Արցախյան 1-ին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմ զենք ստացել ենք ռուսական 102-րդ ռազմաբազայից․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ներքաղաքական1991-1992թթ.-ին ՀՀ ներքին գործերի փոխնախարարի, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի, ապա 1992-1994թթ.-ին ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալի, այնուհետեւ 1994-1999թթ. ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալի, ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, իսկ 1999-2000թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի, 2020թ. օգոստոսի 19-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, 2020թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2021թ. հուլիսի 20-ը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ վստահեցնում է՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի շնորհիվ ենք մենք 1990-94 թթ․-երին արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարել։ Այս մասին նա հայտարարել է «Բուն TV-ի»՝ «Օրնիբուն» հաղորդման ժամանակ։
«Շատ փակագծեր կա, բնական է, չեմ բացի, բայց մատչելի կներկայացնեմ։ Մինչեւ բազայի պայմանագիրը՝ մենք 1992 թվին ստորագրեցինք ռուսական զորքի կարգավիճակի մասին փաստաթուղթ ու միանգամից սկսեցինք աշխատանք իրականացնել՝ այն ռազմական բազայի վերածելու համար։ Եվ ի շնորհիվ այդ բազայի՝ մենք զենքեր ենք ստացել։ Մենք պարտվում էինք Ղարաբաղում, մի պատճառով՝ մենք կռվում էինք մեր ինտելեկտով, գիտելիքով, բայց սպառազինություն չի եղել։ Իսկ Ադրբեջանն այն ժամանակ նույնպես, ինչպես հիմա ունեցել է առավելություն՝ ավիացիայում 60 անգամ, տանկերի թվով՝ 3-4 անգամ, հրետանին՝ 5 անգամ, զենք-զինամթերք՝ 25 անգամ», - ընդգծել է Հարությունյանը եւ ուշագրավ բացահայտում արել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ զենք-զինամթերք կրկին ռուսական ռազմաբազան է տվել․ «Թող ասեն դրա մասին՝ զենքը մենք ստացել ենք ռուսական բազայից»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ