Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին
Դեռեւս ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։
Եվ այժմ, հնարավոր գազի թանկացման ֆոնին իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե գազը թանկացնի ՌԴ-ն , ապա մենք էլ դուրս կգանք ԵՏՄ-ից։
Ի՞նչ տնտեսական հետեւանքների առաջ կկանգնի ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու պարագայում «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանից.
-Հայաստանն, իհարկե, չպետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Այստեղ կորուստներն ակնհայտ են. Ընդ որում, դրանք լինելու են երկկողմանի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Բնականաբար, կողմերի համար դրանք էապես կտարբերվեն։ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը. Քաղաքական գործիչների պարտականությունն է լուծել խնդիրները, ալլոչ թե անել անհիմն հայտարարություններ։ Մեզ համար նպատակահարմար է խստորեն հետևել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորման մասին ԵԱՏՄ պայմանագրի առանցքային չորրորդ հոդվածին։ Մեզ համար չափազանց կարևոր է նույն հոդվածի հաջորդ պարբերությունը ազգային տնտեսությունները համաշխարհային տնտեսության մեջ
համապարփակ արդիականացման, մրցունակության բարձրացման մասին:
Եթե մենք հասնենք այս արդյունքին, մենք կհետաքրքրենք զարգացած երկրներին։ Ի դեպ, ասենք, Կորեայի Հանրապետությունը որևէ տնտեսական միության անդամ չէ, բայց նրա արտադրանքը մրցունակ է ամբողջ աշխարհում։ Իսրայելը Եվրամիության միայն ասոցացված պետությունն է, իսկ Եվրամիությունը Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է: Պետք է իրական խնդիրներ դնել՝ ինչպե՞ս կարող ենք էապես բարձրացնել, ընդգծեմ, պատրաստի արտադրանքի մրցունակությունը՝ միաժամանակ իրական քայլեր ձեռնարկելով Եվրամիության ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ։ Եվ միայն սրանից հետո կարող է իրատեսական լինել խնդիր դնել՝ Իսրայելի նման դառնալ միայն Եվրամիության ասոցացված պետություն։ Եվս մեկ անգամ ընդգծեմ հրամայական է հմտորեն լուծել խնդիրները, այլ ոչ թե ,առանց բոլոր հետևանքների համապարփակ գնահատման, սրել իրավիճակը չմտածված հայտարարություննեով կամ որոշումներով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
