Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» հայտնի ստեղծագործության նոր բեմադրության պրեմիերան։
Ներկայացումն առանձնահատուկ էր նոր մոտեցմամբ՝ ժամանակի շունչը չանտեսելով:
Գլխավոր դերերում հանդես եկան Սոս Ջանիբեկյանը, Մհեր Մխիթարյանը, Պոնչը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանը, Արթուր Մանուկյանը։ Սցենարի հեղինակներն էին՝ Վան Գրիգորյան, Արման Սարգսյան, Մհեր Մխիթարյան։ Բեմանկարիչներ՝ Արեւ Պետրոսյան եւ Արման Սարգսյան։ Պրոդյուսերներ՝ Արման Միտոյան, Արման Սարգսյան։
«Տպավորություններս շատ լավն են: Իհարկե առաջնախաղի ժամանակ բոլորը լարված են լինում, բայց դա չխանգարեց, որ դերասանական կազմը փայլի: Շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ խաղի համար»,- անկեղծացավ ռեժիսոր ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ հավելեց, որ անգամ դերասանական կազմը ընտրելու հարցում բարդություններ չի ունեցել:
«Շատ հեշտ ընտրվեց դերասանական կազմը: Ամեն մեկին իր դերում պատկերացրել եմ եւ երբ հավաքվեցինք առաջին փորձն անելու համար, հասկացա, որ ամեն մեկը իր ճիշտ տեղում է գտնվում»:
«Իրավունքի»-ի հարցին թե ինչու հենց այս պիեսը, ռեժիսորը պատասխանեց, որ այս պիեսի ներկայացում ստանալու միտքը վաղուց ուներ: Ֆիլմ նկարելու նպատակ կա նույնիկս.
«Սկզբում որոշեցի բեմականացումն անել, հանդիսատեսի կարծիքը հասկանալու համար, նոր մտածել իլմի մասին»,-հավելեց Սարգսյանը:
Հարկ է նշել, որ պիեսում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ժամանակակից շունչ են տվել պիեսին, պահելով դրամատուրգիան եւ հիմնական ֆորմատը: Ըստ ռեժիոր՝ Արման Սարգսյանի, պիեսի սցենարի վրա աշխատել են չորս ամիս:
Դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ «Իրավունքի»-ի հետ զրույցում խոսեց իր հույզերց.
«Տպավորություններս թարմ են եւ դեռ չեմ վերլուծել դրանք, բայց հանդիսատեսը շատ լավն էր եւ իրենց ներքին լիցքերը անգամ բեմից էի զգում»:
Հարցին, թե որեւիցե փոփոխություն կկատարեր սցենարի մեջ, Ջանիբեկյանն ասաց, որ դրա կարիքը բոլորովին չկա, քանի որ պիեսի վրա աշխատել են այնպիսի սցենարիստներ, որոնք դասական գործի լավագույն տարբերակն են մատուցել:
«Ինչպես միշտ՝ սկզբում ես լարված եմ լինում, որովհետեւ ամեն անգամ բեմ մտնելուց սիրտս սովորականից ավելի է խփում, բայց հետո անցնում է: Դրանում օգնում են նաեւ խաղընկերներս իրենց պրոեսիոնալ մոտեցման շնորհիվ»,-անկեղծացավ Ջանիբեկյանը:
«Պիեսը լավն է, հայաֆիկացված։ Սա իմ առաջին բեմելն է թատրոնում։ Դերասանական կազմը շատ լավն է, իսկ Մհերն ու Սոսը հիմնական ծանրությունն իրենց վրա վերցրին ու առաջ տարան ներկայացումը»,- անկեղծանալով ասաց դերասան ՏԱՐՈՆ ԻՍՊԻՐՅԱՆԸ (ՊՈՆՉ) ով մարմնավորում էր ՊԵԿ-ի աշխատակցի կերպարը։
Հանդիսատեսը կարող է ներկայացումը դիտել նաեւ հոկտեմբերի 22-ին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
