ՔՊ-ն թաղեց եռագլուխ հայրիկին Հիմա բացահայտվե՞լ է, թե՞ բան չեն արել. ԶԱՐՄԱՆՔ Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետեւից Будем бить аккуратно, но сильно. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Նիկոլը գիտեր, որ պարտվել է խայտառակ ձեւով․ Հայկ Նահապետյան (ԱՆՈՆՍ) Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը

ՔՊ-ն թաղեց եռագլուխ հայրիկին

Վերլուծություն

«Հայրիկ» ֆիլմում կա մի դրվագ, որը կարծես հատուկ այսօրվա հայաստանյան քաղաքական իրականության համար է ստեղծված. հայրիկին թաղող շինարար Հովսեփը, կարծես, միաժամանակ ե՛ւ կատարում է իր պարտքը, ե՛ւ տխրում, որ ավարտվում է մի ամբողջ դարաշրջան։

Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո հնչեցրած հայտարարություններն էլ նույն տրամաբանության մեջ են. մի կողմից՝ հաղթականորեն ազդարարում է, թե «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ոչնչացված է, մյուս կողմից՝ անհանգստանում, որ իր ջախջախած ընդդիմության փոխարեն դեռ չի ծնվել այն ընդդիմությունը, որի գոյությունը, պարզվում է՝ իրեն անհրաժեշտ է։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ է իրականում թաղում Փաշինյանը, եւ ինչո՞ւ է հաղթանակի մասին խոսելիս այդքան շտապում բացել արդեն հաջորդ քաղաքական գերեզմանի թեման։

Նախ՝ արձանագրենք. համայնքային ընտրություններում ՔՊ-ի բարձր տոկոսներն ինքնին քաղաքական փաստ են, բայց այդ թվերի մեկնաբանությունը բոլորովին այլ հարց է։ Ընտրական արդյունքը դեռ չի նշանակում, թե հասարակության բոլոր շերտերն անվերապահորեն ընդունել են իշխանության քաղաքականությունը, իսկ ընդդիմության ձախողումը ինքնաբերաբար չի վերածվում իշխանության նկատմամբ համընդհանուր վստահության։ Այդ տարբերությունը, կարծես, Փաշինյանն էլ է զգացել՝ միաժամանակ շնորհավորելով իր թիմակիցներին եւ խոստովանելով, որ 70, 80 ու 90 տոկոսանոց արդյունքները որոշակի մտահոգություններ են առաջացնում։

Սակայն Փաշինյանի խոսքի ամենաուշագրավ մասը ոչ թե այդ անհանգստությունն էր, այլ նրա քաղաքական հաշվետվությունը սեփական ընդդիմության «ոչնչացման» մասին։ Փաշինյանը հայտարարեց, որ իր նախընտրական հանձնառությունը կատարել է, եւ «պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցությունը» գործնականում վերացված է։ Հետո, կարծես հանկարծ հիշելով, որ ժողովրդավարական պետությունում իշխանությունն առանց իրական հակակշիռների կարող է հայտնվել անհարմար դրության մեջ, հավելեց, թե Հայաստանին անհրաժեշտ է նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն։ Տպավորությունն այնպիսին է, թե մարդն ինքն է քանդել տան միակ պահեստային ելքը, հետո մտահոգվել, որ արտակարգ իրավիճակում տարհանման խնդիր է առաջանալու։

ՈՐՆ ԷՐ ԱՅՆ ԵՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԸ, ՈՐԸ ՓԱՇԻՆՅԱՆ ԲԵՐԵՑ ԱԶԳԻ ԳԼԽԻՆ

Ի վերջո, ո՞ր երեք գլուխների մասին է խոսքը։ Մեր քաղաքական իրականության վերջին տարիների զարգացումները թույլ են տալիս այս հարցին նայել երեք տարբեր բեւեռների՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ միլիոնատեր Սամվել Կարապետյանի շուրջ ձեւավորված քաղաքական դերերի համատեքստում։ Նրանք բերեցին Փաշինյանին նախ քաղաքականություն, հետո հաստատեցին իշխանության եւ այլեւս պետք չեն, հետեւապես՝ պետք է նրանց ղեկավարած ուժերը ոչնչացնել։ Նույն է թե, որ ՔՊ-ն թաղում է իրեն ծնած, սնած հայրիկին։ Սա, իհարկե, Փաշինյանի հայտարարության պաշտոնական բացատրությունը չէ, այլ քաղաքական պատկերը մեկնաբանելու փորձ։

Առաջինը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ Փաշինյանի քաղաքական կենսագրության վաղ շրջանի առանցքային կերպարներից մեկը։ 2018-ի հեղաշրջման ընթացքում առաջին նախագահի քաղաքական շրջանակից տարբեր գործիչներ ներգրավված էին նոր իշխանության ձեւավորման գործընթացում։ Հետագայում Փաշինյանի քաղաքական ուղին եւ Տեր-Պետրոսյանի պատկերացումները Հայաստանի ապագայի մասին բազմաթիվ հարցերում հեռացան միմյանցից, սակայն այսօրվա իշխանության որոշ գաղափարական ձեւակերպումներ ու պետականության մասին պատկերացումները շարունակում են հիշեցնել առաջին նախագահի քաղաքական ժառանգությունը։

Այդ առումով «իրական Հայաստանի» գաղափարի շուրջ ծավալված բանավեճը եւս պատահական չէ։ Իշխանությունը այն ներկայացնում է որպես պետականության ամրապնդման եւ Հայաստանի շուրջ նոր իրողություններին հարմարվելու անհրաժեշտություն։ Ու թքած, որ այդ մոտեցման հետեւանքով ազգային ու պատմական խնդիրները չեն ստորադասվում ընթացիկ քաղաքական հաշվարկներին։ Հենց այստեղ է, որ նախկին քաղաքական դպրոցի եւ այսօրվա իշխանության միջեւ զուգահեռներ անցկացնելու հիմքերը թաքցնել հնարավոր չէ։ Տեր-Պետրոսյանի շրջանի քաղաքականությունն էլ այս կամ այն կերպ միտված էր հենց նույն տեսլականին։

Երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանն է, որի նախագահության տարիներին Նիկոլ Փաշինյանը ձեւավորվեց իբրեւ քաղաքական գործիչ։ 2008 թվականի հետընտրական ճգնաժամը, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները եւ դրանց շուրջ տարիներ շարունակվող քաղաքական պայքարը դարձան Փաշինյանի հետագա քաղաքական ինքնության կարեւոր բաղադրիչներից։ Իսկ 2018-ին արդեն այսօրվա թունդ քոչարյանականները հրապարակում էին, Նիկոլ Փաշինյանին ոչ միայն բերում էին իշխանության, այլեւ պորտֆելներ ստանում նրանից։

Երրորդը՝ Սամվել Կարապետյանն է՝ այն գործիչը, որի շուրջ վերջին շրջանում հույսեր կար ձեւավորել ընդդիմադիր այլընտրանք։ Նրա քաղաքական մուտքը մի հատվածի համար ներկայացվում էր որպես նոր հնարավորություն՝ նախկին իշխանությունների հետ ասոցացվող բեւեռներից դուրս գալու եւ իշխանափոխության համար նոր ռեսուրս ներգրավելու հեռանկար։ Մինչդեռ հենց Կարապետյանն էր, որը 44-օրյա պատերազմից հետո բիզնես ֆորում էր անում եւ հրավիրում նիկոլական կառավարության ներկայացուցիչների մասնակցել՝ այն ժամանակ, երբ փողոցում իշխանափոխության ալիք էր գեներացվում։ Եվ վերջապես, Կարապետյանի հայտնվելով քաղաքականության մեջ՝ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց երրորդ անգամ։ Ավելին՝ այն ընդդիմադիր տրամադրված էլեկտորատին, որին Քոչարյանը հիասթափեցրեց հինգ տարում, Կարապետյանը հիասթափեցրեց ընդամենը մի քանի ամսում։ Եվ եթե վաղն էլի լինի ընտրություններ, էլի Փաշինյանը հաղթելու է այսպիսի «Աստծո պարգեւ» ընդդիմադիրներին

ՀԱՅՐԻԿԻՆ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ Ո՞Վ Է ՄՆԱԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ

Ի դեպ, Փաշինյանի քաղաքական հայտարարության մեջ ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ նա ՏԻՄ-ում հաղթանակը ներկայացնում է ոչ միայն որպես իր կուսակցության հաջողություն, այլեւ որպես նախկին ընդդիմադիր բեւեռի վերացման պատմական հանգրվան։ Բայց Քոչարյանի շուրջ համախմբված ընդդիմության թուլացումը դեռ չի նշանակում, որ նրա նախկին ընտրողներն այլեւս քաղաքական դժգոհություն չունեն։ Կարապետյանի շուրջ նոր բեւեռի ձեւավորումը եւս ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ ընտրողները պատրաստ են երկարաժամկետ հավատարմություն ցուցաբերել նոր քաղաքական նախագծին։ Իսկ ՔՊ-ի բարձր արդյունքները, որքան էլ իշխանության համար քաղաքականապես շահեկան լինեն, չեն վերացնում իշխանության գործունեության նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի հայտարարության մեջ ամենակարեւոր հարցը ոչ թե այն է, թե ում է նա համարում թաղված, այլ այն, թե ինչպիսի քաղաքական միջավայր է պատրաստվում կառուցել այդ «թաղումից» հետո։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ