«Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան
Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հայտարարած դրամահավաքի նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել 11 արտադրողի կաթնամթերքի տարբեր տեսակներ։ Հետազոտության արդյունքներով՝ մի շարք արտադրատեսակներում շեղումներ են արձանագրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ նմուշառվել են «Աշտարակ կաթ», «Երեմյան», «Արզնի», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Թամարա և Անի», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ» և «Իգիթ» ընկերությունների արտադրատեսակները։
Պիպոյանը նշեց, որ փորձաքննություններն իրականացնելու համար ընտրվել են միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներ։ Նրա գնահատմամբ՝ լաբորատոր հետազոտությունների մասով պատկերը գոհացուցիչ է եղել, և լաբորատորիաների աշխատանքի հետ կապված շեղումները շատ քիչ են։
Նշեց, որ «Իգիթ» ընկերության «Չեչիլ» պանրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Անդրադառնալով կաթի նմուշների հետազոտությանը՝ Պիպոյանն ասաց, որ «Արզնի կաթ»-ի արտադրանքը չի հաջողվել ստուգել, քանի որ այն խանութում առկա չի եղել՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արտադրության կասեցման պատճառով։
«Խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով։ Մնացած կաթերում վիճակը լավ է եղել»։
Թթվասերի նմուշների հետազոտությամբ ևս շեղումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են արձանագրվել «Երեմյան» ընկերության 25 տոկոս յուղայնությամբ, «Արզնի կաթ»-ի 20 տոկոս յուղայնությամբ և «Բոնիլատ»-ի 17 տոկոս յուղայնությամբ թթվասերներում։
