ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն
ՆերքաղաքականԻ՞նչ պետք է անի Երեւանի պետական համալսարանի գիտական քարտուղարը՝ զբաղվի գիտական եւ կազմակերպչական աշխատանքո՞վ, թե՞ մասնակցի բռնության կանխարգելման ու իրազեկվածության բարձրացման մասին միջոցառումների։ Հարցն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ԵՊՀ-ում տեղի ունեցած միջոցառման լուսանկարները նոր հարցեր են առաջացնում համալսարանի առաջնահերթությունների, նման նախաձեռնությունների բովանդակության եւ դրանց ակադեմիական հիմնավորվածության մասին։
ԵՊՀ գիտական քարտուղար ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ սոցցանցում հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ համալսարանում միջոցառում է անցկացվել՝ բռնության կանխարգելման, իրազեկվածության բարձրացման եւ բռնությունից զերծ հասարակություն ձեւավորելու թեմաներով։ Միջոցառմանը մասնակցել է (եթե չասենք, որ հենց նրա ցանկությամբ է իրականացվել), իհարկե, մեր երկրում այս թեմայի ջահակիր դարձած Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի զուգընկերը։ Եվ սա թերեւս բավական է, որ որեւէ համալսարանական հարց չբարձրացնի՝ ի՞նչ դերակատարում ունի գիտական քարտուղարը նման նախաձեռնությունների կազմակերպման կամ իրականացման գործում։ Արդյո՞ք միջոցառումը տեղավորվում է համալսարանի գիտական ու կրթական ծրագրերի շրջանակում, ի՞նչ չափանիշներով է գնահատվում դրա արդյունավետությունը, ո՞րն է դրա գիտական կամ կրթական ՕԳԳ-ն, ի՞նչ մասնագիտական հիմքով են ընտրվում բանախոսները։ Եվ, վերջապես, ո՞րն է Աննա Հակոբյանի մասնագիտական փորձն այս թեմայում։
Աննա Հակոբյանը ԵՊՀ լրագրության ֆակուլտետի շրջանավարտ է։ Բայց բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության հոգեբանական մեխանիզմների, կոնֆլիկտների կարգավորման եւ տուժածների աջակցության հարցերը պահանջում են նաեւ համապատասխան մասնագիտական գիտելիքներ ու գործնական փորձ։ Հետեւաբար, միանգամայն օրինաչափ է հետաքրքրվել՝ ի՞նչ մասնագիտական կամ անձնական փորձի վրա է հիմնված նրա մասնակցությունը, ի՞նչ նոր գիտելիք է փոխանցել լսարանին՝ Մերի Հովհաննիսյանի հետ միասին։

ԵՊՀ-ն իրավունք ունի կազմակերպելու բազմաբնույթ քննարկումներ, բայց համալսարանի հանրային հեղինակությունը պարտավորեցնում է նաեւ բացատրել, թե ինչպես են այդ նախաձեռնությունները ծառայում կրթությանն ու գիտությանը։
Համալսարանը պարզապես միջոցառումների անցկացման տարածք չէ։ Այն հաստատություն է, որտեղ նույնիսկ հասարակական կարեւորության թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական պատասխանատվությամբ, փաստարկված եւ չափելի կրթական նպատակներով։ Բայց այս ամենի մեջ միակ ուրախացնողն այն է, որ ԵՊՀ-ում, ըստ մեր տեղեկությունների, վերոնշյալ միջոցառմանը մասնակցել են շատ քչերը։ ԵՊՀ ղեկավարությունը, կարծես թե, հոգացել է, որ դրան մասնակցեն իշխանության միայն ամենավստահելի ու ամենահարազատ, ինչու ոչ, ամենահնազանդ շրջանակները։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ