ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում
ՀանդիպումԱռկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններից օգտվելու ընթացքում,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ահազանգում է տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Արսեն Լեվոնյանը, ընդգծելով.
- Վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ խոսքը սանհանգույցում բջջային հեռախոս տեղադրելու դեպքի մասին էր։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել կատարվածի պատճառների վերաբերյալ, սակայն ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել շատ ավելի լուրջ խնդրի վրա՝ հասարակական զուգարաններում մարդկանց գաղտնի նկարահանման և այդ տեսանյութերի հետագա տարածման վտանգին։
Տարբեր երկրներում արձանագրվել են դեպքեր, երբ հասարակական զուգարաններում թաքնված տեսախցիկների կամ այլ սարքերի միջոցով գաղտնի նկարահանումներ են իրականացվել։ Նման տեսանյութերը կարող են հայտնվել մասնագիտացված կայքերում, տարածվել պոռնոգրաֆիկ հարթակներում կամ օգտագործվել դիտումներ հավաքելու և ֆինանսական շահույթ ստանալու նպատակով։ Արդյունքում՝ մարդու անձնական կյանքի ամենաինտիմ պահերը կարող են դառնալ հանրային հասանելի բովանդակություն՝ առանց նրա համաձայնության։
Փորձագետը ընդգծում է.
- Այսօր իմ ուշադրությունը գրավել է նաև ՀՀ-ի հետ կապվող մի կայք, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, տեղադրված են հասարակական զուգարաններից օգտվող մարդկանց տեսանյութեր։ Որոշ տեսանյութերում, ըստ դիտարկման, հնարավոր է հստակ ճանաչել նկարահանված անձանց դեմքերը։ Այս պարագայում գործ ենք ունենաում մարդու անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտման և լուրջ իրավական ու տեղեկատվական անվտանգության խնդրի հետ։
Որպես տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ՝ այս հարցին շատ լուրջ եմ վերաբերվում։ Դեռևս 2018 թվականից բարձրաձայնել եմ Հայաստանում կիբերհանցագործությունների աճի և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին՝ փորձելով հանրության ու պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրել առկա վտանգների վրա։ Այսօր կրկին տեսնում ենք, թե որքան կարևոր է ժամանակին արձագանքել այն խնդիրներին, որոնք կարող են անմիջականորեն սպառնալ քաղաքացիների անվտանգությանը։
Այսօր ևս մեկ անգամ ահազանգում եմ Հայաստանում անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել հասարակական զուգարաններում գաղտնի նկարահանումների հնարավոր դեպքերը և դրանց արդյունքում ստացված տեսանյութերի տարածման խնդիրը։
Մարդը պետք է կարողանա օգտվել հասարակական զուգարանից՝ վստահ լինելով, որ իր անձնական կյանքը պաշտպանված է։ Ոչ ոք չպետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ առանց իր գիտության կամ համաձայնության նկարահանվում է, իսկ հետո իր մերկ մարմնի պատկերները հայտնվում են համացանցում։
Այս խնդիրը պահանջում է իրավապահ մարմինների, կիբերհանցագործությունների դեմ պայքարող ստորաբաժանումների, տեղեկատվական անվտանգության մասնագետների և հանրության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզել՝ ով է իրականացնում նման նկարահանումները, ինչպես են տեսանյութերը հայտնվում համացանցում, ովքեր են տարածում դրանք և արդյոք այդ գործունեությունից ստացվում է ֆինանսական շահույթ։
Անձնական կյանքի գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքն է։ Այն չպետք է վերածվի որևէ մեկի դիտումների, եկամուտների կամ շահարկումների աղբյուրի։

