Հայաստանում մոդելային ոլորտն անկում է ապրում․ Էդգար Կարապետյան
ՄշակութայինՆորաձեւության միջազգային հարթակներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն արտաքին տվյալներ, այլեւ պրոֆեսիոնալիզմ, փորձ եւ սեփական նպատակներին հասնելու վճռականություն։ «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwide 2018» եւ «Mister Glam World Ambassador 2019» տիտղոսակիր ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հերթական քայլն է արել միջազգային նորաձեւության աշխարհում՝ մասնակցելով Paris Fashion Days-ին («Փարիզի նորաձեւության օրեր»-ին):
«Իրավունք»-ի հետ զրույցում նա պատմել է փարիզյան ցուցադրությանը մասնակցելու, եվրոպական նորաձեւության առանձնահատկությունների, միջազգային հարթակներում իր հետագա ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում մոդելային ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին։

— Էդգար, ինչպե՞ս ստացվեց, որ հրավիրվեցիք մասնակցելու Paris Fashion Days-ին։
— Առաջարկը ստացել եմ Gold For Star մոդելային գործակալության համահիմնադիր Մարիա Ղարիբյանից։ Մասնակցել եմ քասթինգին, եւ վեց մասնակիցներից ես եմ ընտրվել Paris Fashion Days-ին մասնակցելու համար։
— Ցուցադրությունից ի՞նչ կարող եք պատմել․ ո՞ր դիզայների կամ բրենդի ցուցադրությանն եք մասնակցել։
— Ցուցադրել եմ հայտնի դիզայներ Զորիանա Սեմենյուկի ՝ «Մեյզն Զարինա» հավաքածուն։
— Ի՞նչ է նշանակում մոդելի համար մասնակցել ցուցադրության նման միջազգային հարթակում։
— Յուրաքանչյուր մոդելի համար մեծ պատիվ է մասնակցել միջազգային ցուցադրությունների, աշխատել պրոֆեսիոնալ թիմի եւ դիզայներների հետ։

— Ո՞րն է ամենամեծ տարբերությունը հայկական եւ եվրոպական նորաձեւության ոլորտների միջեւ, որը նկատել եք։
— Համեմատել չի կարելի հայկականը եվրոպական նորաձեւության հետ։ Մոդելը գոնե մեկ անգամ պետք է մասնակցի կամ ներկա լինի եվրոպական նորաձեւության ցուցադրությանը կամ նախապատրաստական աշխատանքներին՝ տեսնելու ինչ է նշանակում ցուցադրություն, մոդելի ընտրություն, կազմակերպչական աշխատանքներ։
Եվրոպայում հաշվի են առնում մոդելի փորձը, պրոֆեսիոնալիզմը։ Եվրոպայում չեն առաջնորդվում անձնական ամբիցիաներով, իրենց համար առաջնահերթությունը աշխատանքն է ու որակը։
— Ո՞ր հայ դիզայների կամ հայկական բրենդի հետ կցանկանայիք աշխատել Փարիզում։
— Չկա հայ դիզայներ կամ բրենդ, ում հետ ցանկանայի աշխատել Փարիզում։
— Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել որպես հայ մոդել միջազգային ասպարեզ դուրս գալու ճանապարհին։
— Ոչ մի տեսակի խնդիր ու խոչընդոտ չի եղել, ինձ համար ավելի հեշտ է եղել միջազգային հարթակներում լինել։

— Այս մասնակցությունից հետո՝ ի՞նչ նոր նպատակներ եք դրել ձեր առջեւ։
— Նպատակ ունեմ մասնակցելու Paris Fashion Week-ի, Milan Fashion Week-ի ցուցադրություններին, քանի որ Փարիզում եղած ժամանակ մասնակցել եմ օնլայն քասթինգների ու դրական արձագանքներ եմ ստացել։
— Ի՞նչն է Ձեզ համար ավելի կարեւոր՝ միջազգային ճանաչումը, թե՞ Հայաստանում Ձեր ոլորտի զարգացումը։
— Միանշանակ միջազգային իմ ճանաչումը, իսկ Հայաստանում չի զարգանում մոդելային ոլորտը։
— Ի՞նչ կարծրատիպի եք ամենաշատը հանդիպել որպես հայ մոդել։
— Հայաստանում չի ընդունվում այն փաստը, որ տղան կարող է մոդել լինի, պոդյում բարձրանա կամ մասնակցի գեղեցկության մրցույթների, դրա համար ինչպես նշեցի, Հայաստանում չի զարգանում այս ոլորտը։

— Երբեւէ եղե՞լ է ֆոտոշարք կամ ցուցադրություն, որտեղ Ձեզ խնդրել են անել մի բան, որը Ձեր սահմաններից դուրս էր։
— Ոչ չի եղել նման առաջարկ, որովհետեւ ամեն ինչ արվում է ու առաջարկվում է չափի սահմաններում։
— Ի դեպ, տարիներ առաջ շատ ավելի հաճախ էին հայ մոդելները մասնակցում միջազգային մրցույթների, փառատոնների՝ լիներ այն գեղեցկության, թե նորաձեւության։ Ինչո՞ւ է գնալով ավելի քչանում նման մեծ նախագծերին հայերի մասնակցությունը, թե՞ այն պարզապես մնում է ստվերում ու հաճախ չի լուսաբանվում։
— Ճիշտ եք նկատել, գնալով այս ոլորտն անկում է ապրում Հայաստանում, ցանկացած պարագայում շահի խնդիր է։ Նախ միջազգային հարթակների հետ համագործակցող գործակալություններ չկան, լինելու դեպքում՝ չգիտեմ ինչ պայմաններ կառաջարկվի մոդելին, շատ ներքին քննարկվող հարցեր կան։
Գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանն ընդհանրապես մասնակիցներ չի ունենում, որովհետեւ բոլոր ծախսերը մասնակիցն է հոգում՝ մասնակցության գումար, հագուստների ձեռքբերում, ճանապարհածախս եւ այլն։ Ոչինչ չի արվում ոչ մոդելային եւ ոչ էլ գեղեցկության ասպարեզում հնարավորություններն ընդլայնելու համար։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

