Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում

Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Մշակութային

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հայաստանի Գրողների միությունը տարիներ շարունակ տեւած դատական գործընթացում իր հաղթանակը կնքեց Վարչական դատարանում։ Շուրջ 2 տարի 7 ամիս տեւած դատական քննությունից հետո՝ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի, որով փորձ էր արվում անվավեր ճանաչել Գրողների միության սեփականության իրավունքները մի շարք պատմամշակութային եւ ռազմավարական շենքերի նկատմամբ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։

«ՆՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

— Պարոն Միլիտոնյան, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Կխնդրենք մեր ընթերցողին մանրամասն ներկայացնեք, թե ինչ հարց էր վիճարկվում դատարանում։

— Նախ ուզում եմ նշել, որ մեր փաստաբանները՝ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լեւոն Բաղդասարյանի եւ նրա դուստր Լարիսա Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ու շատ լավ աշխատանք են կատարել։ Նրանք մանրամասն ու խորությամբ ուսումնասիրել են մեր ներկայացրած նյութերն ու արխիվային փաստաթղթերը, եւ դրանք պատշաճ կերպով ներկայացրել դատարանին ու համապատասխան մարմիններին։ Նրանք փորձառու մասնագետներ են, որոնք լավ գիտեն այս գործերի առանձնահատկությունները։

Այդ ընթացքում մենք հետեւողականորեն ներկայացրել ենք մեր փաստարկները՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի, արխիվային նյութերի եւ իրավական հիմնավորումների վրա։ Մեզ համար շատ ուրախալի էր վարչական դատարանի առաջին վճիռը։ Դատարանը հրապարակել է իր որոշումը՝ ներկայացնելով նաեւ մանրամասն հիմնավորումներ, որոնք շուրջ 30 էջ են կազմում։

— Կհստակեցնե՞ք՝ ո՞ր գույքի վերաբերյալ է կայացվել վճիռը եւ ո՞րն էր դատական վեճի առարկան։

— Խոսքը մեր շենքերի մասին է՝ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի, ինչպես նաեւ Սեւանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տների։ Դատախազության հայցը ներկայացված է ոչ թե անմիջապես մեր դեմ, այլ՝ Կադաստրի կոմիտեի։ Խոսքը 1998 եւ 1999 թվականներին այդ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին է։ Մենք դատավարությանը մասնակցում ենք որպես երրորդ անձ։

Այնուամենայնիվ, եթե այդ գույքերի նկատմամբ մեր իրավունքները վտանգվեն, տուժողը լինելու ենք մենք։ Մենք ներկայացրել ենք, թե ինչպես են ձեւավորվել այդ գույքերը, ինչ միջոցներով են կառուցվել եւ ինչ պատմություն ունեն։ Խորհրդային Միության Գրողների միությունը կազմավորվել է 1934 թվականին։ Դրան զուգահեռ գործել է նաեւ Գրական ֆոնդը, որը պետական չէր։ Այդ ֆոնդը համալրվել է գրողների ստեղծագործությունների հրատարակությունից ստացվող հոնորարներից կատարվող պահումներով։ Այսինքն՝ գրողները սեփական աշխատանքով եւ իրենց ստեղծագործությունների հոնորարներով մասնակցել են ֆոնդի ձեւավորմանն ու համալրմանը։ Այդ միջոցներով հանրապետություններում կառուցվել են ստեղծագործական եւ հանգստյան տներ, միությունների շենքեր եւ այլ կառույցներ։ Նման հիմնադրամներ ունեցել են նաեւ այլ ստեղծագործական միություններ՝ կոմպոզիտորները, նկարիչները, կինոգործիչները, թատերական գործիչները եւ մյուսները։

Գոնե ես, 40 տարվա միության անդամ եմ եւ լավ հիշում եմ, թե ինչպես է ամենը ձեւավորվել, ինչպես ենք աշխատավարձեր ստացել: Նման կերպ ձեւավորված կառույցները չեն կարող ինքնաբերաբար համարվել պետական սեփականություն՝ միայն այն պատճառով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորվել են անկախ պետություններ։ Պետական գույքից բացի՝ գոյություն են ունեցել նաեւ հասարակական կազմակերպությունների եւ ոչ պետական հիմնադրամների միջոցներով ստեղծված կառույցներ։ Մենք այս ամենը հիմնավորել ենք փաստաթղթերով եւ ներկայացրել դատարանին։ Մեր կարծիքով՝ դատարանն ուսումնասիրել է ներկայացված նյութերը եւ դրանց հիման վրա եկել համապատասխան եզրակացության։

Ես իմ հոդվածներում գրել եմ՝ արդարությունը պետք է պաշտպանի արդարադատությունը եւ, փաստորեն, դատավորը ամբողջ փաստերը ուսումնասիրելով, եկել է եզրակացության:

«ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԷ»

— Դուք բազմիցս խոսել եք այս խնդրի մասին, հոդվածներ եք հրապարակել։ Ի՞նչ ապրումներ ունեք հաղթանակի բերկրանքը զգալով:

— Հպարտություն, քանի որ այս պայքարը միայն մեր անձնական շահերի պաշտպանության մասին չէ։ Այն նաեւ մեր դասական գրողների հիշատակի, նրանց աշխատանքի եւ ստեղծած արժեքների պաշտպանության հարցն է։ Այդ գույքը ձեւավորվել է նաեւ այն գրողների ստեղծագործությունների հոնորարներից, որոնք այսօր մեզ հետ չեն։ Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց թողած ժառանգությունը։ Այստեղ նաեւ մեր դասական գրողների պատվի խնդիրն է: Մենք իրենց արած գործը պիտի պաշտպանենք: Ես երիտասարդների հետ հանդիպման ժամանակ էլ եմ ասել՝ մենք պայքարում ենք ոչ միայն մեզ, այլեւ գալիք սերունդների համար։ Ապագայում նրանք նույնպես կարող են դառնալ միության անդամներ եւ օգտվել այն հնարավորություններից, որոնք ստեղծվել են նախորդ սերունդների աշխատանքի շնորհիվ։ Քանի որ առանց միության՝ չէր կազմավորվի ո՛չ չարենցյան սերդնի, ո՛չ Պարույր Սեւակի, Հրանտ Մաթեւոսյանի, Աղասի Այվազյանի, Գալշոյանի եւ այլոց վաստակը:

Գրողների միությունն իր պատմության ընթացքում կարեւոր դեր է ունեցել հայ գրականության զարգացման գործում։ Միության միջավայրում ձեւավորվել են տարբեր սերունդներ, ստեղծագործել են մեր անվանի գրողները, կազմակերպվել են գրական քննարկումներ, հրատարակվել գրքեր ու թերթեր, հանրահռչակվել հայ գրականությունը։ Այդ ամենը պատահականորեն չի ստեղծվել։ Դա տարիների աշխատանքի, գրական միջավայրի եւ միության գործունեության արդյունք է։

Մենք կազմակերպում ենք նաեւ միջազգային գրական հանդիպումներ, հրավիրում սփյուռքահայ եւ արտասահմանցի գրողների, համագործակցում տարբեր երկրների գրական շրջանակների հետ։ Վերջերս մեր միջոցառումներին մասնակցել են գրողներ Գերմանիայից, Լեհաստանից, Վրաստանից, Իրանից եւ այլ երկրներից։ Հարց է առաջանում՝ եթե միությունը զրկվի իր հնարավորություններից, ինչպե՞ս են շարունակվելու այս աշխատանքները։ Որտե՞ղ են անցկացվելու գրական հանդիպումները, ինչպե՞ս են պահպանվելու ձեւավորված ավանդույթները։ Ուստի՝ այս խնդիրը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան միայն շենքերի սեփականության հարցն է։

— Դատական գործընթացն այս վճռով ավարտվե՞լ է, թե՞ դեռ շարունակություն է ունենալու։

—Դատախազությունն ունի մեկամսյա ժամկետ՝ վճիռը բողոքարկելու համար։ Եթե բողոք ներկայացվի, գործը կարող է քննվել վերաքննիչ դատարանում, իսկ հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, նաեւ Վճռաբեկ դատարանում։ Այսինքն՝ դեռ հնարավոր են դատական գործընթացի հետագա փուլեր։ Այնուամենայնիվ, մենք շատ կարեւորում ենք այս առաջին քայլը, որը մանրամասն ներկայացվել է եւ հակափաստարկ չկա: Դատարանը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված նյութերը եւ հրապարակել հիմնավորված վճիռ։

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեին, ապա այն ներկայացրել է սեփականության իրավունքի գրանցման հիմքում եղած փաստաթղթերը։ Եթե այդ փաստաթղթերում թերություններ են եղել, ապա պետք է պարզել՝ ինչ բնույթ են դրանք ունեցել եւ որ մարմինն է պատասխանատու եղել։ Խոսքը 1998 եւ 1999 թվականներին կատարված գործընթացների մասին է։ Այսօր արդեն 2026 թվականն է։ Այդ տարիներին գույքի գրանցման գործընթացին մասնակցել են համապատասխան պետական մարմիններ, եւ հարցը պետք է դիտարկել նաեւ այդ պատմական ու իրավական համատեքստում։ Մենք հույս ունենք, որ արդարադատությունը կշարունակի առաջնորդվել փաստերով եւ արդարության սկզբունքով։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ մեր փաստաբաններին։ Կարծում եմ, որ այսպիսի գործերում վճռորոշ նշանակություն ունեն իրական փաստերը, իրավական հիմնավորումները, եւ դրանց խորքային ուսումնասիրությունը։ Մենք ցանկանում ենք, որ որոշումները կայացվեն ոչ թե ցանկությունների, այլ իրականության եւ օրենքի հիման վրա։ Մեր նպատակը արդարության պաշտպանությունն է՝ հանուն մեր գրողների ժառանգության, միության ներկա անդամների եւ ապագա սերունդների։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ