Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն
ՀասարակությունՄի խումբ առեւտրականներ այս օրերին բողոքի ակցիա են իրականացնում՝ մտահոգություն հայտնելով իրենց խանութների հնարավոր քանդման կապակցությամբ։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ գործող բիզնեսները փակելու վտանգի առաջ են կանգնել։
Քանդում են՝ առանց հաշվի առնելու քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը: Քանդում են՝ փոխարենը չառաջարկելով այլընտրանք: Քանդում են, որովհետեւ այդպես են ուզում: Իսկ ի՞նչ անի իրականում անտեր մնացած քաղաքացին: Եվ սա ոչ միայն այս հարցի շուրջ: Կռիվ տա ադրբեջանցի զինված դասալիքի դեմ, կռիվ տա օրվա հացի համար, թե՞ կռիվ տա, որ իր արդար քրտինքով վաստակվող գումարը չխլեն ձեռքից:
Բա, տիկնայք եւ պարոնայք, եթե նման «օպերացիա» էիք իրականացնելու առեւտրականների դեմ, ինչո՞ւ այդ մասին ընտրություններին չասացիք, որ քաղաքացին էլ մտածեր՝ արժե՞ր արդյոք որերորդ անգամ սխալվել ու ընկնել նման քաոսի մեջ: Բա ձեր նախընտրական ծրագրերում ինչո՞ւ խոսք անգամ չհնչեց «բուտկչիներից» ձերբազատման մասին: Սնկի նման աճող բարձրահարկ շինությունները ոչ միայն չեք քանդում, այլ օր օրի նոր շինթույլտվություն եք տալիս՝ հաշվի չառնելով քաղաքի մասշտաբը, ջրամատակարարումը, կոյուղին, գազը: Բայց մի քանի բուտկա շա՞տ էին խանգարում․ «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն: Եղած ծառերը մի՛ հատեք, դրանից էլ է քաղաքացին գոհ:
Եվ վերջապես, «Գնամ գողություն անե՞մ, որ էրեխեքիս պահեմ» ասող տղամարդը պարզապես խոսքեր չասաց: Մտածեք՝ ինչ եք դարձնում եւ ինչ օրի եք հասցնում ՀՀ քաղաքացուն..․
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ