Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ
ՄշակութայինՀայ գրականությունն ու կինոգիտությունը կորցրին ինքնատիպ մտածողի, արվեստի կրթությունը՝ նվիրյալ մանկավարժի, իսկ մշակութային կյանքը՝ մի մարդու, որի համար անցյալի հիշողությունը երբեք պարզապես անցյալ չէր, իսկ մշակույթը՝ զարդարանք կամ պաշտոնական հանդիսությունների առիթ։ Այն ինքնության, հայրենիքի ու մարդկային գոյության մասին խոսելու միջոց էր։ Մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող եւ կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
Մեծ էր նրա ներդրումը հայ կինոարվեստի, ժամանակակից գրականության եւ արվեստի կրթության զարգացման գործում։ Բայց պաշտոնական բնութագրումները որքան էլ ճշգրիտ են, չեն կարող ամբողջությամբ պատմել այն մարդու մասին, որի մտքում միաժամանակ տեղավորվում էին Փելեշյանի կինոյի փիլիսոփայությունը, Սարոյանի մարդկային ջերմությունը, Աղասի Այվազյանի անկոտրում կերպարը, հին Երեւանի բակերի բույրերն ու տրամվայների զրնգոցը։ Դավիթ Մուրադյանին հասկանալու համար պետք է կարդալ նրան։ Եվ լսել՝ նույնիսկ հիմա, երբ նա այլեւս լռեց հավետ․․․
«ՊԵՏՔ Է ԳԻՐՔ ԳՐԵՄ՝ «ՄԱՀՃԱԿԱԼ»
Նրա կյանքի վերջին ամիսները ծանր էին։ 2026-ի մարտի 17-ին Դավիթ Մուրադյանն անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։ Ախտորոշումը հեմոռագիկ կաթված էր, որն ախտահարել էր ուղեղի մեծ հատվածը եւ պարալիզացրել մարմնի զգալի մասը։ Արդեն սեպտեմբերի 1-ին դուստրը՝ Սեդա Մուրադյանը, գրել էր, որ հայրը երկրորդ կաթվածից հետո կրկին տանն է՝ թույլ, գրելու անկարող։
Գրելու անկարողությունը գրողի համար պարզապես ֆիզիկական սահմանափակում չէ։ Դա իր ներքին աշխարհի հետ ամենօրյա երկխոսության ընդհատումն է, մտքերի՝ թղթին հասնելու ճանապարհի փակվելը։ Իսկ Դավիթ Մուրադյանի համար բառը կենսակերպ էր, աշխարհը ճանաչելու եւ այն ուրիշներին փոխանցելու ձեւ։
Բայց նույնիսկ հիվանդանոցում նրա մտքերը գրքերի շուրջ էին։ «Պետք է գիրք գրեմ՝ «Մահճակալ»։ Ու մյուսը՝ «Իմ կյանքի ճանապարհը»,- հիվանդանոցից ասում էր նա։
Այս երկու վերնագրերում կարծես տեղավորվում է մի ամբողջ դրամատուրգիա։ Մեկը՝ կյանքի հարկադրած անշարժության, մարմնի սահմանների ու ժամանակի դեմ մենակ մնացած մարդու մասին։ Մյուսը՝ անցած ճանապարհի, հանդիպումների, հիշողությունների ու այն աշխարհի, որը մարդը կրում է իր ներսում՝ մինչեւ վերջին շունչը։ Այս վերնագրերը կարծես վերջին վկայությունն էին այն բանի, որ 74-ամյա գրողի համար կյանքը դեռ շարունակում էր վերածվել պատմության, նույնիսկ երբ մարմինն այլեւս չէր ենթարկվում կամքին։ Նա ուզում էր գրել։ Ուզում էր հասցնել պատմել։
ԱՐՎԵՍՏԻ ՄԵԾԵՐԻ ԿՈՂՔԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱ
Դավիթ Մուրադյանի հիշողություններում հայ մշակույթի պատմությունը կենդանի էր, շնչող, երբեմն՝ հումորով, երբեմն՝ հուզիչ մանրամասներով լի։
Նա պատմում էր, թե ինչպես էր երիտասարդ տարիքում դեպի «Հայֆիլմ» տանող ճեմուղու վրա սպասում կինոստուդիայի երթուղայինին, որը միշտ լեփ-լեցուն էր գալիս․«Մեկ էլ հանկարծ, կանգնում էր գազարագույն մի «Ժիգուլի»՝ թեթեւ, փոքրիկ, համեստ աշխատավոր իշուկ, որի պատուհանից Աղասի Այվազյանը հանում էր մորուքն ու ասում՝ նստեք։ Այդպես Աղասին ճանապարհին որսում տանում էր հայֆիլմականներին»։ Մեքենայի մեջ երբեմն Հենրիկ Մալյանն էր լինում, երբեմն՝ Լեւոն Աթոյանցը։ Եվ այդպես, ճանապարհին զրուցելով, գնում էին «Հայֆիլմ»։
Այս փոքրիկ դրվագն ավելին է, քան մի սերնդի կենցաղային հիշողություն։ Այն ժամանակի մշակութային միջավայրի կենդանի պատկերն է՝ արվեստագետների, որոնց ներկայությունն ինքնին կրթություն էր, որոնց հետ ճանապարհ անցնելն անգամ արվեստի դաս էր։
«Իսկապես, այդ իմաստով մեր սերնդի բախտը բերեց՝ մենք եկանք կինո, գրականություն, եւ մեր շուրջը շքեղ, հարուստ անհատականություններ էին»,- խոստովանում էր Մուրադյանը։
Նա հիշատակում էր Հենրիկ Մալյանին, Հրանտ Մաթեւոսյանին, Ֆրունզե Դովլաթյանին, Աղասի Այվազյանին․․․ Եվ նրա խոսքում այդ անունները պարզապես մշակութային մեծությունների ցանկ չէին։ Դրանք այն մարդկանց անուններն էին, որոնցով մի ամբողջ սերունդ սովորեց ճանաչել ու սիրել արվեստը։
Աղասի Այվազյանին Մուրադյանը համեմատում էր Դոն Կիխոտի հետ՝ նկատելով նրա քայլվածքի մեջ աշխարհը փոխելու ձգտումը, անհանգստությունն ու ներքին ըմբոստությունը։ Իսկ 1990-ականների դժվարին տարիների մասին խոսելիս՝ Մուրադյանը հիշում էր, որ Այվազյանն ասես հակադրվում էր համատարած ընկճվածությանը․ «Զարմանալիորեն՝ նա այդ տարիներին ավելի ուղիղ էր քայլում, քան՝ սովորաբար»։
Մուրադյանի համար այդ քայլվածքը պարզապես անհատական բնավորության դրսեւորում չէր։ Դա պատմական պահի նկատմամբ վերաբերմունք էր, երկրի ապագային հավատալու ձեւ։ Նա կարողանում էր մշակույթի մարդու ժեստի մեջ տեսնել մի ամբողջ ժամանակաշրջանի հոգեբանությունը։
«ԵՐԲ ՔՈ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ ԵՍ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵՋ ԵՍ»
Դավիթ Մուրադյանի մտահոգությունները երբեք չէին սահմանափակվում կինոյով կամ գրականությամբ։ Նրան հուզում էր հայկական մշակույթի տեղը ժամանակակից աշխարհում, Հայաստանի ու Սփյուռքի կապը, երիտասարդ սերնդի բարոյական պարտքը։
Մշակութային հայապահպանության մասին խոսելիս նա ասում էր. «Երբ քո մշակույթի մեջ ես՝ հայրենիքի մեջ ես, երբ մշակույթի մեջ չես՝ հայրենիքի մեջ չես, նույնիսկ՝ այդ հայրենիքում ապրելով»։
Սա նրա թեւավոր խոսքեր դարձած բազում մտքերից մեկն է՝ միաժամանակ պարզ ու պահանջկոտ։ Հայրենիքը, ըստ այդ մտածողության, միայն աշխարհագրական տարածք չէ։ Այն նաեւ լեզու է, հիշողություն, արվեստ, ինքնաճանաչողություն։ Մարդը կարող է ապրել հայրենիքում, բայց հեռանալ նրա հոգեւոր տարածությունից։ Եվ կարող է հազարավոր կիլոմետրերով հեռու լինել, բայց մշակույթի միջոցով շարունակել ապրել նրա ներսում։
Մուրադյանը կարեւորում էր համահայկական մտավոր ներուժի համախմբումը, մշակութային ծրագրերի ստեղծումը եւ հատկապես երիտասարդության ներգրավումը։ Նրա համոզմամբ՝ մշակույթը պետք է ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել՝ ժամանակակից աշխարհի իրողություններին համահունչ։
Նրա համար մշակույթը միայն անցյալի ժառանգությունը պահպանելու միջոց չէր, այլեւ ապագան կերտելու գործ։ Այս համոզմունքը հատկապես ցայտուն արտահայտվեց 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին արված նրա գրառման մեջ։ Դավիթ Մուրադյանն այդ ժամանակ փորձում էր հասկանալ խոսքի դերը մի իրականության մեջ, որտեղ հայրենիքի պաշտպանության համար զինվորն իր կյանքն էր դնում նժարին, իսկ մտավորականը պարտավոր էր գիտակցել իր բառի արժեքը։
«Բայց խոսքն ավելին է բառերից, նույնիսկ ամենաազնիվ ու անկեղծ։ Խոսքը երկիր է կառուցում։ Կերպար տալիս ժամանակին»,- գրում էր նա։
Մուրադյանի համար խոսքը չէր կարող կտրված լինել ժամանակի ծանր փորձությունից։ Նա ընդգծում էր զինվորի տիտանական ջանքն ու տառապանքը, նրա հոգեկան ուժը, նվիրումն ու արյունը՝ գիտակցելով, որ ոչ մի խոսք չի կարող հավասարվել այդ զոհողությանը։ Բայց հենց այդ գիտակցությունն էր, որ մտավորականի խոսքին առանձնահատուկ կշիռ էր հաղորդում։ Այն չպետք է խեղդվեր առօրյա կրքերի ու աղմուկի մեջ, այլ պետք է կարողանար իմաստավորել ժամանակը, արտահայտել ազգային փորձառությունն ու ճանապարհ ցույց տալ դեպի ապագա։
Այդ ապագայի իր պատկերացումը Մուրադյանն ամփոփում էր մի կարճ, բայց խորիմաստ ձեւակերպմամբ՝ «Հայոց տուն»։ Եվ հարցնում էր. «Գուցե այս տեսլակա՞նը դառնա սպասվող ժամանակի մեջ ինքնակազմակերպվելու կողմնացույց»։
Այս հարցով նա կարծես ավարտում էր իր մտորումը՝ այն թողնելով որպես ուղերձ բոլորիս։ Որովհետեւ հայրենիքը պաշտպանվում է ոչ միայն զենքով, այլեւ այն խոսքով, մշակույթով ու արժեքներով, որոնց շուրջ ժողովուրդը կարողանում է համախմբվել եւ ապագա կառուցել։
ՍԱՐՈՅԱՆԻ ՄԵՋ ՆԱ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳՈՒ ՁԱՅՆԸ
Դավիթ Մուրադյանը հայ գրականության ու համաշխարհային արվեստի մասին խոսում էր ոչ թե հեռավոր քննադատի, այլ խորապես ապրող ընթերցողի ու դիտողի դիրքից։
Վիլյամ Սարոյանի մասին նրա գրառումները դրա լավագույն վկայություններից են։ Նա հիշում էր 1976 թվականին Երեւանի գրողների տանը Սարոյանի հետ հանդիպումը, երբ ամերիկահայ գրողը խոսել էր հայոց լեզվի, գրողի առաքելության եւ իր հայկական ինքնության մասին։
Մուրադյանը պահպանել էր Սարոյանի խոսքերը. «Լեզու գործածելը մեծ պատասխանատվություն է։ Եթե լավ չգործածես, լեզուն կփչանա»։
Այս միտքը կարծես կամուրջ էր երկու գրողների միջեւ։ Երկուսն էլ գիտեին, որ լեզուն միայն բառերի հավաքածու չէ։ Այն հիշողություն է, պարտք, ճշմարտության որոնում։
Մուրադյանը Սարոյանի ստեղծագործություններում տեսնում էր հայրերի ու որդիների, ընտանիքի, մարդկային ջերմության եւ կյանքի հարվածներից չընկճվելու պատմությունը։ Եվ այդ ամենի մեջ՝ հայկական հոգու մի ձայն, որը կարող է հնչել նույնիսկ անգլերեն գրված ստեղծագործության մեջ։
«Մեր պատանեկությունն ու երիտասարդությունը կիսատ էին լինելու առանց քեզ»,- գրում էր նա՝ դիմելով Սարոյանին։
Այդ տողերում Մուրադյանը խոսում էր ոչ միայն մի մեծ գրողի մասին։ Նա խոսում էր այն արվեստի մասին, որը փոխում է ընթերցողին, սերնդին, երբեմն՝ մի ամբողջ գրականության ընթացքը։ Նա գիտեր՝ գրականությունը միայն գիրք չէ։ Այն հանդիպում է, որից հետո այլեւս նույն մարդը չես լինում։
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՐՑՐԱԾ ԲՈՒՅՐԵՐՆ ՈՒ ՉԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Դավիթ Մուրադյանի գրական աշխարհում իր ուրույն տեղն ուներ Երեւանը։ Ոչ միայն որպես քաղաք, այլեւ որպես անհատականությունների, ձայների, սովորությունների ու անհետացող աշխարհների ամբողջություն։
Նա կարոտով էր հիշում երեւանյան հին բակերի փշատենիների գարնանային բույրը, լուսանկարչատները, տրամվայների զրնգոցը, մարդկանց, որոնց ներկայությունը քաղաքի հիշողության մասն էր։ Այս հիշողություններում չկար պարզապես անցյալի հանդեպ քաղցր կարոտ։ Մուրադյանը փորձում էր հասկանալ՝ ինչ է կորցնում քաղաքը, երբ վերանում են ոչ միայն շենքերն ու ծառերը, այլեւ մարդկանց միջեւ եղած կապերը, փողոցների բնավորությունը, առօրյա կյանքի փոքրիկ արարողությունները։
Նա հիշում էր Քոչորին, Կոստան Զարյանին, հին երեւանյան մտավորականներին, քաղաքի խենթուկներին ու այն մարդկանց, որոնց անունները գուցե պատմության գրքերում չհայտնվեն, բայց առանց որոնց քաղաքն իր դեմքը կկորցնի։ Եվ հարց էր տալիս Երեւանին. «Քաղաքս, ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ»:
Մուրադյանը հասկանում էր, որ քաղաքը միայն ճարտարապետությամբ չի պահպանվում։ Նա գրի էր առնում այն, ինչ կարող էր անհետանալ մարդկանց հետ․․․
ՆԱ ԲԱՌԻ ՄԱՐԴ ԷՐ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԷՐ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԱՏՐԵԼ
Կինոյի մասին խոսելիս Դավիթ Մուրադյանը սիրում էր անդրադառնալ այն հարցին, թե ինչ կարող է անել պատկերը, երբ բառը դադարում է լինել գլխավոր միջոցը։ Համլետային հարցի պես հնչող այդ խնդիրը նա քննարկում էր Փելեշյանի կինոյի օրինակով՝ նշելով, որ ռեժիսորի ֆիլմերն ասես ազատագրվում են բառից, որովհետեւ պատկերը կարող է ունենալ ավելի երկար կյանք։
Այս մտորումը բնորոշ էր նաեւ հենց Մուրադյանի գրական աշխարհին։ Նա բառի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, թե բառը կարող է ամեն ինչ բացատրել։ Նա գիտեր նաեւ լռության, հայացքի, հիշողության ու չասվածի արժեքը։
Դավիթ Մուրադյանը հեռացավ՝ թողնելով ոչ միայն գրական ու գիտական ժառանգություն, այլեւ մի աշխարհ, որտեղ մշակույթը հայրենիք էր, բառը՝ խոսքի ուժ, իսկ հիշողությունը՝ ապագային փոխանցելու պարտք։ Եվ այսօր նրա հայտնի խոսքերից մեկը՝ «Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով», դառնում է նաեւ մեզ ուղղված պատգամ։
Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի․․․
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ