Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան
ՀանդիպումՀոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը բուռն արձագանք է առաջացրել հանրային եւ քաղաքական շրջանակներում՝ հերթական անգամ սրելով խորհրդարանի քաղաքական մշակույթի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների եւ երկրի իրավական համակարգի պատասխանատվության վերաբերյալ քննարկումները։ «Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու»,- ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստից հետո՝ պնդել է ճիշտ հակառակը, որ «բերանին կերավ» ընդդիմությունը։ Տեղի ունեցածը տարբեր գնահատականների առիթ է դարձել. ոմանք կատարվածը համարում են քաղաքական ճգնաժամի եւ խորհրդարանական համակարգի խորքային խնդիրների արտահայտություն, մյուսները՝ իրավական գնահատականի եւ հնարավոր պատասխանատվության ենթակա միջադեպ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գնահատմամբ տեղի ունեցածը հատուկ ծրագրված էր ընդդիմության կողմից․
-Թեպետ ուրա՞ էնտեղ ընդդիմություն, դրանք այլ երկրի կամակատարներ են, ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից, սրանց չի հետաքրքրում ՀՀ-ն։ Իսկ ծեծկռտուքը պատահական չէր, սրանք խելագարության նոպաների մեջ էին ընկել, որ դրանից մի օր առաջ ԹՐԻՓ նախագիծը վավերացվեց, իրենց տերերը իրենց ասել էին՝ ամեն գնով կտապալեք, բայց չկարողացան՝ դրա համար էլ հաջորդ օրը ծեծկռտուք հրահրեցին՝ կատարելով իրենց տերերի հրամանը։
Եթե հետ ենք գնում նախորդ Ազգային ժողովներ, ապա հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ ավելի կոշտ ու կոպիտ միջադեպեր են տեղի ունեցել, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ քո եսիմ ինչը, բայց գործը չէր հասել ծեծկռտուքի։ Եկեք ազնիվ լինենք՝ ո՞վ հրահրեց ծեծկռտուք՝ չակերտավոր ուժեղները, որոնք հրահանգված էին օտարերկրացիների կողմից։
-Պարոն Մելքոնյան, օրեր առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Հայաստանը պետք է հեռացվի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն շարունակում է մնալ լիիրավ անդամ, ինչի հետևանքով կազմակերպության բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն նաև Երևանի հետ։ Մտավախություն չկա՞ այս մասով։
-Նախ ըստ կանոնադրության իրենք իրավունք չունեն մեզ հեռացնելու՝ սա մեկ, երկրորդ՝ մեր գործողությունները ՀԱՊԿ-ի կազմում սառեցված են, արդեն քանի տարի մենք անդամվճար անգամ չենք վճարում, հետո էլ թող մեզ չվախեցնեն իրենց ՀԱՊԿ-ով, մենք տեսել ենք իրենց ՀԱՊԿ-ի օգուտն էլ, վնասն էլ։ Երբ մտնում էր թշնամին ՀՀ՝ նույն ՀԱՊԿ-ը մեր տարածքները չէր ճանաչում, ասում էր՝ չգիտենք Ջերմուկը Հայաստանի տարածք է, թե Ադրբեջանի, ինչ օգուտ ունենք ՀԱՊԿ-ից։ Էնպես որ նենց չի որ մեզ պետք է ՀԱՊԿ։
Երկրորդը՝ ԵՏՄ-ն է, որ անընդհատ մեզ ուլիտմատում են տալիս, թե կողմնորոշվեք՝ կամ-կամ։ Նենց չի, որ մենք Եվրոպային անդամագրվելու դիմում ենք տվել, որ հիմա էլ ասում են կողմնորոշվեք, մենք գտնվում ենք ԵՏՄ-ի մեջ, ու վնասվում ենք՝ ամեն տարի հարյուրավոր միլիոններ ավել փող ենք վճարում , հիմա եթե իրենք որոշում են սառեցնեն մեր հարաբերություններ կամ ինչ՝ իրենց գործն է, մեր համար տարբերություն չկա։ Էդ գազի թանկացնելով էլ մեզ չեն վախեցնի, դրան էլ այլընտրանք կգտնենք, գազի թանկացման էլ ենք պատրաստ։ Ինչ եղավ մեզ, երբ մայիսին պատժամիջոց կիրառեցին ու արգելեցին հայկական միրգը, բանջարեղենը՝ մեռա՞նք՝ չէ, հիմա շատ նորմալ կլինի։ Թող իրենք մտածեն, մենք բան չունենք մտածելու, իրենք են մեր դեմ պատժամիջոցներ կիրառում։
