«Միացյալ Հայաստան»-ն է՞լ Կարապետյանի համար «ճիշտ» ընդդիմություն չէ Ո՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյան ՔՊ-ում հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն․ Ստեփանյան Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում Փաշինյանը բաց է թողել «ջինը շշից»․ ինչո՞ւ է սկսել նախընտրական արշավը. Բադալյան Վազգեն Սարգսյանի մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները․ Աշոտյան Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Ինչ է թաքնված Խորեն Լեւոնյանի ասպետական թիկնոցի հետեւում Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս ԹՐԻՓՓ-ի անվան տակ Հայաստանին ներկայացվածը բոլորովին այլ փաստաթուղթ էր․ Էդգար Ղազարյան

Ինչ է թաքնված Խորեն Լեւոնյանի ասպետական թիկնոցի հետեւում

Մշակութային

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը, խորհրդարանական ընտրություններին Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունով պատգամավորի թեկնածու առաջադրված Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, Մայր Աթոռի դեմ դուրս եկած տիրադավերից Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը եւ Սուրբ Աթոռի Կանոնական իրավունքի դոկտոր Ռուբեն Ղազարյանը։ Մի՛ շտապեք պնդել, որ թերեւս միակ ընդհանրությունը կարող է լինել այն, որ բոլորն էլ ապրում են երկիր մոլորակում։

Պարզվում է՝ վերոնշյալ անձինք դեռեւս նախորդ ամսվա վերջին մեկնել են Իտալիա եւ Թուրին քաղաքում մասնակցել Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովին՝ գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի եւ Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։ Ուշագրավ է այն, որ նման արարողության առաջին անգամ է իր մասնակցությունը բերել հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Սավոյական Արքայական Տան Սուրբ Մաուրիցիոսի եւ Սուրբ Ղազարի Օրդենի Ասպետ տիտղոսին արժանացած Ռուբեն Ղազարյանի։

Պատվիրակության անդամները Սավոյական արժանիքների շքանշանակիրների, արքայական տան անդամների, ինչպես նաեւ Եվրոպայի, Ասիայի եւ Արեւելքի ազնվական ընտանիքների ներկայացուցիչների հետ միասին, Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ Մայր տաճարում մասնակցել են ասպետական տարբեր աստիճաններ ունեցող տղամարդկանց եւ կանանց օրհնության արարողությանը։

Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովին մասնակցած հայկական պատվիրակությունը

Իրականում, թե ինչ կապ ունի այս անձանց եւ խորհրդավոր ու առաջին հայացքից տարօրինակ արքայական արարողությունների հետ դերասան ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ, հատկապես, որ լուսանկարներում նրա ասպետական ատրիբուտներով հագուստը տպավորություն էր թողնում, որ նոր ֆիլմի նկարահանումների է մասնակցել, «Իրավունք»-ը փորձեց պարզել հենց նրանից։ Սակայն, վերջինս իրականության վրա լույս սփռելու փոխարեն՝ էլ ավելի խորհրդավարություն հաղորդեց եղելությանը, մասնավորապես ընդգծելով, որ դեռեւս ավելին ասել չի կարող՝ մինչեւ չլինի պաշտոնական թույլտվություն: Այնուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել այս կառույցի մասին։

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ՍԱՎՈՅԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏԱՆ ՕՐԴԵՆՆԵՐԸ

Պարզվում է՝ Սավոյական Արքայական տան դինաստիական օրդենների շուրջ աղմուկը միայն պատմական արարողությունների, թիկնոցների ու ասպետական տիտղոսների մասին չէ։ 2026 թվականի սեպտեմբերի վերջին Թուրինի միջոցառումը հայտնվել է իտալական մամուլի ուշադրության կենտրոնում՝ ֆինանսական գործարքների, պարգեւների իրավական կարգավիճակի եւ կազմակերպության գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերի պատճառով։

Իտալական Corriere della Sera-ի թուրինյան խմբագրության՝ սեպտեմբերի 28-ի հրապարակման համաձայն՝ Թուրինի Լինգոտո համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար համար սահմանվել է 2 հազար եվրո վճար, ինչպես նաեւ տարեկան 200 եվրո՝ անդամակցությունը պահպանելու համար։ Նույն հրապարակման մեջ նշվել է, որ Վենարիայի թագավորական պալատում նախատեսված գալա-ընթրիքին մասնակցության արժեքը կարող էր հասնել 30 հազար եվրոյի։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վճարումները ներկայացվել են որպես բարեգործական նվիրատվություններ, սակայն գումարները փոխանցվել են Սավոյական տան դինաստիական օրդենների ասպետներին եւ տիկնանց միավորող, Ժնեւում գրանցված AICODS (Associazione Internazionale Cavalieri Ordini Dinastici) կազմակերպության հաշվին։ Այս տեղեկությունները հարց են առաջացնում՝ խոսքը պարզապես կազմակերպության անդամավճարների եւ միջոցառումների ծախսերի մասի՞ն է, թե՞ ֆինանսական վճարումները կարող են կապ ունենալ ասպետական աստիճանների շնորհման հետ։

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի «Կանաչներ եւ ձախ դաշինք» խմբակցության փոխնախագահ ՄԱՐԿՈ ԳՐԻՄԱԼԴԻՆ հայտարարել է, որ անհրաժեշտ է պարզել օրդենների գործունեության ֆինանսական կողմը։ Նրա գնահատմամբ՝ խնդրո առարկա գործարքների տարեկան ծավալը կարող է կազմել շուրջ 800 հազար եվրո։ Սակայն, Սավոյական տան ներկայացուցիչ Էմանուելե Ֆիլիբերտոն կտրականապես հերքել է պարգեւների վաճառքի մեղադրանքը՝ հայտարարելով. «Ոչ մի պատվավոր պարգեւ չի վաճառվում»։ Նրա խոսքով՝ քննադատները շփոթում են անդամավճարները, միջոցառումների կազմակերպման համար նախատեսված վճարները եւ պատվավոր պարգեւների շնորհումը։ Այսպիսով, կողմերի դիրքորոշումները հակադիր են, երկուսն էլ՝ չապացուցված։ Ի դեպ, իտալական մամուլը նաեւ հաղորդել է Թուրինի դատախազություն ներկայացված դիմումի մասին, որը վերաբերում է Սուրբ Մավրիկիոսի օրդենի առեւտրայնացման վերաբերյալ կասկածներին եւ ֆինանսական փոխանցումներին։

Ի՞ՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Քննադատության մեկ այլ լրջագույն ուղղությունը կապված է Իտալիայի օրենսդրության հետ։ Իտալական լրատվամիջոցները վկայակոչել են 1951 թվականի օրենքը, որը սահմանափակումներ է նախատեսում օտարերկրյա կամ ոչ պետական ասպետական պարգեւները կրելու եւ դրանք պաշտոնապես ներկայացնելու համար՝ առանց համապատասխան պետական թույլտվության։

Այս համատեքստում առանձին ուշադրության կենտրոնում է Սուրբ Մավրիկիոսի եւ Սուրբ Ղազարի օրդենը, որի պատմական ժառանգության, կառավարման իրավունքի եւ ներկայումս պարգեւներ շնորհելու իրավասության շուրջ տարաձայնություններ կան։ Քննադատները պնդում են, որ պատմական օրդենի անունը եւ խորհրդանիշները գործածելը դեռեւս ինքնաբերաբար չի նշանակում, որ դրա կողմից շնորհված բոլոր պարգեւներն ունեն Իտալիայի պետության կողմից ճանաչված իրավական կարգավիճակ։

Մյուս կողմից՝ Էմանուելե Ֆիլիբերտոյի ներկայացուցիչները շեշտում են, որ պետական թույլտվությամբ պարգեւը հրապարակայնորեն կրելու հարցը պետք է տարբերակել դինաստիական օրդենի պատմական բնույթից եւ ներքին ավանդույթներից։

Այսպիսով, այստեղ կարեւոր է տարբերակել երկու հանգամանք՝ տվյալ օրդենը շարունակո՞ւմ է գործել որպես պատմական կամ դինաստիական կառույց, եւ նրա շնորհած պարգեւներն ունե՞ն պետական ճանաչում։ Դրանք նույն հարցերը չեն։ Մինչդեռ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ի տարբերություն Խորեն Լեւոնյանի, շտապել է ի լուր աշխարհի հայտարարել, որ արժանացել է Սավոյայի Վաստակի Շքանշանի Սպայի տիտղոսին՝ կանոնադրությամբ նախատեսված նշաններով զարդարվելու իրավունքով։

ՍԱՎՈՅԱԿԱՆ ՏԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԷԼ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Թուրինի միջոցառման շուրջ քննարկումներն ավելի ուշագրավ են դառնում Սավոյական տան ներսում առկա տարաձայնությունների պատճառով։ Էմանուելե Ֆիլիբերտոյի եւ Սավոյա-Աոստայի ճյուղը ներկայացնող Այմոնե Սավոյացու միջեւ տարաձայնություններ կան դինաստիական օրդենների կառավարման եւ դրանց պատմական ժառանգության ներկայացման հարցերում։

Այմոնե Սավոյան հրապարակայնորեն քննադատել է իր զարմիկի կողմից օրդենների կառավարումը՝ նշելով, որ վերջինս, իր գնահատմամբ, իրեն ոչ պատշաճ կերպով վերագրում է դրանց ղեկավարումը։ Իր պաշտոնական հայտարարություններում նա նաեւ ընդգծել է Սավոյական տան պատմական հեղինակությունը պահպանելու պատասխանատվությունը։

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ օրդենների շուրջ վեճը միայն արտաքին քննադատների եւ կազմակերպության ներկայացուցիչների միջեւ չէ։ Կա նաեւ ներքին տարաձայնություն այն մասին, թե ով է իրավասու ներկայացնել Սավոյական տան ավանդույթները եւ ղեկավարել դինաստիական կառույցները։

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Թուրինի միջոցառման շուրջ իտալական մամուլում բարձրացված հարցերը, բնականաբար, առաջ են բերում նաեւ մեկ այլ հարց. ի՞նչ նպատակով են հայաստանյան հասարակական, մշակութային եւ հոգեւոր շրջանակների ներկայացուցիչները մասնակցել այս կառույցի միջոցառումներին, եւ ի՞նչ պայմաններով են նրանք դարձել դրա անդամներ կամ ստացել ասպետական կոչումներ։ Եվ արդյոք, օրինակ, հոգեւորականի՝ Վազգեն արքեպիսկոպոսի մասնակցությունից տեղյակ են Մայր Աթոռում։

Մասնակցությունն ինքնին չի ապացուցում ո՛չ ֆինանսական անօրինականություն, ո՛չ էլ գաղտնի կազմակերպության հետ կապ։ Սակայն հանրային հետաքրքրության առարկա կարող են լինել անդամակցության պայմանները, տիտղոսների շնորհման ընթացակարգը, վճարումների առկայությունը եւ կազմակերպության գործունեության վերաբերյալ մասնակիցների տեղեկացվածությունը։

Հատկապես հետաքրքիր է Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանի այն պատասխանը, ըստ որի՝ ինքը դեռեւս չի կարող լրացուցիչ մանրամասներ հայտնել՝ մինչեւ պաշտոնական թույլտվություն ստանալը։ Մնում է պարզել՝ ո՞վ պետք է տրամադրի այդ թույլտվությունը, ի՞նչ տեղեկատվության հրապարակումն է սահմանափակված եւ արդյոք խոսքը սովորական կազմակերպական կանոնների մասին է։

Ի վերջո, պատմական ասպետական օրդենների շուրջ ամենակարեւոր հարցը ոչ թե նրանց հագուստի կամ արարողությունների արտասովոր լինելն է, այլ այն, թե ինչպիսի իրավական եւ ֆինանսական հիմքերով են դրանք գործում, ինչ պարտավորություններ են ստանձնում իրենց անդամները եւ որքանով է այդ գործունեությունը թափանցիկ հանրության համար։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1198թ-ին Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 6-րդի եւ Հռոմի Պապ Իննոկենտիոս 3-րդի կողմից Կիլիկիայի Հայոց Իշխանապետության Լեւոն 2-րդ իշխանին է շնորհվել Ամենայն Հայոց Թագավորի տիտղոսը; Նրա, որպես թագավորի օծման արարողությունը տեղի է ունեցել Կիլիկիայի Հայոց Թագավորության Տարսոն Քաղաքի Սուրբ Սոֆյա տաճարում 1198 թ. հունվարի 6 ին, Աստվածահայտնության օրը։ 1485թ-ի փետրվարի 25-ին Հայոց Թագավորական՝ «Rex Omnium Armenorum» տիտղոսը Վատիկանում, Իննոկենտիոս 8-րդ Պապի միջնորդությամբ եւ կարդինալական նոտարների վավերացմամբ, Կիպրոսի Լուզինյան արքայատոհմից անցել է Սավոյական արքայական տանը՝ Կառլոս Մեծ Սավոյացուն։ Տիտղոսի փոխանցման վկայականը պահպանվում է Իտալիայի Հանրապետության պետական արխիվներում։ Սավոյի արքայատոհմը հիմնադրվել է 1003թ-ին եւ հանդիսանում է Եվրոպայի հնագույն միապետություններից մեկը: Սավոյաների իշխանության օրոք տեղի է ունեցել Իտալիայի միավորումը 1861թ-ին: Արքայական ընտանիքի միայն Թուրին քաղաքում գտնվող 22 պալատները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ակնառու արժեքների մեջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ