ԹՐԻՓՓ-ի անվան տակ Հայաստանին ներկայացվածը բոլորովին այլ փաստաթուղթ էր․ Էդգար Ղազարյան
ՀանդիպումՆախորդ շաբաթ խորհրդարանական աշխատանքն առանձնացավ ոչ միայն ծեծկռտուքով, այլեւ ուշագրավ նախագծերի ընդունմամբ։ Այդ թվում՝ Ազգային ժողովն ընդունեց (63 կողմ, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 0) կառավարության ներկայացրած՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
«ՄԵՆՔ ԱԺ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ»
— Սկզբունքորեն, կարծես, «Ուժեղ Հայաստան»-ը դեմ չէր ԹՐԻՓՓ-ին, ավելին՝ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ասում էր, որ «TRIPP-ն իրոք նախաստորագրված փաստաթուղթ է, մենք չենք կանգնեցնելու որեւէ փաստաթուղթ, որը ստորագրվել է պետական մակարդակով․․․Մենք դրանք լավարկելու ենք»։ Ինչո՞վ է պայմանավորված, որ, այնուհանդերձ, դեմ քվեարկեցիք այս նախագծին։
— Որ կողմ լինեինք, կողմ կքվեարկեին, դեմ ենք, դրա համար ենք դեմ քվեարկել։ «Ուժեղ Հայաստան»-ն ասել է, որ մեր համար անընդունելի է, որ ԹՐԻՓՓ-ը գործի միջանցքի տրամաբանությամբ եւ միայն ադրբեջանական շահերը սպասարկելով։ Հետեւաբար, այդ համաձայնագրի դրույթների քննարկումից, վավերացման գործընթացում ներկայացված փաստաթղթերի փաթեթից պետք է պարզ դառնար, թե դրա բովանդակությունն, ի վերջո, ի՞նչ է։ Դա Ադրբեջանի միայն երկու հատվածները միմյանց միացնող նախագիծ է, թե՞ տրանսպորտային ապաշրջափակման ճանապարհային նախագիծ է, որը պետք է օգուտ բերի Հայաստանին։
Եվ երբ Ազգային ժողովում արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի կողմից ներկայացվեց վերջնական վավերացման համաձայնագիրը, այնուհետեւ հարցուպատասխանի ժամանակ նաեւ փոխվարչապետը պարզաբանումներ տվեց, մեզ համար ամեն ինչ պարզ դարձավ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է, որ ԹՐԻՓՓ-ը ռեգիոնալ նշանակություն ունեցող երկաթգիծ է։ Այսինքն՝ այս պահին քննարկվում է միայն երկաթգիծը, որը մի գիծ է, երկու գիծ չէ՝ իրար հետ, որ մի գնացքը գնա մի ուղղությամբ, մեկը՝ մյուս ուղղությամբ միաժամանակ։ Եվ այդքանից հետո՝ փոխվարչապետը շեշտում եմ՝ ասում է, որ դա ունի ռեգիոնալ նշանակություն։ Մինչդեռ, որ այն միջազգային նշանակություն ունի, միջազգային բեռնափոխադրումներ են լինելու, պարզվեց, որ նման բան առհասարակ չկա։
Իրենք ասում են, որ դրանից հետո երկաթգիծը կշարունակվի դեպի Հայաստանի սահման, Հայաստանի տարածքով կգնա Թուրքիա, բայց ընդամենն ասում են։ Նայում ենք փաստաթղթերին, նման բան ոչ մի տեղ գրված չէ։ Ոչ մի տեղ չի ասվում, որ Ադրբեջանը պարտավորություններ ունի սահման բացել Հայաստանի հետ, ապահովել տրանսպորտային փոխադրումները։ Այսինքն՝ այն պահին, երբ մենք համոզվեցինք, որ դա ներկայացվածից տարբերվող փաստաթուղթ է, ավելին՝ փաստաթուղթն ընդունվում է, բայց իրական խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված չէ, նախաստորագրված պայմանագիրը ստորագրված չէ, ոչ մի երաշխիքներ չկան, որ անգամ ստորագրելուց հետո այդ պայմանագիրը կյանքի կկոչվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոնե դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, կլինեն տարրական նվազագույն ռեժիմ պետությունների միջեւ հարաբերությունների, այդ ամեն ինչը չկա, դրա համար էլ դեմ քվեարկեցինք։
Այս պահին այդ փաստաթուղթը վավերացնելն ընդամենը Ադրբեջանի շահեր սպասարկել է, իսկ մենք Ազգային ժողով եկել ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը սպասարկելու։
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐԸ ՈՉ ԹԵ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ, ԱՅԼ՝ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է»
— Պարոն Ղազարյան, իսկ ի՞նչ եղավ «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը, որը խոստանում էր ներկայացնել Սամվել Կարապետյանը։
— Դա մեր մոտեցումն է։ Այսինքն՝ երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության, Հայաստանում կհաստատվի այն։
— Բայց դրա բովանդակությունը ե՞րբ է ներկայացվելու հանրությանը։
— Էլի եմ ասում՝ դա ոչ թե նախագիծ է, այլ՝ մեր քաղաքական մոտեցումն է։ Այսինքն՝ դա ոչ թե փաստաթուղթ է, օրենքի նախագիծ է, այլ՝ մեր քաղաքական դիրքորոշումն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հաստատվի խաղաղություն, այդ խաղաղությունը պետք է լինի տեւական եւ այն պետք է հարգի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Ու դա չի ենթադրում Հայաստանից որեւէ զիջում։
— Երեք շաբաթ առաջ Սամվել Կարապետյանը խոսում էր ճիշտ ընդդիմության հետ համախմբման մասին։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը, ինչպիսի՞ քննարկումներ կան քաղաքական ուժերի հետ։
— Ես մանրամասներից տեղյակ չեմ։ Գիտեմ, որ պարոն Կարապետյանը բաց է տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումների իմաստով։ Իսկ թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, անկեղծ ասած, իմ մասնակցությամբ քննարկումներ չեն եղել։ Հետեւաբար, չեմ կարող դրա մասին որեւէ բան ասել։ Վստահ եմ, որ գործընթացներն ընթանում են։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ