Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ
ՄիջազգայինՇարունակում է միանգամայն թեժ մնալ Հայաստանի հետ ճակատագրական առնչություն ունեցող (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=352211&l=am) եւս մեկ ուղղություն` իրանականը: Կլինի Իրանում նոր պատերազմ, թե` ոչ: Այս թեմայով գագաթնակետին հասած քննարկումներն էլ ավելի սրեց հեղինակավոր լրագրող Թաքեր Կառլսոնը` հայտնելով, թե ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին` ընտրություններից հետո միջուկային հարված հասցնել Իրանին: Կառլսոնը, որպես հնարավոր թիրախ, անվանում է Փիքաքս լեռը, որտեղ, ըստ իսրայելական հետախուզության պնդումների, Իրանը, հնարավոր է, վերսկսել է ուրանի հարստացման ծրագիրը: Նաեւ, որ Նեթանյահուն համառորեն պնդում է նման հարձակման վրա, եւ Թրամփը կարող է զիջել:
Այն տպավորությունն է, որ Իրանը եւս միջուկային հարվածի տարբերակը չի բացառում: Ամեն դեպքում, այդ տպավորությունն առաջացավ նախօրեին Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, Գերագույն առաջնորդի «աջ թեւի» համարում ունեցող գեներալ Ռեզաիի հայտարարությունից, որ Թեհրանը կփոխի իր միջուկային դոկտրինը, եթե պատերազմ սկսվի: «Իրանցիները մեզ հարցնում են` ինչո՞ւ ենք մենք շարունակում հետեւել նախորդ դոկտրինային, երբ նրանք հարվածում են մեր միջուկային օբյեկտներին։ Սա իրոք իմաստ չունի, եւ նոր պատերազմի դեպքում դա կփոխվի»,– հայտարարեց գեներալը:
Սա պարզ մեսիջ է, որ Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման դեպքում Թեհրանը կհրաժարվի ոչ միջուկային երկրի կարգավիճակից` ստեղծելով սեփական միջուկային զենքը: Սակայն դա չաշխատող մեխանիզմ է. եթե իրոք Իրանի դեմ միջուկային զենք օգտագործվի, ապա Թեհրանն իր սեփական զենքը ստեղծելու ժամանակ պարզապես չի ունենա: Այսինքն, ամբողջ հարցն այն է, թե այս պահին Իրանում կա՞ միջուկային զենք: Իրանական փորձագիտական աղբյուրների մոտ այս մասին ակնարկների պակաս չկա: Օրինակ. «Կան լուրեր, որ նրանք միջուկային հարված են ծրագրում Իրանին։ Սակայն այս անխոհեմ քայլը միայն ավելի կհզորացնի Իրանին։ Պատասխանը կլինի համարժեք»,– գրում է աղբյուրը` ներկայացնելով կոլաժային պատկեր, որն ակնարկ է` պատասխան հարվածը կհասցվի հենց ԱՄՆ–ին:
Սակայն տեղի ունեցողը կարելի է համարել նաեւ խաղ` նյարդերի վրա: Այն պարզ պատճառով, որ ունի Իրանը միջուկային զենք, թե`ոչ, մեկ է, եթե ԱՄՆ–ն գնա այդ զենքով հարձակման, ապա հետեւանքները, մեկ է, լինելու են կատաստրոֆիկ: Թեկուզեւ այս իմաստով. եթե ԱՄՆ–ն կարող է իր հակառակորդի դեմ միջուկային զենք օգտագործել, ապա ինչո՞ւ նույն բանը չի կարող անել Ռուսաստանը` իր հակառակորդի դեմ: Կամ, ասենք Չինաստանը: Իրանին միջուկային հարված հասցնելը «Պանդորայի արկղ» է, որը բացելու դեպքում բիզնեսմեն Թրամփը ռազմաքաղաքական իմաստով առանձնապես «դիվիդենտ» է ստանում, մինչդեռ այն ծայրահեղ ռիսկերը, որի առաջ անխուսափելիորեն կանգնելու է, որեւէ կերպ չի կարող փոխհատուցվել:
Այսինքն, շատ ավելի նման է, որ միջուկային զենքի մասին ներկա ամբողջ աղմուկն ընդամենը դիվանագիտական «կենացներ քաղցրացնելու» միջոց է: Այսինքն, Վաշինգտոնը փոխնախագահ Վենսի միջոցով այս անգամ բանակցությունների առաջարկ արեց ոչ թե նախագահ Փեզեշքիանին եւ նրա ներկայացրած բարեփոխիչների թիմին, այլ`ուղղակիորեն Գերագույն առաջնորդին ներկայացնող Ռեզաիին, այն է` իրանական ազգայնական թեւին, որն էլ ի զորու է «հարցեր լուծել»: Բայց մյուս կողմից, բոլորն են հասկանում, որ հենց այս պահին բանակցելն էլ, խոշոր հաշվով, իմաստ չունի: ԱՄՆ–ում ընտրություններ են, որոնք կարող են որոշակիորեն իրավիճակային փոփոխություն առաջացնել: Այսինքն, հարցը միայն այն չէ` Թրամփը կկորցնի՞ Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը, այլ, թե կորցնելու դեպքում ի՞նչ չափով: Եթե ընդամենը մի քանի ձայնով դեմոկրատներն առավելություն ստանան, դա մի բան է. նման իրավիճակում Թրամփը, ինչպես արդեն բացահայտ է հայտարարում, Կոնգրեսը շրջանցելով, իր կուրսն առաջ տանելու տարբերակներ ունի: Եթե շատ ավելի մեծ լինի ձայների տարբերությունը, ապա Թրամփի այդ հնարավորություններն էլ նկատելիորեն կնվազեն: Բայց նաեւ կաճի դեմոկրատների պատասխանատվության մակարդակը. հիմա կարողանում են ամեն մի նեգատիվ կապել Թրամփի հետ, բայց դա չեն կարողանա անել, ունենալով Կոնգրեսում բացարձակ առավելություն:
Կարճ ասած, ԱՄՆ–ում ներիշխանական ի՞նչ նոր ստատուս–քվո կառաջանա մոտակա օրերին, սա, իհարկե, կարեւորագույն հարց է, եւ քանի դեռ դրա լուծումը չկա, ապա չի կարող լինել ոչ թե Իրանին միջուկային հարված հասցնելու, այլ, առհասարակ, հարվածել–չհարվածելու կամ` բանակցել–չբանակցելու թեման:
Մյուս կողմից, նաեւ Սի Ցզինպինը, ինչպես հայտնում է Reuters-ը, պատրաստվում է հատուկ դեսպան ուղարկել Մերձավոր Արեւելք՝ Իրանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Հատուկ ներկայացուցիչը` Չժայ Ջունը, նոյեմբերին կայցելի Իրան, Օման եւ Սաուդյան Արաբիա: Այսինքն, Պեկինը Մերձավոր Արեւելքում իր քաղաքական ներկայությունը բարձրացնելու հայտ է ներկայացնում, ինչը եւս, անկախ ամերիկյան ընտրությունների ելքից, Վաշինգտոնին պարզապես պարտադրում է ակտիվացնել քաղաքական լուծումները` Չինաստանից հետ չմնալու համար:
Կարճ ասած, թեեւ Իրանի շուրջ իրավիճակի տեսանելի ծայրահեղ ռազմական սրության, խորքային տրամադրություններն ավելի շատ բանակցային լուծումների հավանականության աճի մասին են ակնարկում: Բայց, ամեն դեպքում, ընտրությունները, որոնք կայանում են ԱՄՆ–ում, իրենց կոնկրետ խմբագրումներն այս իրավիճակի վրա կմտցնեն:
