Մենք մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռորոշ պահին ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին

ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից

Հրապարակախոսություն

Հայաստանը նախազգուշացված է՝ գազի արտոնյալ գնի կորստի ռիսկերի մասին։ Անցյալ ուրբաթ ներկայացրել էինք Նիկոլի իշխանությանն ուղղված ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի խիստ զգուշացումը. Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Սալյուկովը սեպտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին Հայաստանի անցումը սպառնում է նրան հիասթափությամբ:

«Սակայն եթե Երեւանը նախընտրի անվտանգության ամերիկյան երաշխիքները, ապա դա միանշանակ սպառնում է նրան հնարավոր հիասթափությամբ ստացված արդյունքներից»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի վերակողմնորոշման ռիսկերի մասին հարցին (ընդգծումը՝ մերը):

Նրա խոսքով՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները 2018-ից հետո Հայաստանի ղեկավարության քաղաքականության հետեւանքն էին: Նա նշել է, որ Երեւանն այդ իրադարձություններն օգտագործում է որպես առիթ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության անարդյունավետության մասին հայտարարություններ անելու համար, ինչն անհիմն է:

Սալյուկովն ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերը 90 տոկոսով հագեցած են ռուսական սպառազինությամբ, իսկ սպաների մեծ մասը խորհրդային եւ ռուսական բուհերի շրջանավարտներ են: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը կարող է հետ կանչել ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը, ինչպես դա եղավ Վրաստանի նկատմամբ 2024 թվականին։

Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը հսկայական ծախսեր կպահանջի Հայաստանից։ ՆԱՏՕ-ի 2025թ. պաշտպանական բյուջեն կազմել է 1,6 տրիլիոն դոլար՝ 3,3 մլն զինվորականների դեպքում, իսկ Հայաստանի բյուջեն՝ 1,7 մլրդ դոլար՝ 65 000 զինվորականների դեպքում։

Սալյուկովը կարծում է, որ Երեւանի հայտարարությունները դեռեւս կրում են դեկլարատիվ ու քաղաքական բնույթ, իսկ իրական անցումը լինելու է երկար եւ բարդ:

Եվ, ահա, վերոնշյալ զգուշացումներից կարճ ժամանակ անց հրապարակվեց Ռուսաստանի արտգործնախարարության զգուշացումը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից:

Ինչպես տեղեկանում ենք «Комсомольская правда»-ի հոկտեմբերի 7-ի հրապարակումից, Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանին գազի արտոնյալ գնի կորստի ռիսկերի մասին:

Հայաստանի իշխանությունները վերանայում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Մոսկվայի հետ քաղաքական վեճերի ֆոնին Երեւանը կարող է մեծապես տուժել տնտեսությունում։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը Հայաստանին նախազգուշացրել է գազի արտոնյալ գնի կորստի ռիսկերի մասին: Այս մասին նա ասել է «РИА Новости»-ի հետ երկխոսության ժամանակ։

Կալուգինը հիշեցրել է, որ Մոսկվան Երեւանին որոշ բացառություններ է անում: Կալուգինը նկատի ունի գազի (եւ ոչ միայն...) արտոնյալ գները Հայաստանի համար: Ըստ դիվանագետի՝ երկրների միջեւ համաձայնագրերն ամրապնդեցին նրանց հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը։

«Եթե Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակներում ցանկանում են վերանայել այդ (դաշնակցային.-Ա.Հ.) կարգավիճակը, դա նրանց իրավունքն է,- նշել է Միխայիլ Կալուգինը։- Բայց այդ դեպքում հարկ կլինի նաեւ հրաժարվել արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին»:

Նա հավելել է, որ ՌԴ-ն դեմ չէ Երեւանի կողմից այլ երկրներից գազ գնելուն։ Նման հնարավորություն Հայաստանն ունեցել է նաեւ նախկինում։ Այն պաշտոնապես ամրագրված է պետությունների միջեւ «գազային» համաձայնագրում, ընդգծել է դիվանագետը։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ ռուսական մատակարարումների այլընտրանքն անուրախ տեսք կունենա։

Հայաստանն իսկապես չունի ռուսական գազին թե՛ ծավալների, թե՛ գնի առումով փոխարինող այլընտրանք: Թուրքիայից Հայաստան որեւէ գազատար գոյություն չունի, իսկ դրա կառուցումը տարիներ եւ ահռելի գումար կպահանջի: Ադրբեջանից Հայաստան գազամատակարարումը նույնպես անհնար է, քանի որ Ադրբեջանը գրեթե չունի գազի ազատ ծավալներ Հայաստանին մատակարարելու համար: Առավել եւս՝ ռուսական գազի ծավալներին համարժեք ծավալներ:

Եթե նույնիսկ չխոսենք այն մասին, որ ՌԴ-ի հետ դաշնակցային սերտ հարաբերություններ ունեցող Իրանը Ռուսաստանի շահերին դեմ չի գնա եւ Ռուսաստանին թշնամացած, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի վասալ Հայաստանին գազ չի տա, Հայաստանին գազ տալու Իրանի մեծագույն ցանկության դեպքում անգամ, դա պարզապես անհնար է իրանական գործող գազատարի խիստ սահմանափակ թողունակության պատճառով:

Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի իրանական գործող գազատարի թողունակության մասին, նախ նշենք, որ «Գազպրոմը» 2025թ. Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ Հայաստանն Իրանից ստացել է ընդամենը մոտ 476 միլիոն խմ, ընդ որում, այդ գազը Հայաստանին տրվել եւ այժմ էլ տրվում է ոչ բնակչության կենցաղային կարիքները, ավտոտրանսպորտի կամ էներգետիկայի (ՋԷԿ-երի) կարիքները բավարարելու համար, այլ բարտերային սխեմայով, որի շրջանակներում գազը փոխանակվում է դրանով արտադրված էլեկտրաէներգիայի հետ: Հայաստանն ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ, ըստ պայմանագրի, Իրանին փոխանցում է գազի հաշվարկված գնին համարժեք էլեկտրաէներգիա եւ ստանում էլեկտրաէներգիայի արտադրությունից առաջացած շահույթը:

«Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում Հանրապետության կողմից սպառվող գազի մինչեւ 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2,2−2,7 միլիարդ խորանարդ մետր,- ասել է Միխայիլ Կալուգինը, - Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման տուրքերի՝ 177,5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի»:

Ակնարկը շատ պարզ է. թռիչքաձեւ կբարձրանան ոչ միայն բնական եւ հեղուկ գազի, այլեւ բենզինի, դիզվառելիքի եւ ավիավառելիքի գները:

Բացի վերոնշյալից, դիվանագետը, բացասաբար է արտահայտվել Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ կապված իրավիճակի մասին։ Նա հաստատել է մեր կողմից ավելի վաղ արտահայտված այն միտքը, որ Նիկոլը, նրա իշխանությունը ծրագրում են ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Միխայիլ Կալուգինը նշել է, որ Երեւանը մտադիր է ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես թե Մոսկվան է ցանկանում քննարկել Հայաստանում ռազմաբազայի հետագա տեղակայման հեռանկարները:

Մինչդեռ, նկատենք, Մոսկվան իրականում երբեք չի բարձրացրել Հայաստանում 102-րդ ռազմաբազայի գտնվելու անհրաժեշտությունը վերանայելու կամ քննարկելու խնդիր, դրան ձգտում են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը եւ իր ՔՊ-ական, իշխանական ոհմակը (չարախումբը):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլը, ըստ ԶԼՄ-ների, ծրագրել էին անձնական հանդիպում անցկացնել: Սակայն զրույցն առայժմ հետաձգվում է։ Նիկոլն այս պահին չի ծրագրում մեկնել ՌԴ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա տվյալներով՝ դիվանագիտական շփումներն այդ կապակցությամբ սկզբունքորեն բացակայում են։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ