Անգամ Ստեփանավանում չհաղթած՝ իշխանություն են երազում
Վերլուծություն«Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այս հայտարարության ֆոնին հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունները մի անհարմար հարց են առաջադրում՝ իսկ ե՞րբ եք պատրաստ լինելու ընդունել քաղաքական իրականությունը։
Հայաստանի 21 համայնքում կայացած ընտրություններն ավարտվեցին, բայց դրանց քաղաքական հետեւանքների շուրջ քննարկումները նոր են սկսվում։ Քվեաթերթիկներում արձանագրված տոկոսները, ՔՊ-ականների հաղթանակները ցույց են տալիս, որ իշխանությունից դժգոհության առկայությունը միշտ չէ, որ վերածվում է ընդդիմության օգտին տրված քվեի։ Այլեւս ակնհայտ է հազարերորդ անգամ, որ նիկոլականները գնում են ընտրության, իսկ իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները՝ ոչ, որովհետեւ այսօրվա մանդատավոր ընդդիմության մեջ չեն տեսնում իշխանության այլընտրանք։
ՔՊ-ի բարձր տոկոսը եւ ցածր մասնակցությունը կարող են միաժամանակ արտացոլել իշխանության կողմնակիցների մոբիլիզացիան ու մրցակից ուժերի՝ իրենց հնարավոր ընտրազանգվածին տեղամաս բերելու դժվարությունը։
Արդյո՞ք խնդիրը միայն վարչական ռեսուրսի, ընտրական միջավայրի եւ առկա ճնշումների մեջ է, թե՞ ընդդիմադիր դաշտն ունի ավելի խորքային խնդիր՝ քաղաքական բովանդակության, հանրային վստահության եւ կազմակերպված աշխատանքի պակաս։ Այս ընտրությունները ստիպում են այս հարցերին պատասխանել առանց քաղաքական ինքնախաբեության։
Նարեկ Կարապետյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելու մասին հայտարարությունը քաղաքական հավակնություն է արտահայտում։ Բայց խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելը միայն հայտարարություն անելու կամ իշխանության դեմ կոշտ հռետորաբանություն կիրառելու հարց չէ։ Պատրաստ լինելը նախ նշանակում է ունենալ կազմակերպված կառույցներ, մարզային թիմեր, վստահելի ներկայացուցիչներ, ընտրական գործընթացները վերահսկելու կարողություն եւ, ամենակարեւորը, հանրությանը ներկայացնելու հստակ քաղաքական առաջարկ։
ՏԻՄ ընտրություններն այս իմաստով խորհրդարանական ընտրությունների փոքրացված փորձադաշտն են։ Այստեղ կուսակցությունը պետք է ապացուցի, որ կարողանում է աշխատել ոչ միայն հեռուստաեթերում, սոցիալական ցանցերում կամ Ազգային ժողովի ամբիոնից, այլեւ կոնկրետ համայնքում՝ կոնկրետ բնակչի հետ։
Եթե քաղաքական ուժը չի կարողանում համոզիչ ներկայություն ապահովել տեղական մակարդակում, ապա «միայն օրն ասեք» հայտարարությունը մնում է հավակնություն, որի գործնական բովանդակությունը դեռ պետք է ապացուցվի։
Ավելին՝ խորհրդարանական մանդատ ունենալը դեռ չի նշանակում ունենալ հանրային վստահության համարժեք մանդատ։ Դրանք տարբեր հասկացություններ են, եւ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ տարբերությունը չի կարելի անտեսել։
ՄԱՆԴԱՏԱՎՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՀՍՏԱԿ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ
Եվ ահա այսօր մանդատավոր ընդդիմությունը կանգնած է ամենաբարդ հարցի առաջ․ ինչպե՞ս համոզել այն քաղաքացուն, որը դժգոհ է իշխանությունից, բայց չի հավատում նաեւ ընդդիմությանը։
Հնարավոր չէ այդ հարցին պատասխանել միայն ընտրակեղծիքների մասին հայտարարություններով։ Խախտումների վերաբերյալ պնդումները պետք է քննվեն փաստերով, իսկ ընտրական արդյունքների քաղաքական մեկնաբանությունը պետք է ներառի նաեւ ընդդիմության սեփական պատասխանատվությունը։
Ընդդիմադիր դաշտի ճգնաժամը միայն կազմակերպչական չէ։ Այն նաեւ գաղափարախոսական է։ Քաղաքացին պետք է հասկանա՝ ինչպիսի՞ պետություն են իրեն առաջարկում ընդդիմադիր ուժերը։ Ի՞նչ է փոխվելու անվտանգության քաղաքականության մեջ։ Ինչպե՞ս են պատկերացնում խաղաղության ապահովումը։ Ի՞նչ դիրքորոշում ունեն տարածաշրջանային հաղորդակցությունների եւ TRIPP նախագծի վերաբերյալ։ Ինչպե՞ս են վերաբերվում Արցախի խնդրին։ Ի՞նչ տնտեսական քաղաքականություն են առաջարկում եւ ինչպե՞ս են պատրաստվում բարելավել մարդկանց սոցիալական վիճակը։
Այս հարցերի շուրջ քաղաքական ուժերը կարող են ունենալ տարբեր, նույնիսկ հակադիր պատասխաններ։ Խնդիրը տարաձայնությունների առկայությունը չէ։ Խնդիրն այն է, երբ ընտրողը չի կարողանում հասկանալ՝ տվյալ ուժն ինչ է առաջարկում եւ ինչ սկզբունքներով է առաջնորդվելու իշխանության գալու դեպքում։
Ազգային անվտանգությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տնտեսական զարգացումն ու սոցիալական արդարությունը չեն կարող մնալ նախընտրական կարգախոսների մակարդակում։ Դրանք պահանջում են ծրագրեր, հաշվարկներ եւ հստակ քաղաքական պատասխանատվություն։
Եթե կուսակցությունները չեն կարողանում ներկայացնել այդպիսի օրակարգ, ընտրությունը վերածվում է ոչ թե քաղաքական ուղղությունների մրցակցության, այլ՝ անձերի եւ հակակրանքների պայքարի։ Այդ դեպքում էլ ընտրողը բնական հարց է տալիս․ ինչո՞ւ պետք է մի պաշտոնյային փոխարինեմ մեկ ուրիշով, եթե վստահ չեմ, որ փոխվելու է կառավարման տրամաբանությունը։
ԵՐԲ «ՈՒԺԵՂՆԵՐԸ» ԱՆԳԱՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ
Ստեփանավանի ընտրությունները դարձան հետընտրական քննարկումների կարեւոր թեմաներից մեկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների մասին «Հետք»-ի հրապարակման համաձայն՝ «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41.54 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35.32 տոկոսը, «Ուժեղ Հայաստանը»՝ 19.68 տոկոսը, իսկ «Հանրապետությունը»՝ 3.41 տոկոսը։ Այնպես որ, այստեղ կարող է կրկնվել Գյումրու սցենարը։ Բայց հիշենք, թե ինչպիսի ջախջախիչ հաղթանակ էր խոստանում «Ուժեղ Հայաստանը», մինչդեռ «փիղը երկնեց» 19.68 տոկոս ծնեց։
Էլ չասենք Ստեփանավանի ընտրությունների շուրջ շրջանառվող ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքների ու իրավապահ մարմինների գործողությունների մասին։ Իհարկե, հրապարակված տեսանյութի իսկության, ամբողջականության կամ հնարավոր մոնտաժի մասին հակադիր պնդումները պահանջում են ապացույցներ։ Բայց ցավալին այն է, որ հանրային մակարդակում որեւէ մեկը չի էլ կասկածում, որ «ուժեղների» նախընտրական շտաբում փող է ֆռում։ Ու սա էլ քաղաքական իմիջի հարց է, որ հայտնի «Մեր ձեւով» կարգախոսը այնքան է վարկաբեկվել, որ այլեւս ընկալվում է փողով հարց, անգամ ընտրական հարց լուծելու հետ։
Եթե ընտրությունների ընթացքում պարբերաբար առաջանում են նույնատիպ մեղադրանքներ, հանրությունը պետք է ստանա ոչ թե փոխադարձ վիրավորանքներ, այլ հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել, ինչ ապացույցներ կան, ինչ ընթացակարգեր են կիրառվել, եւ ինչ արդյունք է տվել քննությունը։
Իսկ եթե որեւէ կուսակցության քաղաքական ներկայությունը չափազանց մեծապես կախված է ֆինանսական հնարավորություններից, այլ ոչ թե գաղափարից, ծրագրից, կազմակերպված թիմից եւ հանրային վստահությունից, ապա առաջանում է արդեն ավելի լայն քաղաքական խնդիր։
Փողը կարող է օգնել կազմակերպել քարոզարշավը, բայց այն չի կարող փոխարինել քաղաքական բովանդակությանը։ Եվ եթե ֆինանսական միջոցները դառնում են կուսակցության հիմնական առավելությունը, ընտրական մրցակցությունը կորցնում է իր իմաստային բովանդակության մի մասը։
Եվ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, որ նոր ընդդիմություն պետք է ձեւավորվի, լիովին արդարացված է հնչում։ Անգամ նա սկսել է ընդունել, որ ՔՊ-ն այսօր ՏԻՄ ընտրություններում հաղթում է ոչ մեկին, որովհետեւ նախ մի շարք համայնքներում ընդհանրապես ընդդիմադիր թեկնածու չէր առաջադրվել, իսկ որտեղ էլ առաջադրվել էր, նախ պետք է բացատրի, օրինակ, թե ծրարով աշխատավարձ բաժանելը ո՞րն է, ինչպես Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գեւորգյանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
