Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ

Միջազգային

Այսպիսով, ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ ենթադրում էինք, ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ: Ու թեեւ այս պահին շատ բան է ակնարկում այս անգամ խաղաղության հասնելի ռեալ հնարավորության մասին, սակայն ուկրաինական գործընթացում այնքան են այս կարգի տատանումներ եղել, որ ոչ մի դեպքում վերջնական երաշխավորված հաջողության մասին արդեն խոսելը հնարավոր չէ:

ՈՒԻՏԿՈՖԸ ԲԱՑԵՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ

Ամեն դեպքում, Թրամփի բանագնացի՝ Ուիտկոֆի` նախօրեին կայացած այցը Եվրոպա՝ Օսլո, ապա նաեւ Պետերբուրգ, բանակցությունները նախ Զելենսկու եւ եվրոպացիների, ապա Պուտինի հետ լավատեսության լուրջ ալիք է առաջացրել: Բանը հասավ նաեւ Թրամփի հայտարարությանը՝ Ուկրաինայում պատերազմն այժմ առավելագույնս մոտ է ավարտին. «Մենք մոտենում ենք Ուկրաինայի պատերազմի ավարտին։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել»:

Նույն ոճի մեջ, թեեւ ավելի զուսպ լավատեսություն հնչեց նաեւ Մոսկվայից՝ Ուիտկոֆի հետ հանդիպման արդյունքներից ելնելով: ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին։ «Չգիտեմ, թե որքան մոտ ենք, բայց մենք շարժվում ենք դեպի դա»,- հայտնեց Ուշակովը՝ նաեւ տեղեկացնելով, որ արդեն ծրագրված է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների փուլ:

Վերջապես, լավատեսական ակնարկներ անգամ Եվրոպայից են լսվում, ընդ որում, մի քանի ուղղվածության: Նախ տեղեկատվության տեսքով, որ ԵՄ-ն դիմել է ոչ միության անդամ եւ Ուկրաինային աջակցող երկրներին՝ Բրիտանիային, Կանադային եւ այլն, խնդրելով ավելացնել Կիեւի ֆինանսավորումը: Սա ցուցադրական ակնարկ է, որ եվրալիդերներն այլեւս ֆինանսավորման սեփական աղբյուրներ չեն գտնում կամ չեն ցանկանում գտնել եւ ստիպված են դիմել մյուսներին: Ամեն դեպքում, Կիեւը դա կարող է ընկալել որպես «մեր վրա հույս չդնես» կարգավիճակի մեսիջ: Ապա մոտավորապես նույն «մեխին խփեց» Բելգիայի (այստեղ են գտնվում ռուսական սառեցված ակտիվների հիմնական մասը, եւ պարբերաբար խոսվում է այդ միջոցներն Ուկրաինային տալու մասին) վարչապետ Բարտ դե Վևերը: Ըստ The Brussels Times-ի, վարչապետը հայտնել է, որ Եվրոպան այլևս չի առաջարկի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավում Ուկրաինայի ֆինանսավորման համար, ինչը հստակեցվել է օրերս կայացած ԵՄ գագաթաժողովում: Ավելին, որ անգամ բռնագրավման օգտին հրապարակային հայտարարությունները կարող են իրավական հետևանքներ ունենալ, քանի որ դա կտրուկ հակասում է եվրոպական օրենքներին: Այսինքն, եթե այս հարցի հետ կապված սկսել են հիշել եվրոպական օրենքների մասին, նշանակում է, որ ինչ-որ բան է փոխվում: Ամեն դեպքում, նման հայտարարությունից հետո Կիեւը պետք է որ հույսը նաեւ ռուսական փողերից կտրի:

Վերջապես այն հիստերիան, որ թվարկված զարգացումների ֆոնին սարքեց ԵՄ գլխավոր դիվանագետ եւ գլխավոր ռուսատյաց, «հիմար աղջնակ» մականունը ստացած Կայա Կալլասը, իր հերթին է շատ բան ակնարկում ներկա վիճակի մասին: Այսինքն, Կալլասն այն վիճակին է հասել, որ արդեն անգամ ԱՄՆ-ին է ուղիղ մեղադրանքներ հղում, թե Ուկրաինային իրականում կապիտուլյացիա են պարտադրում։ Բայց երեւի Կալլասի բախտից էր, որ իրեն լուրջ չեն ընդունում, այլապես «տիրոջ» հասցեին նման խոսքերից հետո կարող էին «լեզուն կտրել»:

«ՆՈՐ ՊՈՏՍԴԱՄԸ» ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՌԵԱԼ

Ի դեպ, խոսելով ուկրաինական խաղաղության հեռանկարների մասին, Ուշակովը նաեւ մեկ հայտարարություն հնչեցրեց, որը թեեւ ուղիղ Ուկրաինայի թեմայի համատեքստում չէ, բայց շատ ավելի տեսանելի է դարձնում ամբողջական իրավիճակը: Այսպես, ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը ենթադրում է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը Չինաստանում ոչ միայն շատ հավանական է դարձել, այլ նաեւ կարող է պատմական իրադարձություն դառնալ:

«Դե, գիտեք, կարծես թե բոլորը հետաքրքրված են այս հանդիպմամբ: Հավանաբար, որոշ չափով դա պատմական հանդիպում կլինի: Սա առաջին անգամը կլինի, երբ երեք այդքան մեծ երկրների առաջնորդները կհանդիպեն: Ինչպես ասացի, բոլորը պատրաստ են դրան, բայց շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված է գագաթաժողովի չինացի հյուրընկալողներից, ովքեր, բարենպաստ հանգամանքներում, պետք է այս միջոցառումը ներառեն ԱԽՏՀ գագաթաժողովի ծրագրում: Նախ, բոլոր առաջնորդները պետք է հաստատեն իրենց պատրաստակամությունը նման հանդիպման համար: Այն իսկապես մասնագիտորեն մշակվել է»: Ավելին, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է գնահատումը, որ այդ հանդիպումը կարող է դառնալ «Նոր Յալթա» (կամ «նոր Պոտսդամ» տարբերակով)՝ տերմին, որն արդեն շրջանառվում է, ՌԴ նախագահի խորհրդականը նշում է. «Մտածեք ինքներդ: Կարծում եմ, որ եթե հանդիպումը տեղի ունենա, մեկնաբանությունների և գնահատականների փոթորիկ կլինի»:

Եթե նման հանդիպումը «իսկապես մասնագիտորեն մշակվել է», նշանակում է, որ մինչ այս այն եղել է նախապատրաստական թեեւ որոշակիորեն ստվերային, բայց շատ խորը եւ չափազանց լուրջ փուլ: Այսինքն, կան նաեւ այն հավանական պայմանավորվածությունները, որոնք կարող են այդ հանդիպման ժամանակ ձեռք բերվել: Ավելի կոնկրետ, պաշտոնական տեսք ստանալ, հաշվի առնելով, որ այդ «նախապատրաստական փուլում» հիմնական դետալները պետք է որ համաձայնեցված լինեն:

Թե մոտավորապես ինչի մասին է խոսքը, հետաքրքիր դիտարկում է հնչեցնում The Wall Street Journal-ը: Այսպես, աղբյուրի համաձայն, ԱՄՆ նախագահը հետաքրքրված է եռակողմ գագաթաժողովով, որը «կարող է հանգեցնել աշխարհի ազդեցության ոլորտների նոր բաժանման»: Սա, իհարկե, համապատասխանում է նախնական պատկերացումներին. գլոբալ էսկալացիան հասել է այն մակարդակին, որ հիմնական ուժերը պետք է կա´մ հստակեցնեն իրենց փոխադարձ ռազմավարական դիրքերը ողջ աշխարհով մեկ՝ ստեղծելով գործնականում արդեն չաշխատող համաշխարհային կառավարման համակարգին փոխարինող նոր համակարգ: Կա´մ չափազանց մեծացել է հավանականությունը, որ միջուկային բախումը կդառնա ընդամենը ինչ-որ պահի արձանագրված փաստ:

Այսպիսով, եթե երեք գերտերություններն իրոք ցանկանում են արդեն մեկ ամսից «աշխարհը վերաբաժանել ազդեցության ոլորտների», ապա դրանում ուկրաինական կարգավորման թեման առաջնային տեղում է. հենց այստեղով է անցնելու ռուսական եւ ամերիկյան ազդեցության գոտիների բաժանարար գիծը:

ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ԶԻՋԻ

Այսպիսով, եթե առաջնորդվենք հիշատակված վարկածով, ապա հարցն արդեն հասնում է ոչ թե ուկրաինական խաղաղության լինել-չլինելը, այլ, թե որտեղով կարող է անցնել ռուս-ամերիկյան ապագա բաժանարար գիծը, այն է՝ ուկրաինական կարգավորման ի՞նչ սխեմա է օրակարգում: Պաշտոնապես դեռ դետալների մասին չի խոսվում: Ընդհանրական իմաստով, օրակարգում է նման մեխանիզմի մասին հրապարակային այս կարգի դիտարկումը. Ուկրաինան պետք է զիջի տարածքները՝ անվտանգության եւ հետագա տնտեսական օգնության երաշխիքներ ստանալով: Նույնը, ինչ մինչ նախորդ բանակցային փուլում: Միայն թե այս դեպքում, դատելով տարբեր ենթադրություններից, փոխվել են զիջվող տարածքների եւ սպասվող օգնության սահմանները: Այսինքն, Կիեւը պետք է հիմա ոչ միայն ամբողջովին հանձնի Դոնբասը, այլ նաեւ ընդունի Խարկովի եւ Սումիի մարզերում բավականին ծավալուն հատվածներ ՌԴ-ին թողնելու տարբերակը: Այսինքն, հիմա ռուսները պահանջում են նախկին բանակցային փուլից նկատելիորեն ավելին:

Եթե սրան ավելացնում ենք նաեւ այն էներգետիկ եւ քաղաքական իրողությունները, որոնք աչքի առաջ սրվում են Եվրոպայում, ապա դա էլ ավելի մեծ կշիռ է տալիս վարկածին, որ ուկրաինական խաղաղության տեսլականն այս անգամ վերջնագծին հասնելու ռեալ հեռանկարներ իրոք ունի:

Մի խոսքով տեսլականը, որ, Թրամփի ասածով՝ «երբեք այսքան մոտ չենք եղել», հիմնավոր տեսք ունի: Ավելին, դա վերջին ժամանակների զարգացումների տրամաբանական շղթայից բխող սցենարի տեսք է ստացել: Ու չնայած նման լավատեսությանը, այն մեխանիզմը, որը դրված է խաղաղության հասնելու այս փուլի տակ, ինչ-որ բանով հիշեցնում է նախորդ նման, բայց ձախողված փուլերը: Ըստ այդմ էլ՝ վերջնական երաշխիքներից դեռ խոսելն իմաստ չունի: Այսինքն, մի կողմից, ինչպես անգամ ուկրաինական աղբյուրներն են պնդում, այս դեպքում Զելենսկուն անգամ մանեւրելու տեղ չի թողնվում: Ավելին, որ Ուիտկոֆն Օսլոյում ոչ թե բանակցել է, այլ ներկայացրել է պատրաստի փաթեթ, «որը հաշվի է առնում Մոսկվայի հիմնական պահանջները», եւ որը Կիեւը եւ եվրոպացիները պետք է ոչ թե քննարկեն, այլ անվերապահ ընդունեն։ Ավելին, ուկրաինական տեղյակ աղբյուրները գնահատում են, որ Զելենսկու առաջ է դրված նաեւ խաղաղության ճանապարհային քարտեզը, եւ հիմա Կիեւը գործնականում կարող է առավելագույնը՝ խաղալ բանակցությունների վերջնական փուլը ձգձգելու վրա, այլ ոչ թե բուն պայմանագրային դետալները փոխելու։ Բայց նաեւ, որ՝ «Ուիտկոֆը զգուշացրել է Զելենսկուն, որ բանակցություններն ավարտվել են, և համաձայնագրի ցանկացած խախտում լուրջ կընդունվի»:

Սակայն մյուս կողմից չմոռանանք, որ գլոբալիստները, որոնք ներկայացված ամբողջական սխեմայի կյանքի կոչման դեպքում դառնում են հիմնական պարտվող ուժերը, դեռ բավարար զորություն ունեն, այդ թվում՝ Զելենսկու վրա մեծ ազդեցություն: Այսինքն` երաշխիքներ, որ Զելենսկին ստիպված է վազել ու իր առաջ դրած ամեն մի պայմանագիր ստորագրել, պարզապես չկան: Կարճ ասած, կարելի է ասել, որ թեեւ Ուկրաինայում խաղաղության գաղափարը շատ մոտ է թվում, բայց սպասվող ամերիկյան ընտրություններից հետո ցանկացած շրջադարձ դեռ հնարավոր է: Ընդհուպ, որ այդ ընտրություններից հետո սպասվող Պուտին-Թրամփ-Սի հանդիպումը պարզապես կարող է եւ ձախողվել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ