Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է. Հոկտեմբերի 24 Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը

Մշակութային

Նա ծիծաղով էր խոսում աշխարհի ցավերի մասին, գծերով մերկացնում մարդկային արատները եւ իր արվեստով Հայաստանի անունը հասցնում աշխարհի տարբեր անկյուններ։

87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ, նկարազարդող, անիմատոր եւ հայ ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետներից մեկը՝ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐՈՅԱՆԸ։

Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Իրինա Աբրոյանը՝ հորն ուղղված հուզիչ հրաժեշտի խոսքում։ Իրինան հորը հիշել է ոչ միայն որպես ճանաչված արվեստագետի, այլեւ որպես սիրող հայր, պապ ու նախապապ, որը հիանում էր իր երեխաներով, թոռներով ու ծոռներով եւ անսահման սիրում նրանց։

Դստեր գրառման մեջ կա նաեւ ցավոտ մի դրվագ։ Նրա խոսքով՝ հոր մահից ընդամենը մի քանի օր առաջ նրան հայտնել էին, որ այն թերթը, որին նա երկար տարիներ էր նվիրել՝ դեռ «Կոմունիստի» ժամանակներից, այլեւս նրա ծառայությունների կարիքը չունի․․․ Այս հանգամանքն առավել ցավալի է դարձնում մեծ արվեստագետի հեռացումը՝ հիշեցնելով, թե որքան կարեւոր է գնահատել մարդու վաստակը, քանի դեռ նա մեզ հետ է։

ՆՐԱ ՄԱՏԻՏԸ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Վլադիմիր Աբրոյանի անունը տասնամյակներ շարունակ ուղեկցել է հայկական մամուլի պատմությունը։ Նրա աշխատանքները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության հայտնի պարբերականներում՝ «Կրոկոդիլ», «Օգոնյոկ», «Նեդելյա», «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկի սոյուզ», «Մոսկովսկիե նովոստի», «Սովետսկի սպորտ» եւ այլ հրատարակություններում։

Նրա ծաղրանկարներում աշխարհի հակասություններն ու մարդկային թուլությունները ներկայացվում էին սուր հեգնանքով։ Մի քանի դիպուկ գծով նա կարողանում էր բացահայտել այն, ինչի մասին երբեմն երկար հոդվածներն անգամ չէին կարողանում նույնքան խոսուն պատմել։

Երկար տարիներ Աբրոյանն իր արվեստը նվիրեց «Ոզնի» երգիծաթերթին՝ դառնալով հայկական երգիծական արվեստի ճանաչված դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործական ձեռագիրը ձեւավորվել էր տարիների աշխատանքի, դիտողականության եւ մարդկային բնության խորքային ընկալման շնորհիվ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ

Աբրոյանի արվեստը վաղուց էր հատել Հայաստանի սահմանները։ Նրա աշխատանքները հրապարակվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Լիբանանի պարբերականներում։ Նա մասնակցել է միջազգային ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում եւ Նիդեռլանդներում։

Նրա ինքնակենսագրությունը, դիմանկարը եւ յոթ ծաղրանկարները ներառվել են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում», իսկ աշխատանքները տեղ են գտել նաեւ Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։

Աբրոյանը բազմիցս արժանացել է համամիութենական եւ միջազգային մրցույթների մրցանակների։ 1995 թվականին ստացել է «Չեզարե Մարկորելիի» անվան մրցանակը, իսկ 2015 թվականին Իտալիայի Տոլենտինո քաղաքում անցկացված Արվեստում հումորի միջազգային բիենալեին ներկայացրել է «Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանքը։

Նրա ստեղծագործական առաքելությունը հստակ արտահայտված էր իր իսկ խոսքերում. «Ինձ համար կարեւորն այն է, որ աշխարհն իմանա, որ կա Հայաստանի նման երկիր, որտեղ դեռ կան լավ նկարիչներ»։

Այս խոսքերը բացահայտում են այն սկզբունքը, որով նա առաջնորդվում էր։ Աբրոյանի համար արվեստը ոչ միայն ինքնարտահայտման միջոց էր, այլեւ հնարավորություն՝ աշխարհին ներկայացնելու հայրենիքը, նրա ստեղծագործական ներուժն ու մշակութային արժեքները։

ՎԱՐՊԵՏԸ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ՈՐՈՆԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ

Միջազգային ճանաչումը նրա համար ստեղծագործական ճանապարհի ավարտը չէր։ Աբրոյանը շարունակում էր ձգտել նոր արդյունքների՝ սեփական հնարավորությունները փորձարկելու, ինքն իրեն գերազանցելու եւ արվեստի որակը բարձրացնելու նպատակով։

Նրա խոսքերից մեկը՝ «Ես լիաթոք կարող եմ հինգ, վեց տարին մեկ ծիծաղել», յուրօրինակ պատկերացում է տալիս արվեստագետի ներաշխարհի մասին։ Այս փոքր-ինչ պարադոքսալ արտահայտության մեջ կարծես բացահայտվում է այն մարդու բնավորությունը, որը տասնամյակներ շարունակ ուրիշներին ծիծաղելու առիթ էր տալիս, բայց ինքն աշխարհին նայում էր խորաթափանց, երբեմն՝ փիլիսոփայական հայացքով։

Վլադիմիր Աբրոյանը Հայաստանի եւ Խորհրդային Միության նկարիչների միությունների անդամ էր։ Սակայն նրա վաստակն ամփոփվում է ոչ միայն կոչումներով ու մրցանակներով, այլեւ հայկական ծաղրանկարչության պատմության մեջ թողած հետքով։

ՄԱՐԴԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՆՐԱ ԳԻԾԸ ՄՆՈՒՄ Է

Վլադիմիր Աբրոյանի մահը ծանր կորուստ է նրա ընտանիքի, գործընկերների, արվեստասերների եւ հայկական մշակույթի համար։ Նրա ստեղծագործությունները մի ամբողջ ժամանակաշրջանի վկայություն են՝ մարդկային բնության, հասարակական կյանքի եւ աշխարհի հակասությունների մասին։

Այսօր նրա մատիտն այլեւս նոր պատկերներ չի ստեղծի, բայց նրա աշխատանքները չեն կորցնի իրենց ասելիքը։ Դրանք շարունակելու են ապրել թերթերի հին համարներում, գրքերում, հանրագիտարաններում եւ այն մարդկանց հիշողության մեջ, որոնց համար նրա ծաղրանկարները տարիներ շարունակ եղել են ժպիտի ու մտորումների աղբյուր։

Նա կապրի նաեւ իր ընտանիքում՝ երեխաների, թոռների ու ծոռների մեջ, որոնց այդքան սիրում էր, եւ այն մարդկանց սրտերում, որոնք ճանաչել են նրան ոչ միայն որպես մեծ արվեստագետի, այլեւ որպես համեստ, նրբանկատ ու կենսախինդ մարդու։

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ։ Դու կարողացար ծիծաղեցնել մարդկանց, բայց նաեւ ստիպել նրանց տեսնել աշխարհի ու սեփական էության անհարմար ճշմարտությունները։  

Վլադիմիր Աբրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ից 20։00-ն, Նուբարաշեն 46 հասցեում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, նույն հասցեից։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ