«Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը
ՎերլուծությունՄինչ Փաշինյանի իշխանությունը միջազգային բնապահպանական համաժողովի հարթակից խոսում է կենսաբազմազանության պահպանման, կանաչ ապագայի եւ էկոլոգիական անվտանգության մասին, Հայաստանի քաղաքացին շարունակում է շնչել փոշոտ օդ, ականատես լինել բնության ոչնչացմանն ու իր առօրյայում կրել իշխանությունների ցուցադրական քաղաքականության հետեւանքները։
Երեւանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանի համար կարող էր դառնալ ոչ միայն միջազգային հեղինակություն ձեռք բերելու, այլեւ երկրի բնապահպանական քաղաքականությունը վերանայելու, տարիներով կուտակված խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծման իրական ճանապարհային քարտեզ ներկայացնելու հնարավորություն։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում այս իշխանության օրոք, մեծ խոստումներն ու միջազգային ամբիոններից հնչող ճառերը մի իրականություն են ներկայացնում, իսկ քաղաքացին ամեն օր առերեսվում է բոլորովին այլ պատկերի։
Իշխանությունը պատրաստ է միլիոնավոր դրամներ ծախսել միջոցառման գովազդի, բրենդային նվերների, ժամանակավոր ենթակառուցվածքների եւ միջազգային իմիջի վրա, բայց որտե՞ղ է այդ նույն վճռականությունը, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու շնչած օդին, անտառների պահպանությանը, փոշու դեմ պայքարին եւ բնության անխնա շահագործման վերահսկողությանը։
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը COP17-ը ներկայացնում է որպես Հայաստանի անկախ պետականության եւ միջազգային նշանակության ապացույց՝ պնդելով, որ միջոցառման քաղաքական ու տնտեսական ազդեցությունը դժվար է գերագնահատել։ Նա նաեւ քննադատում է ընդդիմությանը՝ միջոցառման կազմակերպչական ծախսերը, այդ թվում՝ գովազդի եւ բրենդային պարագաների արժեքը հարցականի տակ դնելու համար։
Բայց այստեղ հարցը բնավ այն չէ, թե Հայաստանն իրավունք ունի՞ միջազգային միջոցառում կազմակերպելու։ Իհարկե՛ ունի։ Հարցն այն է, թե ինչպես է այդ իրավունքն իրացվում, ինչպիսի արդյունք է ստանում հանրությունը, եւ արդյոք իշխանությունն իր միջազգային հավակնությունները համադրում է երկրի ներսում առկա իրական խնդիրների հետ։
ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐ՝ ՓՈՇՈՏ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՖՈՆԻՆ
Եթե իշխանությունը հայտարարում է, որ Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար մասնակից, եւ դա ներկայացնում է որպես տնտեսական ու քաղաքական հաջողություն, ապա միանգամայն տրամաբանական է հարցնել՝ ինչո՞ւ այդ մեծ միջոցառումը չի ուղեկցվում բնապահպանական չափելի արդյունքներով։
Օրինակ՝ ինչո՞ւ այդ 15 հազար մասնակցի ներկայությունը հնարավոր չէր վերածել նաեւ բնապահպանական համերաշխության նախաձեռնության, ասենք, յուրաքանչյուր մասնակցի անունից տասը ծառ տնկելու գաղափարի։ Այդ դեպքում խոսքը կարող էր լինել 150 հազար ծառի մասին՝ նախապես ընտրված տարածքներում, մասնագիտական վերահսկողությամբ, հետագա խնամքի եւ պահպանման հստակ ծրագրով։
Սա հնարավորություն էր միջազգային միջոցառման շուրջ ստեղծված ուշադրությունը կապելու Հայաստանի բնության համար երկարաժամկետ նշանակություն ունեցող գործի հետ։ Հատկապես այն պայմաններում, երբ կենսաբազմազանության պահպանության մասին խոսող երկիրը պարտավոր է ցույց տալ ոչ միայն իր հյուրընկալության կարողությունը, այլեւ բնությունը պահպանելու գործնական կամքը։
Բայց ծառ տնկելը լուսանկարվելու համար նախատեսված արարողություն չէ։ Այն պահանջում է ծրագիր, պատասխանատվություն եւ շարունակական խնամք։ Իսկ հենց այս կետերում էլ պետք է չափել իշխանության բնապահպանական քաղաքականության իրական արժեքը։
ԱՎԱԶԸ ԹԱՓՎՈՒՄ Է, ՓՈՇԻՆ՝ ԼՑՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹՈՔԵՐԸ
Բնապահպանական քաղաքականության իրականությունը երբեմն ավելի խոսուն է, քան ցանկացած պաշտոնական զեկույց։
Այս օրերին քաղաքով անցնող ավազով բեռնված բեռնատարը դրա պարզ ու տեսանելի օրինակներից է։ Բեռնատարի վրայի ծածկն անգամ չի կանխում ավազի թափվելը․ այն շարժվում է փողոցներով՝ ճանապարհին ավազ ու փոշի թողնելով։ Եվ այստեղ հարցը միայն մեկ մեքենան չէ։ Հարցն այն է, թե ով է վերահսկում բեռնափոխադրումների անվտանգությունը, ով է պատասխանատու բեռի պատշաճ ծածկման, ճանապարհների աղտոտման կանխման եւ խախտումների դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Եթե նման տեսարանները քաղաքացիների առօրյայի մաս են դառնում, ապա բնապահպանական համաժողովի բեմից հնչող «կանաչ ապագայի» մասին խոսքերը ակամա վերածվում են դառը հեգնանքի։ Քաղաքացին իրավունք ունի պահանջելու, որ բնապահպանական քաղաքականությունը տեսանելի լինի ոչ միայն համաժողովների դահլիճներում, այլեւ իր տան պատուհանից դուրս։
Երեւանի օդի աղտոտվածության խնդիրը վաղուց է քննարկվում։ Շինարարական աշխատանքները, փոշու տարածումը, տրանսպորտային արտանետումները եւ դրանց նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը հանրային լուրջ մտահոգության առարկա են։ Այս խնդիրները մեկ համաժողովով չեն առաջացել եւ մեկ համաժողովով էլ չեն լուծվելու։ Բայց հենց այսպիսի միջազգային միջոցառումը կարող էր առիթ դառնալ՝ ներկայացնելու կոնկրետ պարտավորություններ, վերահսկողության նոր մեխանիզմներ ու արդյունքների հրապարակային գնահատման համակարգ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑԸ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Բնապահպանական օրակարգի նկատմամբ իշխանության վերաբերմունքը հատկապես սուր է դառնում, երբ խոսքը վերաբերում է հանքարդյունաբերությանը։ Ամուլսարի շուրջ տարիներ շարունակ ծավալվող վեճը միայն մեկ հանքավայրի հարց չէ։ Այն ցույց է տալիս, թե որքան բարդ է համադրել տնտեսական շահը, բնապահպանական ռիսկերը, հանրային վստահությունը եւ պետական որոշումների նկատմամբ վերահսկողությունը։
Եթե COP17-ի հարթակից հնչում են կենսաբազմազանության պահպանության եւ բնության վերականգնման մասին հայտարարություններ, ապա հանքարդյունաբերության վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է բացատրվի հանրությանը՝ հրապարակային տվյալներով, ռիսկերի լիարժեք գնահատմամբ եւ անկախ վերահսկողության երաշխիքներով։
Հատկապես կարեւոր է, որ հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները չփոխարինվեն քաղաքական կարգախոսներով։ Ո՛չ «ներդրում» բառը կարող է ինքնաբերաբար արդարացնել բնապահպանական ռիսկը, ո՛չ էլ «կանաչ» հայտարարությունը կարող է ինքնին ապացուցել, որ պետությունը պաշտպանում է հանրային շահը։
Բնությունը չի կարող դառնալ քաղաքական առեւտրի առարկա։ Իսկ իշխանության պարտականությունն է ապացուցել, որ ընդունվող որոշումների հիմքում ոչ թե կարճաժամկետ տնտեսական հաշվարկն է, այլ Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու քաղաքացիների շահը։
452 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԳՈՎԱԶԴ, ԹԵ՞ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
COP17-ի կազմակերպման ծախսերի շուրջ ծավալված բանավեճում իշխանության ներկայացուցիչները փորձում են քննադատությունը ներկայացնել որպես Հայաստանի միջազգային ներկայության դեմ ուղղված պայքար։ Սակայն հանրային միջոցների ծախսերի վերաբերյալ հարցեր տալը պետականության դեմ պայքար չէ։ Ընդհակառակը՝ դա հանրային հաշվետվողականության բնական պահանջ է։
Եթե հեռուստատեսային գովազդի համար նախատեսվել է շուրջ 452 միլիոն դրամ, եթե քննարկման առարկա են դարձել ժամանակավոր շինությունների կառուցման ծախսերն ու նույնիսկ բրենդային պարագաների գները, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ է ստացվելու այդ գումարների դիմաց, ինչ տնտեսական արդյունք է կանխատեսվում, ինչպես է այն հաշվարկվելու, եւ ի՞նչ երկարաժամկետ օգուտ է մնալու Հայաստանի համար։
Այն պետք է չափվի։ Մասնակիցների թիվը, հյուրանոցների զբաղվածությունը կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճը կարող են որոշակի տնտեսական ակտիվություն ստեղծել, բայց դրանք դեռ չեն նշանակում, որ միջոցառման բոլոր ծախսերն արդարացված են կամ որ օգուտը համաչափ է դրանց։
Նույն տրամաբանությամբ՝ միջազգային ուշադրությունն ինքնին չի մաքրում օդը, չի վերականգնում անտառները եւ չի կանխում բնապահպանական խախտումները։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Իշխանությունը կարող է միջազգային ամբիոնից հայտարարել, որ Հայաստանը միացել է կանաչ ապագայի պայքարին, բայց այդ հայտարարության իրական արժեքը որոշվելու է ոչ թե դահլիճում հնչած ծափահարություններով, այլ Հայաստանի անտառներում, հանքավայրերի շուրջ, քաղաքների փողոցներում և, ամենակարևորը, քաղաքացիների շնչած օդում։
Մինչ այդ «կանաչ ապագայի» մասին ճառերի և փոշոտ իրականության միջև հակադրությունը մնում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության ամենախոսուն պատկերը։
Ի դեպ, COP17-ից առաջ իշխանական շրջանակներում հնչած հայտարարությունները, թե Հայաստան են ժամանելու աշխարհի որոշումներ կայացնողների մեծ մասը, նույնպես հանրային քննարկման առարկա են դարձել։ Մասնակիցների կազմի եւ նրանց քաղաքական կշռի վերաբերյալ չափազանցված սպասումները, ակնհայտ է, որ չեն համապատասխանում իրականությանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ