Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ
ՀասարակությունԿրկին ու կրկին «Վեոլիա Ջուր»-ը իրեն դրսեւորում է իր նման՝ ջրազրկելով թաղամասեր: Այս անգամ էլ սույն կազմակերպության թիրախում են հայտնվել Նոր Նորքի, Ավանի եւ Էրեբունի համայնքի վարչական շրջանները: Պատճառաբանությունը՝ շաբլոն, վթար է, խողովակ են վերանորոգում, աշխատանքներ են տարվում:
Սա իրականում hոգեբանական տեռոր է` «պլանային անջատում» անվան տակ: Նրանց կայքի հայտարարությունները կարդալիս թվում է, թե տեքստերը գրում է ինչ-որ մանյակ։ «Ջուրը կանջատվի առավոտյան 10-ից եւ 36 ժամ ջուր չի լինի», ու եթե մի տատիկ, ով կայքերում լուրեր չի կարդում, ստացվում է՝ մնալու է 36 ժամ առանց ջուր: Թե ինչ է խմելու տատիկը, պատմությունը լռում է...
Լավ, այս պետության մեջ խելքը գլխին մի գերատեսչություն կամ վարչական շրջանի ղեկավար չկա՞, որ «Վեոլիա Ջրին» հարցնի՝ այդ ինչպե՞ս է ստացվում տարին 12 ամիս վթար եք ունենում, գուցե դո՞ւք եք վթարված, որ չեք կարողանում մի փոքր քաղաքի խողովակները վերջնական արդյունքի բերել, որ չեք կարողանում ամառ-ձմեռ կարգավորել ջրամատակարարումը:
Սա իսկապես դարձել է գերխնդիր երեւանցիների համար, հատկապես բազմաբնակարան շենքերում: Վերջապես չկա մեկը, ով սոցիալական ցանցերի քննարկումից անցնի գործնական քայլերի։ Վերջապես որքա՞ն կարելի է խոսել, գրել, աղաղակել ու փնթփնթալով գնալ շշերով ջուր գնել խանութներից, որ մարդիկ կարողանան կերակուր պատրաստել: Ի դեպ, արդեն ջուր էլ չի մնացել, որ մարդիկ գնեն: Ու այս ամենի ֆոնին մնում է լսել «Վեոլիա Ջուր»-ի մեղմիկ ներողությունը եւ անցնել առաջ՝ «как ни в чём не бывало»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ