Արցախցիների աջակցության ծրագիրի չափը կնվազի 50 տոկոսով
ՏնտեսությունԿառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում է Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգելու և աջակցության չափը նվազեցնելու հարցը։
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Միաժամանակ, ծրագրերից մեկի շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ապրիլից ամսական աջակցության չափը 30 հազար դրամից նվազեցնել 15 հազար դրամ։
Ամսական 30 հազար դրամի աջակցության ծրագրով աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված անձանց որոշակի խմբերի։ Աջակցության տրամադրումը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը։ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 15 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերին այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 45 հազար 800 անձ։ Ամսական ֆինանսավորման չափը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ։
Կշարունակվի նաև Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ նախագծի՝ ծրագրի շահառու ընտանիքների միջին ամսական թիվը ներկայումս շուրջ 8500 է։ Ամսական ֆինանսավորումը կազմում է մոտ 498 մլն դրամ։ Նախատեսվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։
Նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ12․6 մլրդ․դրամ, որը նախատեսվել է 2027թվականի ՀՀ պետական բյուջեով:
Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է շարունակել սոցիալական աջակցությունը՝ միաժամանակ աստիճանաբար նվազեցնելով ամսական 30 հազար դրամի ծրագրով տրամադրվող գումարը՝ խթանելու շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։
