ ինչո՞ւ պարզապես չվերադառնալ։ Վերջ։ Դրանից հետո մոնտաժային կտրուկ անցումով տեղափոխվում ենք հաջորդ տեսարան։ Այդ հարցի պատասխանը ներկայացման մեջ այդպես էլ չի տրվում։

Գորկու հետ մեր փոխհարաբերությունների պատմությունը հասկանալն օգնեց գտնել պիեսի նյութը։ Այդ նյութը Սաշայի հետ մեր նամակագրությունն էր։ Հետագայում հորինեցինք նաեւ մեր հարաբերությունների սիրային գիծը, որն էլ դարձավ մոքիումենթարիի՝ կեղծավավերագրական ժանրի հիմքը։

Մոքիումենթարին պատմություն է, որը չափազանց հավաստի է թվում, բայց իրականում կենսագրական փաստ չէ։ Երբ ներկայացումը ցուցադրվեց Մոսկվայում, մեր ընկերներից շատերը կարծում էին, թե այն մեր անձնական պատմությունն է։ Ես միշտ ակնարկում էի. «Ժողովո՛ւրդ, պարզապես ուշադրություն դարձրեք ժանրին․ սա մոքիումենթարի է»։

Սկզբնական գաղափարը Գորկու անհատականությամբ հիացած մի լուսանկարչի պատմություն ստեղծելն էր։ Նա հետապնդում էր Գորկուն, հետո հիասթափվում նրանից եւ, ի վերջո, մահանում՝ իր հետեւից ոչինչ չթողնելով որպես երկրի ժառանգություն։

Այդ գիծը պահպանվեց, բայց այլեւս գլխավոր տեղը չէր զբաղեցնում։ Իմ կարծիքով՝ պատմության ամենակարեւոր հերոսը Գորկու հետեւից ընկած հորինված լուսանկարիչը չէ, այլ հենց հեղինակները։ Հետաքրքիր է տեսնել, թե նրանք ինչպես են վերաբերվում լուսանկարչի եւ Գորկու կենսագրության տարբեր փաստերին։ Կարծում եմ՝ հենց դա է ներկայացման ամենահետաքրքիր շերտը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ