Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին
ՀայրենակիցներՀայաստանյան քաղաքական դաշտում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ իշխանության դեմ ամենաբարձր հայտարարություններ անող մանդատավոր ընդդիմությունը սեփական գործողություններով ոչ միայն չխոչընդոտեց Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, այլեւ փաստացի լեգիտիմացնում է նրա քաղաքական բոլոր քայլերը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորված սահմանադրական հանրաքվեին, հայտարարել է. «Ուզում եք ասել, որ ես այնքան միամիտ պետք է լինեմ, որ կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություն է իրականացնելու, վարչական ռեսուրս չի կիրառելու, չի գալու բոլորին հերթական անգամ նստացնի՞։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները նստած են»։
Արտաքուստ սա իշխանության գործելաոճի վերաբերյալ հիմնավոր մտահոգություն է։ Բայց քաղաքական գործիչների հայտարարությունները պետք է գնահատել նաեւ իրենց նախկին դիրքորոշումների համատեքստում։ Եվ այստեղ Աննա Գրիգորյանի ու նրա քաղաքական թիմի համար բավական անհարմար հակասություն է առաջանում։
Չէ՞ որ դեռ նախորդ տարվա փետրվարին «Հայաստան» դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հաղթել ընտրությունների միջոցով։ «Դուք մտածում եք, որ աշխարհում գոյություն ունի մի անձնավորություն, որին անհնա՞ր է հաղթել ընտրությունների ճանապարհով»,- հայտարարում էր նա՝ պնդելով, որ ընտրություններով հաղթանակը միանգամայն իրատեսական է։
Մինչդեռ ընդդիմադիր դաշտում հնչում էր նաեւ հակառակ տեսակետը՝ այս իշխանության հետ հերթական ընտրությունների գնալը ոչ թե իշխանափոխության ճանապարհ է, այլ Փաշինյանին վերարտադրվելու հնարավորություն տալու միջոց։ Դրա փոխարեն առաջարկվում էր իրականացնել անվստահության՝ իմպիչմենտի գործընթաց։ Սակայն Քոչարյանն ու նրա թիմակիցները ամիսներ շարունակ տորպեդահարում էին այդ գործընթացը՝ հրապարակայնորեն պնդելով, որ Փաշինյանին պետք է հաղթել ընտրություններով։ Միայն այն ժամանակ, երբ իմպիչմենտի գործընթացն արդեն կորցրել էր իր արդյունավետությունը, իսկ ընդդիմությունը մասնատված էր, հայտարարեցին, որ իրենց ձայները կտան Փաշինյանի դեմ։ Այնուհետեւ գնացին ընտրությունների, պարտվեցին եւ Փաշինյանին հնարավորություն տվեցին շարունակել իշխանավարումը։ Այս մասին ծավալուն գրառմամբ՝ հիշեցրել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը։
Իսկ այսօր նույն քաղաքական ուժի՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդարությանը հավատալը միամտություն է։
Բա այդ դեպքում ի՞նչ էր տեղի ունենում նախընտրական շրջանում։ Հասարակությանը համոզում էին մի բանում, որին իրենք չէի՞ն հավատում։ Եթե Փաշինյանի օրոք ընտրությունները սկզբունքորեն չեն կարող արդար լինել, ինչո՞ւ էիք մարդկանց համոզում, որ հնարավոր է նրան ընտրություններով հաղթել։
Աննա Գրիգորյանին պետք է ուղղել նաեւ մեկ այլ հարց․ արդյոք այս մտահոգությունները նախապես հայտնել էր իր քաղաքական թիմի ղեկավարությանը։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ ընդգրկվեց նախընտրական ցուցակում եւ մասնակցեց մի գործընթացի, որի արդարությանը, իր այսօրվա խոսքերի տրամաբանությամբ, չէր հավատում։ Իսկ եթե նման մտահոգություններ չուներ, ապա ի՞նչ է փոխվել ընտրություններից հետո։
Նույն հակասությունն առկա է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարություններում։ Նա իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ ընտրությունները չի համարում իշխանափոխության արդյունավետ ճանապարհ։ Ավելին՝ հարցին, թե արդյոք բացառում է Փաշինյանի օրոք նորմալ ընտրությունների անցկացումը, պատասխանել է. «Իր վարչապետությամբ բացառում եմ»։
Բայց երբ հարց է հնչում, թե այդ դեպքում ո՞րն է Փաշինյանին հեռացնելու սցենարը, բացի նրա թելադրած օրակարգերին արձագանքելուց, հստակ պատասխան չի տրվում։
Ահա այստեղ է ընդդիմության հիմնական խնդիրը․ ընտրություններով իշխանափոխությունն անհնար է համարում, բայց այլընտրանքային գործուն ճանապարհ չի առաջարկում։ Փոխարենը շարունակում է մնալ խորհրդարանում, մասնակցել քաղաքական գործընթացներին, արձագանքել իշխանության սահմանած օրակարգերին եւայդ ամենը ներկայացնել իբր ընդդիմադիր պայքար։
Սակայն խորհրդարանական մանդատ ունենալը դեռեւս ընդդիմություն լինել չի նշանակում։ Երբ իշխանությունը կարեւոր որոշումներ է ընդունում, իսկ ընդդիմությունը սահմանափակվում է ելույթներով ու դեմ քվեարկությամբ, նրա ներկայությունը խորհրդարանում դառնում է այդ գործընթացների քաղաքական լեգիտիմության լրացուցիչ փաստարկը։
Նույն տրամաբանությունը գործեց Արցախի հարցում, այն հանձնվեց հենց այսպիսի ընդդիմության կամք չդրսեւորելու հետեւանքով եւ նրանց ճակատին մնաց այն խարանը, որ իրենք էլ էին ներկայացնում այն Ազգային ժողովը, որի օրոք հանձնվեց հայրենիքի մի մասը։ Նույնը եղավ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դեպքում, այն ԹՐԻՓՓ նախագծի անվան տակ նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց։ Եթե մանդատավոր ընդդիմությունը այդ գործընթացները համարում է Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ է նրա պայքարը սահմանափակվում դեմ քվեարկությամբ։ Ինչո՞ւ նման նշանակության հարցերում քաղաքական պատասխանատվության ստանձնումը, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու եւ հանրային դիմադրություն կազմակերպելու հնարավորությունը, իրական օրակարգ չի դառնում։
Ի վերջո, եթե որեւէ գործընթաց համարում ես պետականության համար վտանգավոր, ապա միայն դեմ քվեարկելը դեռեւս պայքար չէ։ Մանդատը քաղաքական պատասխանատվությունից խուսափելու արտոնագիր չէ։
Աղվան Վարդանյանի պարագայում հանրությունը հիշելու հիմքեր ունի նաեւ նրա նախկին պաշտոնավարման շրջանը։ Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ նա մամուլում քննադատության է արժանացել մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման ծրագրի կառավարման եւ նախարարության գործունեության ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումների համատեքստում։ Այսօր նա պատգամավոր է եւ խոսում է իշխանափոխության մասին՝ չներկայացնելով դրա իրատեսական ճանապարհը։ Իսկ գուցե ընկեր Աղվանին միայն պաշտո՞նն է հետաքրքիր՝ լինի պատգամավոր, թե՝ նախարար։
Իրականում խնդիրը միայն Աննա Գրիգորյանը կամ Աղվան Վարդանյանը չեն։ Խնդիրը քաղաքական պատասխանատվությունից խուսափելու ամբողջական գործելաոճն է։ Նախընտրական շրջանում հասարակությանը խոստանում են, թե հնարավոր է ընտրություններով հաղթել Փաշինյանին, իսկ պարտությունից հետո սկսում են բացատրել, որ նրա օրոք արդար ընտրություններն անհնար են։
Այսպիսի ընդդիմությունն է Փաշինյանի իշխանության ամենամեծ քաղաքական առավելություններից մեկը։ Նա ոչ միայն չի առաջարկում իշխանափոխության գործուն մեխանիզմ, այլեւ իր վարքագծով հասարակությանն անուղղակիորեն համոզում է, որ գործող իշխանությանն այլընտրանք չկա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
