«Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:
— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե համախմբվելու են ընդդիմադիր շատ ուժերի հետ, բայց այս անգամ ընտրելու են ճիշտ ուժերի: Ի՞նչ կասեք այս մասին։
— Եթե ինչ-որ համախմբում պետք է լինի, ողջունելի է։ Ծրագիրն էլ, եթե այն ծրագիրն է, որ պետք է այս թշնամիների դեմ պայքարենք, կրկին ողջունելի է:
Ինչ է նշանակում ճիշտ կամ սխալ ընդդիմություն, դա իրենք պետք է ասեն, քանի որ ամեն մեկն իր պատկերացումն ունի ընդդիմության վերաբերյալ: Երեւի, արդեն ծրագիր ունեն եւ այն համադրելով՝ իրենց պատկերացմամբ ունեն վերապահումներ: Միգուցե, դա՞ է ճիշտն ու սխալը:
— Տիկին Փոստանջյան, Դուք ստացե՞լ եք Սամվել Կարապետյանից համախմբման առաջարկ:
— Ո՛չ։ Առաջարկ չեմ ստացել: Բայց ցանկացած գործողություն, որն օգնելու է թշնամու դեմ պայքարին, եթե դա օգուտ է բերելու կամ որոշ օգտակար տարրեր է առաջ բերելու, ես կողմնակից կլինեմ։
— Այդ դեպքում, եթե պետք է լիներ համախմբում, արդյոք դա չպետք է արվեր նախքան Ազգային ժողովի ընտրությունները։
— Երեւի թե, դա ավելի արդյունավետ կլիներ։ Հիմա հետհայացքով իհարկե ավելի հեշտ է ասել։ Ես կողջունեի, որ հենց ի սկզբանե համախմբվեին: Այո, ճիշտ կլիներ, որովհետեւ, այնուամենայնիվ, բռունցքով պայքարը, դա ավելի արդյունավետ է եւ հենց ի սկզբանե:
Հիմա արդեն, մենք տեսնում ենք, թե ինչ մասնատում տեղի ունեցավ, ու բացի այդ, ընդդիմության ձայները, ինչպես թալանվեցին, որն անթույլատրելի էր: Գիտեք, այս մեր պայմաններում չեմ կարող ասել, միգուցե ի սկզբանե համախմբման դեպքում էլ չունենայինք առաջընթաց, բայց, երեւի թե, դա ճիշտ կլիներ, որովհետեւ այսօրվա պայքարում ունենք մեկ թիրախ, եւ որին պետք է բոլորը միասնական բռունցքով հարվածեին, որ ունենայինք արդյունք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
