Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու
Հանդիպում«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է Գիտական համագործակցության զարգացման միջազգային ինստիտուտի (MIRNAS) (Մոսկվա) գլխավոր տնօրեն, քաղաքագետ, ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտի փորձագետ ԱՐԻՖ ԱՍԱԼԻՕՂԼՈՒՆ։
«ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ԲԱՔՈՒՆ ԼԻՈՎԻՆ ԿԿԱԽՎԻ ԱՆԿԱՐԱՅԻՑ, ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՑԻՆ ՆՐԱՆՑ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
— Ադրբեջանական Oxu.az լրատվական պորտալը հանդես եկավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Երեւան կատարած այցի ժամանակ արած արտահայտությունների սուր քննադատությամբ: Հիշեցնեմ, որ Քըլըչը հայտարարեց, թե՝ ես ինձ այստեղ (Երեւանում) զգում եմ, ինչպես իմ տանը: Ադրբեջանը վերահսկո՞ւմ է Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի ամեն մի քայլը:
— Ադրբեջանական ԶԼՄ-ները դատափետեցին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Երեւանում արած արտահայտությունները՝ նրա խոսքերն անվանելով տարօրինակ, իսկ ձայներանգը՝ կոշտ գծի շրջանակից դուրս։ Բաքվի նման արձագանքը արտացոլում է կոշտ քաղաքական մոնիտորինգը, սակայն չի նշանակում ուղղակի վերահսկողություն թուրք դիվանագետների յուրաքանչյուր ժեստի կամ հայտարարության նկատմամբ։
Բաքուն մեծ ուշադրություն է ցուցաբերում Անկարայի ու Երեւանի միջեւ ցանկացած շփմանը՝ ռազմավարական եւ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։ Շահերի անբաժանելիության սկզբունքը հետեւյալն է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կառուցվում են դաշնակցային հռչակագրի եւ «մեկ ժողովուրդ, երկու պետություն» բանաձեւի վրա։ Բաքուն ելնում է նրանից, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը չպետք է տեղի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորումից անջատ։
Բաքուն ձգտում է նրան, որ Թուրքիան բացի սահմանները միայն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Բաքվի պայմանների կատարումից հետո (ներառյալ Զանգեզուրի միջանցքի հարցը եւ փոփոխությունները Հայաստանի սահմանադրության մեջ):
Թեեւ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը միշտ ընդգծում է, որ բոլոր քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ, Բաքվի լրատվամիջոցների արձագանքը ծառայում է որպես դաշնակցի «կարմիր գծերի» մասին հիշեցման գործիք:
— Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության եւ հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտարարել է Թուրքիայի տարածքից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին: Հանձնաժողովի տվյալներով՝ սոցիալական ցանցերում համապատասխան նյութերի տարածման հետեւում կանգնած են «որոշակի կենտրոններ», որոնք ձգտում են վիժեցնել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, ուժեղացնել անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ եւ բեւեռացումը հասարակության մեջ: Դուք նկատո՞ւմ եք նման միտում: Եվ ի՞նչ կենտրոններ են դրանք:
— Միլլի Մեջլիսի ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունները հաստատում են համաձայնեցված հիբրիդային գրոհները, սակայն Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր խուսափում են պաշտոնական Անկարայի հրապարակային եւ ուղիղ մեղադրանքներից: Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ տեղեկատվական արշավն իրականացվում է Թուրքիայի տարածքից, բայց ոչ թուրքական պետության, այլ արտաքին ուժերի եւ նրանց լիազորած (պրոքսի) ռեսուրսների կողմից:
Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում արձանագրվում է որոշ ապակառուցողական պատմությունների (նարատիվ) ակտիվացում։ Օրինակ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի վերջերս Բաքու կատարած այցը եւ առանձին լոգիստիկ թռիչքներ ակտիվորեն օգտագործվեցին սոցիալական ցանցերի թուրքական հատվածում՝ Ադրբեջանին «մահմեդական աշխարհին ոչ բավարար աջակցելու» մեջ մեղադրելու համար։ Սա արհեստականորեն դժգոհություն է բորբոքում երկու երկրների հասարակությունների կրոնական ու պահպանողական հատվածի շրջանում։
«Կենտրոնների» առնչությամբ Բաքուն փակ խողովակներով կոնկրետ անուններ եւ տվյալներ է փոխանցում Թուրքիայի հատուկ ծառայություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, հրապարակային հայտարարություններում հիշատակվում են արմատական կրոնական եւ իրանամետ ցանցերը։ Ինչպես նաեւ արեւմտյան հիմնադրամներն ու հայամետ լոբբին:
— Որոշ վերլուծաբաններ ժամանակին ենթադրում էին, որ Անկարայի աջակցության դիմաց Բաքուն այս կամ այն կերպ ստիպված կլինի «փոխհատուցել»: Կանխատեսումները տարբեր էին, ընդհուպ Ադրբեջանի վրա թուրքական ազդեցության կտրուկ ուժեղացումը: Ձեր կարծիքով՝ կա՞ թուրքական ազդեցության կտրուկ ուժեղացում Ադրբեջանում, եւ ինչպե՞ս է դա դրսեւորվում:
— Թուրքական ազդեցության կտրուկ, միակողմանի ուժեղացում, որի դեպքում Ադրբեջանը կկորցներ ինքնիշխանությունը, տեղի չունեցավ։ Վերլուծաբանները, որոնք կանխատեսում էին, որ Բաքուն Անկարայից լիակատար կախվածության մեջ կհայտնվի, թերագնահատեցին երկու երկրների ռազմավարությունը։ Կլանման փոխարեն տեղի ունեցավ իրավահավասար ռազմավարական տանդեմի ձեւավորում, որտեղ Բաքուն պահպանում է լիակատար ինքնավարություն ներքին քաղաքականության մեջ եւ արտաքին քաղաքականության առանցքային վեկտորներում (օրինակ՝ Իսրայելի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում)։ Այնուամենայնիվ, 2020 թվականից հետո Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում հասավ 2021 թվականի Շուշիի հռչակագրում ամրագրված սկզբունքորեն նոր մակարդակի։
Ադրբեջանական բանակն անցավ ՆԱՏՕ-ի ստանդարտներին Թուրքիայի զինված ուժերի պրիզմայի միջով։ Ստեղծվել են թուրքական տիպի «կոմանդոսներ», իսկ երկու երկրների գեներալները համաձայնեցնում են իրենց գործողություններն անմիջականորեն։ Շուշիի հռչակագրում կետ կա փոխադարձ ռազմական օգնության մասին։ Եթե Ադրբեջանը հարձակման ենթարկվի, Թուրքիան պարտավոր է միջամտել։ Փաստորեն, Անկարան դարձավ Բաքվի անվտանգության պաշտոնական երաշխավորը։
Բաքուն ու Անկարան միասնական դիրքորոշմամբ են հանդես գալիս Հայաստանի հետ խաղաղության եւ տարածաշրջանային հաղորդակցությունների (Զանգեզուրի միջանցք) բացման հարցերում: Թուրքիան եւ Ադրբեջանը շարժիչ ուժեր են համարվում Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ)՝ տնտեսական համագործակցությունը վերածելով լիարժեք աշխարհաքաղաքական բլոկի: Թուրքիան Ադրբեջանի գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է, իսկ թուրքական շինարարական ընկերությունները խոշոր պայմանագրեր են ձեռք բերում տարբեր քաղաքների վերաշինման համար:
Ադրբեջանը (SOCAR ընկերության միջոցով) Թուրքիայի տնտեսության մեջ խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, իսկ թուրքական էներգետիկ անվտանգությունն ուղղակիորեն կախված է TANAP (Trans Anatolian Natural Gas Pipeline – թարգմ.) միջանցքով ադրբեջանական գազի մատակարարումներից։
Ադրբեջանական վերնախավը՝ աշխարհիկ ղեկավարության գլխավորությամբ, խստորեն պաշտպանում է ներքին ինքնիշխանությունը։ Որոշակի թուրքական շրջանակների կողմից կրոնական կամ ներքաղաքական ազդեցությունն առաջ տանելու փորձերը (ինչպես հիշատակվեց հիբրիդային սպառնալիքների համատեքստում) Բաքուն օպերատիվ կերպով կանխում է։
Բաքվի համար Անկարայի ներկայության ուժեղացումը «վճար» չէ, այլ անվտանգության մեջ ներդրում տարածաշրջանային այլ խոշոր խաղացողների նկրտումներից։
«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԳՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ»
— Բաքվի եւ Անկարայի հարաբերություններում առանձին գրգռիչ գործոն է շարունակում մնալ Իսրայելը: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման ֆոնին Անկարան իր դաշնակցից ակնկալում է ավելի մեծ համերաշխություն, մինչդեռ Բաքուն սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ: Թուրքիան կկարողանա՞ արդյոք հասնել իր համար Ադրբեջանի ավելի ընդունելի վարքագծի՝ կապված Իսրայելի հետ:
— Թուրքիան չի կարող ստիպել Ադրբեջանին գնալ Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման, քանի որ Բաքվի համար Իսրայելի գործընկերությունն ազգային անվտանգության եւ գոյութենական շահերի հարց է։ Անկարան ստիպված է հաշտվել իր դաշնակցի այս ինքնավար գծի հետ։
Իսրայելը Ադրբեջանի համար բարձր տեխնոլոգիական զենքի (ներառյալ ԱԹՍ-ները, ՀՕՊ համակարգերը եւ բարձր ճշգրտության հրթիռները) առանցքային մատակարարներից մեկն է։ Բաքուն Իսրայելին դիտարկում է որպես Թեհրանի կարեւորագույն ռազմավարական հակակշռի։ Թել Ավիվի հետ անվտանգության ոլորտում խոր կապերը Ադրբեջանին ապահովում են զսպման անհրաժեշտ մակարդակ հարավային սահմաններում։
Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի կարիքների մինչեւ 30-40 տոկոսը՝ այն մատակարարելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով։ Հեգնական է, որ այս նավթը տարանցիկ կերպով անցնում է հենց Թուրքիայի տարածքով, եւ չնայած Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հակաիսրայելական հռետորաբանությանը՝ Անկարան չի կասեցնում այս տարանցիկ փոխադրումը՝ հարգելով Բաքվի առեւտրային եւ ինքնիշխան իրավունքները։
Անկարայում հիանալի հասկանում են, որ Բաքվի վրա իսրայելական ուղղությամբ ճնշում գործադրելն արդյունք չի տա, այլ միայն կթուլացնի թուրքական ազդեցությունը Կովկասում՝ ստեղծելով անիմաստ ճաքեր «մեկ ժողովուրդ, երկու պետություն» հայեցակարգում: Այդ պատճառով կողմերը նախընտրեցին լուռ համաձայնությունը. Անկարան «չի նկատում» Բաքվի իսրայելական վեկտորը, իսկ Բաքուն ըմբռնումով է վերաբերվում Էրդողանի կոշտ նախընտրական կամ գաղափարախոսական հռետորաբանությանը:
— 2026 թվականի մայիսին Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը (հուլիսից՝ դեսպան Ռաշադ Ասլանով) հայտարարեց, որ թուրք-հայկական սահմանը կբացվի Հայաստանում հունիսյան ընտրություններից հետո՝ Հիմնական օրենքում Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում ամբողջությամբ բացառող փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հիման վրա: Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտից Գյոնուլ Թոլը նկատում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրք դիվանագետները ավելի հաճախ են գանգատվում, թե որքան «բարդ» է դարձել իրավիճակը Ադրբեջանում, հատկապես երբ Բաքուն փորձում է պայմաններ թելադրել Անկարային: Ձեր կարծիքով՝ Բաքվի թելադրանք (դիկտատ) կա՞:
— «Թելադրանք» տերմինն այնքան էլ ճշգրիտ չի նկարագրում Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բնույթը։ Ավելի շուտ խոսքը Ադրբեջանի կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականության որոշակի քայլերի նկատմամբ կեղծ վետոյի (квази-вето) փաստացի իրավունքի առկայության մասին է, որոնք անմիջականորեն շոշափում են Ադրբեջանի ազգային անվտանգությունը։ Այս իրավիճակն իսկապես առաջացնում է թաքնված նյարդայնություն եւ գանգատներ թուրքական դիվանագիտական կորպուսի կողասրահներում (կուլուարներում)։ Այն իրավիճակը, երբ օտարերկրյա պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) դեսպանը բացահայտորեն հայտարարում է թուրքական լրատվամիջոցներին, թե Հայաստանում ինչ ներքաղաքական պայմաններում Թուրքիան կբացի կամ չի բացի իր ինքնիշխան սահմանը, դուրս է գալիս դասական դիվանագիտության սահմաններից։
«Թուրքական եղբայրության» գաղափարը եւ «մեկ ժողովուրդ, երկու պետություն» բանաձեւը խորապես արմատավորված են թուրքական հասարակության մեջ, հատկապես՝ ազգայնական թեւի շրջանում, որի վրա հենվում է կառավարությունը։ Բաքվի ցանկությանը հակառակ՝ Երեւանին ընդառաջ Անկարայի ցանկացած քայլ քննադատության փոթորիկ կառաջացնի հենց Թուրքիայի ներսում: Ադրբեջանը վիթխարի ներդրող է թուրքական տնտեսության մեջ (ենթակառուցվածք, նավթաքիմիա, էներգետիկա): Բացի դրանից, Թուրքիան խիստ կախված է Ադրբեջանից՝ որպես տարանցիկ հանգույցից եւ էներգառեսուրսների մատակարարից:
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվա-Երեւան

