Ինչու էր դերասան Արտյոմ Կիրակոսյանը դողում բեմ բարձրանալուց առաջ Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության դեպք․ երեք կալանավորված կա Առաջիկա օրերին ցրտելու է 4-7 աստիճանով. շրջանների մի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում

Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում

Մշակութային

Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքն ու գործունեությունը շուտով կլինի մեծ էկրաններին՝«Մոնթե» ֆիլմում։ Նախագծի մտահղացման հեղինակը եւ գլխավոր պրոդյուսերը Genetic Production-ի հիմնադիր Նոնո Սարգսյանն է։ Ֆիլմի ստեղծման պատմության, դրա գաղափարական հիմքերի եւ Մոնթեի կերպարը հավատարիմ ու իրական ներկայացնելու կարեւորության մասին պատմել է նրա այրին՝ ՍԵԴԱ ԳԱՊՐԱՆՅԱՆ-ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։

Սեդա Գապրանյան-Մելքոնյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման ճանապարհը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ, երբ Genetic Production-ի ներկայացուցիչ Նոնո Սարգսյանը կապ է հաստատել նրա հետ՝ առաջարկելով աջակցել Մոնթեի մասին ֆիլմի նախագծին։

Առաջարկն ընդունելու որոշումը հեշտ չի եղել։ Տարիների ընթացքում Մոնթեի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել՝ երբեմն նրա ընտանիքի համաձայնությամբ, երբեմն՝ առանց դրա։ Սակայն Սեդա Գապրանյան-Մելքոնյանի համար ամենացավոտ հանգամանքն այն է եղել, որ որոշ աշխատանքներում Մոնթեի իրական կերպարը խեղաթյուրվել է։

Նա որոշել է նախ մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են նախագծի հեղինակները, ինչ գործունեություն են ծավալում եւ որքանով են վստահելի նրանց մտադրությունները։

«Սովորաբար ես մերժում եմ նման առաջարկները։ Շատ զգայուն եմ այս հարցերի նկատմամբ։ Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի։ Հարցեր տվեցի, պատասխաններ ստացա, ուսումնասիրեցի նրանց աշխատանքը եւ, ի վերջո, որոշեցի աջակցել նախագծին»,- պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ նախկինում նման առաջարկներ եղել են նաեւ ԱՄՆ-ից եւ Կանադայից, սակայն բազմաթիվ նախագծեր այդպես էլ չեն հասել իրականացման փուլին։ Հետեւաբար, այս անգամ եւս նա որոշակի վերապահումներ է ունեցել՝ մտածելով, որ ֆիլմի ստեղծման ընթացքում կարող են առաջանալ դժվարություններ, որոնք հերթական անգամ կխոչընդոտեն դրա նկարահանումը։

Սակայն այս նախագծին աջակցելու որոշումը նա ընդունել է մեկ հստակ պայմանով՝ ֆիլմում ամեն ինչ պետք է հնարավորինս հավատարիմ լինի իրականությանը։

«Եթե այս ֆիլմը պետք է նկարահանվի, ապա մեկ պայմանով՝ ամեն ինչ պետք է իրական լինի։ Մենք բացարձակապես Մոնթեին փոխելու կարիք չունենք, անգամ, այսպես ասած, գեղարվեստական ֆիլմում։ Մոնթեն ինքն արդեն այնքան հրաշալի է իր բնական կերպարով, որ նրան փոխելու կարիք չկա»,– ընդգծում է նա։

Սեդա Գապրանյան-Մելքոնյանը պայման է դրել, որ պետք է հնարավորություն ունենա քայլ առ քայլ հետեւելու աշխատանքներին՝ համոզվելու համար, որ ֆիլմում չեն հայտնվի իրականությանը չհամապատասխանող դրվագներ կամ Մոնթեի կերպարի սխալ մեկնաբանություններ։

Genetic Production-ը համաձայնել է այդ պայմաններին։ Դրան հաջորդել են բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ եւ հիշողությունների փոխանակում։ Սեդան պատմել է Մոնթեի կյանքի, բնավորության, մտածելակերպի եւ անձնական պատմությունների մասին՝ նպատակ ունենալով, որ ֆիլմի ստեղծագործական թիմը ոչ միայն տեղեկություններ հավաքի նրա մասին, այլեւ խորապես ճանաչի նրան որպես մարդ։

Նրա խոսքով՝ պատմված ոչ բոլոր դրվագներն են նախատեսված ֆիլմում ներառելու համար։ Դրանց կարեւորությունն այլ է՝ օգնել ստեղծագործական թիմին հասկանալ Մոնթեի էությունը, ճանաչել նրա մարդկային նկարագիրը եւ հնարավորինս ճշգրիտ վերարտադրել այն էկրանին։

Այսպիսով՝ «Մոնթե» ֆիլմի հիմքում ոչ միայն ազգային հերոսի կյանքի ու գործունեության ներկայացումն է, այլեւ նրա իրական կերպարը պահպանելու պատասխանատվությունը։

Մոնթե Մելքոնյանը պատմություն է, որի մասին խոսելիս կարեւոր է ոչ միայն ներկայացնել նրա անցած ուղին, այլեւ պահպանել այն արժեքները, համոզմունքներն ու մարդկային հատկանիշները, որոնք նրան դարձրել են հայ ժողովրդի հիշողության անբաժանելի մասը։

«Մոնթեին փոխելու կարիք չկա» միտքը դառնում է ֆիլմի ստեղծման գլխավոր սկզբունքներից մեկը։ Կարեւոր է, որ հանդիսատեսը էկրանին տեսնի ոչ թե հորինված հերոսի, այլ իրական Մոնթեին՝ իր համոզմունքներով, մարդկային նկարագրով եւ անուրանալի պատմական ժառանգությամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ