Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար եւ համանուն շարժման հիմնադիր անդամ ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ։
«ԻՆՉՔԱ՞Ն ԿԵՆՍՈՒՆԱԿ ՈՒԺ ԿՀԱՄԱԽՄԲՎԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՈՒՐՋ․ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ»
— Սամվել Կարապետյանը՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտարարեց, որ ցանկանում է համախմբել ճիշտ ընդդիմադիր ուժերի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում «ճիշտ ընդդիմադիր ուժեր»։
— Ճիշտ ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հարցին, երեւի թե, իրենք պետք է պատասխանեն։ Ճիշտ ընդդիմադիր ուժերի հետ կապված գնահատականները կարող են շատ սուբյեկտիվ եւ տարբեր լինել։
Ինչ վերաբերում է համախմբմանը, մենք այս վերջին երեք տարիներին ակտիվ ընտրական պրոցեսների մեջ ենք ՏԻՄ-երում եւ նաեւ մասնակցեցինք խորհրդարանական ընտրություններին։ Մենք ինքներս համախմբման ջատագովն ենք եղել, կողմնակիցն ենք եղել եւ միշտ պատրաստ ու բաց ենք եղել: Այդ առումով, մեզ հետ կապված որեւիցե խոչընդոտ, դժվարություն, խնդիր ես չեմ տեսնում:
Մնում է տեսնել, թե այդ պրոցեսի ինտենսիվությունն ի՞նչ մասշտաբներ կունենա, եւ վերջնարդյունքում այդ համախմբումն ինչքա՞ն գրավիտացիա կունենա, ինչքան կենսունակ ուժ կհամախմբի իր շուրջ: Այնպես որ, ինչպես պարոն Կարապետյանն է ասել, դաշտը բաց է նման գործունեության համար: Սպասում ենք գործողությունների եւ արդյունքների։
— Պարոն Սուքիասյան, «Մայր Հայաստան» կուսակցությունը ստացե՞լ է համախմբման առաջարկ։
— Ես «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր անդամ եմ, կուսակցության անդամ չեմ։ Եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, որովհետեւ նման տեղեկատվության՝ առաջարկ ստացել է, թե չի ստացել, ես չեմ տիրապետում։
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը, ՆԱԽ ԹՈՂ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱ՝ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ»
— Այնուհանդերձ, ինչպիսի՞ն կլինի Ձեր մոտեցումը, եթե նման համախմբման առաջարկ ստանա «Մայր Հայաստան»-ը Կարապետյանից։
— Այստեղ առաջնահերթ առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբում ենք, որ ի՞նչ անենք: Սոսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ կապված համախմբումը մի քիչ պարզունակ կլինի։ Պետք է նաեւ գոնե թե մի քիչ մերձավոր պատկերացումներ ունենանք հետնիկոլյան Հայաստանի վերաբերյալ։
Մինչ համախմբման այս զարգացումները, մենք հարկ ենք համարում, որ բոլոր քաղաքական ուժերը՝ առաջին հերթին նույն «Ուժեղ Հայաստան»-ը, հստակ քաղաքական գնահատականներով հանդես գան բոլոր քաղաքական բանտարկյալների հետ կապված դեպքերով՝ առանձին-առանձին։
Սա թող չդիտարկվի որպես ինչ-որ նախապայման, այլ դրվագ, որն արժանի է բարձրաձայնման: Բայց ընդհանուր առմամբ, կրկնում եմ, համախմբման գաղափարը ինքնին քննարկման ենթակա չէ, դա պետք է, հրամայական է, ընտրություններից առաջ դեռեւս պետք է լիներ: Լավ է ուշ, քան երբեք, ու այդ պրոցեսները պիտի լինեն հնարավորինս ինտենսիվ եւ անկեղծ։
— Դուք ասացիք, որ Ձեր քաղաքական ուժը միշտ կողմ է եղել համախմբման: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա տեղի չունեցավ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
— Տեսեք, ես հենց դրա համար շեշտեցի, որ մենք տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներում եղել ենք այդ գաղափարի դրոշակակիրներից մեկը, որ՝ այո, պետք է այնպես անել, որպեսզի տեղի ունենա մոտավորապես վրացական տարբերակը, ինչ-որ եղավ, ասենք, Իվանիշվիլի-Սահակաշվիլի մրցակցության պարագայում: Բայց, ցավոք, տարբեր պատճառներով, տարբեր անհաղթահարելի խոչընդոտների բերումով դա իրականություն չդարձավ։ Փորձ արվեց գործարկել «Գյումրի-2» տարբերակը, որը շատ մոտ էր հաջողության, եթե Նիկոլ Փաշինյանի ակնհայտ քաղաքական հրահանգով առաջին հերթին չձերբակալեին ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանին՝ կեղծ ու շինծու մեղադրանքով, դրանով իսկ վարկաբեկելու փորձ անելով «Բարգավաճ Հայաստան»-ին, իջեցնելով ձայները 4 տոկոսի սահմաններում, հետո արդեն ԿԸՀ-ին հստակ հանձնարարելով, որ այդ 4 տոկոսն էլ վերանայեն, տեղամասերը չեղյալ հայտարարեն եւ թույլ չտան, որ ԲՀԿ-ն անցնի։ Ահա այսպիսի շղթայական ռեակցիա է ունեցել չհամախմբվելը:
Այնպես որ, համախմբվելու հետ կապված, մենք հաստատապես եղել ենք բաց եւ շարունակում ենք այդպիսին լինել։ Ողջունելի է: Թող այդ պրոցեսը թափ հավաքի: Հաստատ, մեղմ ասած, խոչընդոտողը մենք չենք լինելու։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
