ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
ՆերքաղաքականՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։
Հայկ Կոնջորյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին խորհրդարանի հետ երկարամյա, վստահելի և կառուցողական գործընկերության համար։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համագործակցությունը վերաճել է կարևոր գործընկերության, որը նպաստել է խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, օրենսդրական գործընթացների բարելավմանը, թվայնացման առաջմղմանն ու թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության նոր մեխանիզմների ներդրմանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով համատեղ ջանքերն օգնել են ամուր հիմքեր ստեղծել ժամանակակից, արդյունավետ և արձագանքող խորհրդարանի կայացման համար։ Նրա դիտարկմամբ իրականացված ծրագրերը նպաստել են ինստիտուցիոնալ բարեփոխումների առավել համապարփակ շրջանակի ձևավորմանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ այսօր առաջնահերթություն է նախորդ փուլերի ձեռքբերումների զարգացումը և արդեն մեկնարկած բարեփոխումների լիարժեք ներդրումն Ազգային ժողովի ամենօրյա աշխատանքում։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ազգային ժողովի իններորդ գումարման հանձնառությունը խորհրդարանի արդիականացման օրակարգն առաջ մղելու գործում։ Նա բարձր է գնահատել խորհրդարանական զարգացման ուղղված նոր ծրագրի մեկնարկը՝ այն դիտարկելով որպես առանցքային հնարավորություն՝ բարեփոխումների լիարժեք ինստիտուցիոնալացման և արդյունավետ իրականացման տեսանկյունից: Հայկ Կոնջորյանի համոզմամբ այս գործընկերության հաջողությունը պայմանավորված է համատեղ պատասխանատվությամբ։ Ընդգծվել է, որ համատեղ տեսլականի և ամուր գործընկերության շնորհիվ հնարավոր է բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու մեծացնել ներդրումը ժողովրդավարական կառավարման զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հաոլիանգ Սյուն նշել է, որ Հայաստան կատարած վերջին այցից հետո ականատեսն է այն վերելքին, որն ապրել է մեր երկրի տնտեսությունն անկախացումից ի վեր։ Նրա խոսքով պետական հաստատությունների գործունեության արդյունավետությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացման վրա, ինչը, նրա դիտարկմամբ, Հայաստանի կառավարության առանցքային նպատակներից է։ Հաոլիանգ Սյուն ընդգծել է համագործակցության շարունակականության ապահովման և հետագա ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման պորտֆելի ղեկավար Վահան Ասատրյանը, Խորհրդարանի զարգացման (FORSETI) և Ընտրական համակարգերի կառավարման (ARTEMIS) ծրագրերի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը։
Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել ՄԱԶԾ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև ՀՀ ԱԺ իններորդ գումարման ընթացքում (2026-2031) խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ:

