Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ. Նարեկ Կարապետյան «Արա, ա՛յ համբալ, լակո՛տ». իրավիճակը լարվեց, Մեսրոպ Մանուկյանն ու թաղապետը սկսեցին իրար վիրավորել Ջրանջատումներ

Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան

Ներքաղաքական

Երեւանի 2808-ամյակի կապակցությամբ քաղաքապետարանը կրկին ահռելի գումարներ վատնեց՝ տոնակատարությունը երկու օր անմոռաց դարձնելու համար: Արդյոք երեւանցին նման ծախսեր կցանկանար շռայլել իր հարկերի հաշվին, իրականում քաղաքացիների կարծիքները բաժանված են երկու մասի: Մի կողմը ուրախ է, որ միջազգաին ճանաչում ունեցող աստղերի կարող է տեսնել, լսել, մյուս կողմը համարում է դա ավելորդ շքեղություն՝ առկա խնդիրների ֆոնին: Թեմայի շուրջ Հանրայինի եթերում օրեր առաջ կայացավ բանավեճ Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարների միջեւ: Թե հերթական բանավեճն ինչ կտա երեւանցիներին, «Իրավունք»-ը պարզել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՑ:

— Պարոն Սուքիասյան, օրեր առաջ նշեցինք Երեւանի տոնը, եւ այդ առիթով Դուք ունեցաք նաեւ բանավեճ՝ ավագանու հինգ խմբակցության ղեկավարներով։ Ի՞նչ խնդիրներ բարձրաձայնեցիք եւ ինչպիսի՞ լուծումներ առաջարկեցիք։

— Այն, որ Երեւանը դարձել է ապրելու համար շատ անհարմար, պրոբլեմատիկ քաղաք, կարծում եմ, յուրաքանչյուր երեւանցու համար տեսանելի է, բայց բացի անհարմարությունը եւ պրոբլեմատիկությունը, Երեւան քաղաքում նաեւ կենսագործունեությունն է դարձել շատ թանկարժեք: Դա էլ այս իշխանությունների «ձեռքբերումն է», որտեղ ինչ եկել, չեն եկել գույքահարկի թանկացում, կարմիր կետագծերի թանկացում, տրանսպորտի թանկացում, տեղական տուրքերի թանկացումներ են հաստատել:

Այդ թանկացումների ֆոնին ունենք խայտառակ տրանսպորտ՝ էկոլոգիական վատ վիճակ, մարդկանց ժամանակը, առողջությունը քայքայող խցանումներ։ Դրան գումարած՝ ունենք քաղաքային բյուջեի մսխում, իրենց հետ աֆիլացված տարբեր կազմակերպությունների միջոցով, մեծ գումարներով կազմակերպվող տոնախմբություններն ու պաշտոնյաների արտասահմանյան շրջագայությունները։ Ահա այն ամենը, ինչ կոչվում է ներկա օրերին Երեւան քաղաքի կառավարում։

— Արդարացի լինելու համար, ասենք, որ հասարակությունը, կարծես, երկու խմբի է բաժանվել: Մի մասը գրում է՝ «քլաբ դարձած իմ Երեւան», մյուս մասը շատ գոհ է, որ Երեւանում երիտասարդների համար նման համաշխարհային մասշտաբի աստղեր, դիջեյներ են ելույթ ունենում։ Դուք այս հարցին ինչպե՞ս եք վերաբերվում։

 — Պետք է ունենանք երեւանյան միջոցառումներ: Մենք, իհարկե, դեմ չենք միջոցառումներին, ամենեւին: Բայց այստեղ խնդիրը այդ միջոցառումներն իրականացնելու համար մսխվող գումարների մեջ է։ Այսինքն՝ այն միջոցառումը, որը կարելի է անել իքս գումարով, այս իշխանություններն անում են՝ իքս պլյուս գումարներ մսխելով։ Օրինակ՝ որքանո՞վ է խելամիտ, որ միայն Էրեբունի-Երեւանի միջոցառումների վրա իրենք 8,900 միլիոն դրամ գումար են մսխել՝ այն պարագայում, երբ, ասենք, տարին 365 օր երեւանցին, մետրոյի կայարաններում կանգնած սպասում է, որովհետեւ մետրոյի վագոնները 1-2, լավագույն դեպքում՝ 3-ն են:

Քաղաքապետարանը եթե իր ենթակայության տակ գտնվող մշակութային օջախներին բարձրացներ բեմ, գումար տնտեսեր, եւ այդ տնտեսած գումարով ասեր՝ հարգելի երեւանցի, Էրեբունի-Երեւանի տոնին քաղաքային իշխանությունը որոշում է ոչ թե մեկօրյա համերգ նվիրել, այլ՝ մետրոյի նոր վագոններ, վստահ եմ՝ քաղաքի բնակչության գերակշիռ մասը կողջուներ: Մարդիկ, ովքեր մնում են մետրոներում կանգնած, կամ, ասենք, շարժակազմերը պակաս են, առավոտյան եւ երեկոյան ժամերին, անմարդկային պայմաններում են երթեւեկում։ Այդ համերգը թող տեւի 5 օր՝ ամանորյա, Էրեբունի- Երեւան, Վարդավառ․․․ Ու երբ գումարում ենք իրար, մի քանի միլիարդ դրամ է կազմում, այն պարագայում, երբ կենսական լրջագույն անհրաժեշտություններ ունի քաղաքը: Դա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, տան կտուրը կաթի, դու տան կտուրը չկառուցես, բայց թանկարժեք տեխնիկա առնես, դնես, կամ ամբողջ օրը կերուխումի սեղան գցես։ Ի վերջո, տան անդամները կասեն չէ՞, տանիքը վերանորոգենք, հետո նոր որոշենք քեֆ ուրախության մասին։

Այնպես որ, խոսքը տարրական տնտեսվարության մասին է, պետք է վերջ տրվի նման ամոթալի գայթակղությանը, այդ կարգի մեծ գումարների վատնմանը: Այն, որ ասում են՝ «դա էլ է երեւանցունը, երեւանցու գրպանն է, երեւանցու բյուջեն», բայց երեւանցին չի ասել՝ ամեն տոնի վրա տարեք միլիարդ եւ ավել գումարներ քամուն տվեք։ Այդ տրամաբանությամբ կարելի է շատ ավելի ճոխ անցկացնել, բայց ինչի՞ հաշվին, ինչի՞ց կտրելու հաշվին, ի՞նչը թերի թողնելու հաշվին: Ամենօրյա երեւանցու կենսագործունեությունը թերի թողնելու հաշվին նման տոներ անելը՝ այդ մասշտաբներով, այդ կարգի գումարներ ծախսելով՝ համարում ենք չարդարացված։

— Օրեր առաջ ականատես եղանք մի տեսարանի Ավան վարչական շրջանում, երբ քանդեցին քաղաքացու խանութը եւ տվյալ անձին թեկուզ ժամանակավոր տարան ոստիկանության բաժանմունք, որին վերջինս լացակումած արձագանքեց՝ ասելով՝ ի՞նչ է, գողություն անեմ, որ ընտանիքս պահեմ, թողեք աշխատեմ։ Նման մոտեցմանը, որպես ընդդիմադիր ավագանու խմբակցության ղեկավար, ի՞նչ կասեք։

— Այս իշխանությունների սոցիալական անպատասխանատվությունն է դա։ Այո, կարող է ինչ-որ տեղերում լինել առեւտրի ինչ-որ կենտրոնացում, որը միգուցե խնդրահարույց է, միգուցե այնքան էլ ամբողջապես չի համապատասխանում օրենքի եւ օրենսդրության պահանջներին, բայց այդ պարագայում չպետք է մոռանալ սոցիալական հանձնարարությունը եւ նման կտրուկ որոշումներ գնալուց առաջ ցանկացած վարչական շրջանում գտնել համապատասխան տարածքներ, որպեսզի լուծում տրվի նաեւ այդ առեւտրին։

Իսկ իշխանությունները զբաղված են մտածելով, թե էլ որ վարչական շրջանում ինչ ազատ տարածություն գտնեն, որպեսզի հերթական շինթույլտվությունը տան, կարողանան հասույթ ապահովել քաղաքային բյուջե: Այսինքն՝ այս իշխանությունները մեկ գերնպատակ ունեն՝ փողն է. սպիտակ լինի փողը, թե սեւ, կապ չունի իրենց համար: Հետեւաբար, այո, իրենց հատուկ է նաեւ սոցիալական անպատասխանատվությունը հանապազօրյա հաց վաստակող երեւանցու նկատմամբ։

— Դուք ունեցաք կրկին քննարկում, բանավեճ խմբակցության ղեկավարներով, բայց, այնուհանդերձ, նորից առավոտյան ականատես ենք խցանումների, խիտ տրանսպորտի, ուշացող ուսանողի, մանկավարժի եւ այլն։ Լավ, վերջապես, այս հարցի լուծումը ինչպե՞ս եք տեսնում։

— Այդ հարցի արմատական լուծումը Երեւանի նոր քաղաքային իշխանություններն են, որովհետեւ 2023 թվականից ի վեր ինչ մենք մուտք են գործել քաղաքի ավագանի, աղաղակել ենք, որ այդ մասշտաբի շինթույլտվությունները քաղաքը մատնելու են կոլապսի: Անգամ իրենք են խոստովանում, որ Երեւանի բնակչությունը մոտենում է 1 միլիոն 200 հազարի: Մեզ համար ակնհայտ է, որ Երեւանի ենթակառուցվածքներն այս մեծ թվով բնակչության համար նախատեսված չեն: Փողոցների թողունակություն, տարբեր կոմունիկացիաներ, ջրամատակարարում, ջրահեռացում եւ այլն, նախատեսված չէ քաղաքի համար։ Հետեւաբար, սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է: Քաղաքացիների կյանքն այսպես մղձավանջի վերածելու այս մոլուցքն իրենց հատուկ է: Թե այս իշխանություններն ի՞նչ ձեւով կասպատակեն քաղաքը եւ չզեկուցվող հարցերի անվան տակ՝ ամեն նիստին եւս 2-3 բազմաբնակարան համալիրի ծածուկ ինչ գործարքներ կանեն, քաղաքի բյուջեն կմսխեն, քաղաքի հերը կանիծեն եւ կշարունակեն ուրախանալ ու վայելել այդ իրենց կազմակերպած համերգները, պետք է երեւանցիները մտածեն եւ պատասխանատվության ենթարկեն քաղաքային իշխանություններին ու ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ ճիշտ ընտրություն կազմակերպեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ