Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ
ՊատահարՆիկոլ Փաշինյանը պատմության մասին իր պատկերացումներն է ներկայացրել հանրությանը։ Նրա հնչեցրած մտքերի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։
— «Պատմություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ-որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա», - սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա նշանակում, հիմա էլ ցանկանում են վերջնականապես ջնջել պատմությո՞ւնը։
— Չեմ կարծում, թե նա ցանկանում է վերջնականապես ջնջել պատմությունը։ Պարզապես, որպես պատմաբան, այս ձեւակերպման բովանդակությունն ինձ համար որոշակիորեն անհասկանալի է։ Կարծում եմ՝ նրա խոսքն ավելի շատ ուղղված է այն գաղափարին, որ պատմությունը պետք է դիտարկել ապագայի տեսանկյունից, ոչ թե կենտրոնանալ միայն անցյալի վրա։ Ենթադրում եմ, նրա խոսքերի բուն իմաստը դա է եղել:
Դժվարանում եմ ամբողջությամբ մեկնաբանել նրա խոսքի իմաստը, քանի որ ինքս էլ հստակ չեմ հասկանում՝ ինչին է այն ուղղված։ Բայց հիմնական միտքը, թերեւս, այն է, որ պատմությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալի գիտություն, այլեւ որպես ապագային միտված գիտելիք։
— Իսկ եթե հասարակությունը չիմանա իր պատմությունը, չճանաչի անցյալը, ինչպե՞ս կարող է կերտել ապագան։
— Չեմ կարծում, թե այստեղ խոսքը պատմությունն իմանալու կամ չիմանալու մասին է։ Խնդիրը պատմությանը մոտենալու ձեւն է։ Մարդկանց մեծամասնությունը պատմությունը դիտարկում է որպես անցյալ, որպես մի բան, որին կարելի է վերադառնալ, իսկ Փաշինյանն առաջարկում է այն դիտարկել ապագայի տեսանկյունից՝ նայել առաջ, ոչ թե՝ հետ։
Սակայն, պատմության վերաբերյալ կա հայտնի հռոմեական ասացվածք, ըստ որի՝ առաջ գնալու համար նախ պետք է հետ նայել։ Այսինքն՝ անցյալը ճանաչելը կարեւորագույն նախապայման է ապագան կառուցելու համար։
— Եթե, ըստ Փաշինյանի, պատմությունը փոխել չենք կարող, ապա ինչպե՞ս կարող ենք ապագա կերտել՝ առանց անցյալի սխալները կրկնելու։
— Անկախության այս ավելի քան երեք տասնամյակների ընթացքում մենք անընդհատ խոսում ենք պատմության սխալները չկրկնելու մասին։ Բայց, ցավոք, մեր ժողովուրդը սեփական պատմությունից գրեթե ոչինչ չի սովորել եւ, կարծես, չի էլ ցանկանում սովորել։
Սա իմ անձնական տեսակետն է։ Մենք անընդհատ քաղաքականացնում ենք պատմությունը: Բնականաբար, պատմությունը քաղաքական գիտություն է, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեր հանրությունը սեփական պատմությունից անհրաժեշտ դասեր չի քաղել եւ չի էլ ուզում պատմությունը նայելով սովորել, որպեսզի սխալներ չգործի։
— Իսկ ընդհանրապես, որպես պատմաբան, ինչպե՞ս եք գնահատում ներկա սերնդի եւ երիտասարդության վերաբերմունքը սեփական պատմության նկատմամբ։ Որքանո՞վ են նրանք հիշում եւ արժեւորում իրենց անցյալը։
— Որպես մարդ, ով շփվում է ուսանողների հետ, կարող եմ ասել, որ երիտասարդները պատմությունն այնքանով են ճանաչում, որքանով ավագ սերունդը նրանց դաստիարակում եւ սովորեցնում է։ Սերունդն այստեղ մեղավոր չէ, չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել երիտասարդների վրա։ Այն արժեքները, որոնք մենք փոխանցում ենք նրանց, մեծապես ազդում են նրա վրա, թե ինչ են նրանք ընդունում եւ ինչպես են ընկալում պատմությունը։ Այսինքն՝ ինչ սովորեցնում ենք, այն էլ ստանում է սերունդը:
— Հետեւաբար, եթե մենք որոշենք չանդրադառնալ պատմությանը՝ պատճառաբանելով, որ այն արդեն անցյալ է, կնշանակի՞, որ հաջորդ սերնդին պատմություն չպետք է փոխանցենք։
— Ես խնդիրն այդպես չեմ ընկալում։ Չեմ կարծում, թե Փաշինյանն ասել է՝ պատմությանը պետք չէ անդրադառնալ։ Իմ ընկալմամբ՝ նրա միտքն այն է, որ պատմությանը պետք է նայել ոչ թե միայն որպես անցյալի, այլեւ որպես ապագայի։
— Իսկ Դուք ճի՞շտ եք համարում այն ձեւակերպումը, որ պատմությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անցյալ, այլ որպես ապագա։
— Այս հարցին այսպես կմոտենայի. մենք չենք կարող անընդհատ անցյալով ապրել, որովհետեւ այն մեզ հետ է պահելու առաջ շարժվելուց։ Բայց մյուս կողմից՝ չենք կարող ապրել նաեւ առանց անցյալի։
Հետեւաբար, մենք պետք է մեր ապագան համադրենք անցյալի հետ։ Անցյալից պետք է դասեր քաղենք, փորձենք շտկել սխալները եւ այդ գիտելիքի հիման վրա կառուցենք ապագան։ Սա, իհարկե, ընդամենը ցանկություն է: Բայց իրականությունը, ինչպես ցույց է տալիս մեր ժողովրդի պատմությունը, հաճախ բոլորովին այլ է...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
