Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով
ՄիջազգայինՆիկոլ Փաշինյանը երեկ նորից բռնեց Բրյուսելի ճամփան: Պաշտոնապես` նպատակը Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթաժողով 2026»-ին մասնակցությունն է: Իրականում, սակայն, այդ այցի տակ, ինչպես միանգամայն վստահելի աղբյուրներն են պնդում, այլ նպատակներ կան:
ՈՐՈՆՔ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Այսպես, նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հուշեց, որ միջոցառումը, որի համար Փաշինյանը մեկնել է Բրյուսել` «Կազմակերպված է ոչ թե Եվրոպական միության պաշտոնական մարմինների, եվրահանձնաժողովի, այլ` Euronews հեռուստաընկերության կողմից»։ Այն է` թեեւ հեղինակավոր, եվրալիդերներից որոշակի աջակցություն ստացող, բայց ընդամենը սովորական հեռուստաելույթի պես մի բան է: Ու այս փաստն արդեն իսկ ի հայտ է բերում Փաշինյանի բրյուսելյան այցի նպատակներից մեկը:
Այսպես, նոյեմբերի 15-16-ին նույն Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպական միության ընդլայնման հարցերով գագաթաժողով: Միայն թե դեպի Եվրոպա վազող եւ հանուն դրա ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ ծանր բախման մեջ մտած Հայաստանին այդ միջոցառմանը չեն հրավիրել: Ու դա Նիկոլի համար քաղաքական ապտակից էլ վատ բան է: Այսքան ժամանակ համաշխարհային աղմուկ է բարձրացրել, թե դեպի Եվրոպա ենք գնում, մի ամբողջ օրենք ընդունեցին, Հայաստանին քիչ է մնում ԵԱՏՄ–ից հեռացնեն, որը ահռելի վնասներ է հասցնելու երկրին: Մյուս կողմից, բարձրաստիճան եվրաչինովնիկությունը գույնզգույն խոստումներ է տալիս, թե մինչեւ վերջին հայկական լոլիկն ու ելակը կգնենք: Ու այդքանից հետո անգամ այն պաշտոնական միջոցառումներին, որտեղ քննարկում են ԵՄ–ի ընդլայնման հետ կապված հարցերը, Հայաստանին անգամ չեն բարեհաճում հրավիրել: Դրանով նաեւ ֆիքսելով, որ եթե անգամ մեր երկրի հետ մերձեցման ինչ–ինչ տեսլականներ կան, ապա մեկ է, նման ծրագրերը առնվազն դեռ ամենահեռավոր դարակներում ամուր փակված են, եւ ով իմանա, թե երբեւէ իրական օրակարգ դուրս կգա՞ն: Ժողովրդի լեզվով ասած, չնայած այստեղից դեպի Բրյուսել գնացող հավատարմության երդումներին, նույն Բրյուսելը մեզ «շան տեղ էլ չի դնում»: Իսկ դա մեկ տպավորություն է ֆիքսում. «դեպի Եվրոպա» օրակարգը սովորական կեղծարարություն է, եւ հանուն դրա նիկոլյան ռեժիմը հաջողացրեց թշնամական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ եւ առնվազն տնտեսական դաշտում հսկայական վնասներ բերեց Հայաստանին: Այսինքն, պետք է այդ տպավորությունը փոխել, եւ դրա համար, եթե ԵՄ պաշտոնական միջոցառումներին չեն կանչում, ապա գոնե հեռուստամիջոցառումների միջոցով ցույց տալ, թե ինչ եք ասում, տեսնում եք` մեզ ուր են կանչում: Չեղած տեղը «բողկը մրգի տեղ» հրամցնելու պես մի բան է ստացվում:
Բայց սա, ըստ հիշատակված աղբյուրների, իրականում Նիկոլի այս այցի հիմնական իմաստը չէ. ավելի կարեւոր մեկ այլ նպատակ կա: Սրա համար նախ պետք է հիշեցնել, թե այս օրերին ինչ է կատարվում Եվրոպայի, ավելի կոնկրետ` ԵՄ–ի հետ: Նախ հակագլոբալիստական «բունտերն» են սկսել ակտիվորեն ականապատել բուն ԵՄ–ի հիմքերը` ցնցելով առաջատար եվրոպական երկրները, ավելի կոնկրետ` այդ երկրներում իշխանությունը պահող գլոբալիստական համակարգերը` Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն: Երկրորդը, գնալով միայն սրվում են հիմնական դաշնակցի` ԱՄՆ–ի հետ հարաբերությունները: Ավելին, քիչ չեն ոչ ուղիղ վկայություննրը, որ ներեվրոպական ցնցումների հետքերը տանում են ուղիղ դեպի թրամփյան համակարգ: Այս ամենին էլ գումարվել է էներգետիկ ճգնաժամը, որը սպառնում է իսկական տնտեսական ցունամի առաջացնել: Եվ այս ամենի եւ մի շարք այլ գործոնների համագումարում, ԵՄ–ի եւ Եվրոպայի աշխարհաքաղաքական կշիռն աչքի առաջ գրողի ծոցն է գնում: Այդ թվում, մի կողմից, Եվրոպային արդեն ցուցադրաբար մերժում են մասնակցել ԱՄՆ–ի միջնորդությամբ մեկնարկող ուկրաինական բանակցություններին: Մյուս կողմից, արդեն մոտ կես ամսից նախագահներ Պուտինը, Թրամփը եւ Սին կարող են Չինաստանում «Յալթա 2» հանրային անունը ստացած գագաթաժողովն անցկացնել` աշխարհը ազդեցության ոլորտների բաժանելու մասին համաձայնության հասնելով: Կհաջողվի, թե`ոչ, հարցի մի կողմն է: Կոնկրետ դեպքում, էականն այն է, որ Եվրոպային այդ միջոցառմանն անգամ «երկրորդ շարքում նստողի» կարգավիճակով չեն հրավիրում:
Այսինքն, ի հայտ են եկել մի շարք ծանրակշիռ գործոններ, որոնցով պայմանավորված, բառացիորեն աչքի առաջ ձեւավորվում է ապագա աշխարհի աշխարհաքաղաքական դիմագիծը: Ինչքանով Եվրոպան դրանում իր տեղը կունենա, ըստ այդմ` ինչ արմատական տեղաշարժեր կունենա նրա կշիռը: Ըստ այդմ, ի՞նչ իմաստ ունի դեպի Եվրոպա գնալը: Սրանք դարձել են այն առանցքային հարցադրումները, որոնք նաեւ Նիկոլի համար են ճակատագրական նշանակություն ձեռք բերել: Այսինքն, պե՞տք է դեռ շարունակել խաղարկել «դեպի Եվրոպա» սցենարը, թե՞ դա սկսում է մահացու վտանգավոր դառնալ: Առավել եւս, որ հենց այս օրերին կիրառական օրակարգում է Հայաստանին ՀԱՊԿ–ից հեռացնելու թեման, որին էլ կհաջորդի նաեւ ԵԱՏՄ–ից հեռացնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը նվազագույնի հասցնելու թեմաները: Ու եթե նաեւ պարզվի, որ Եվրոպան որեւէ կերպ «չի արդարացնում այն բարձր վստահությունը», ինչպիսին որ կա Նիկոլի պատկերացումներում, ապա ապագան նրա համար միանգամից կստանա քաղաքական «կախաղանի պարանի» տեսք: Ըստ այդմ, հենց այդ հարցերից է, որ պետք է գլուխ հանել, թե այս իրավիճակում ինչ հաշվարկներ են դեռ հնարավոր կապել Եվրոպայի հետ: Ու հենց դա հասկանալն էլ, ինչպես աղբյուրներն են վստահեցնում, Նիկոլի այս բրյուսելյան այցի հիմնական առանցքն է լինելու:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Առավել եւս, որ ներկա իրավիճակում շարունակում են նոր մեսիջներ ի հայտ գալ, որ մեր տարածաշրջանում տրամադրությունները սկսել են շրջադարձային փոփոխությունների ենթարկվել: Նման ցայտուն ազդակ կարելի է համարել հայտարարությունը, որը նախօրեին հնչեցրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ըստ նրա` Վրաստանի ներկա նպատակն է Ռուսաստանի հետ կապերի ամրապնդում, առեւտրային, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացում եւ այդպես շարունակ: «Մենք արդեն աշխատում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրային, տնտեսական եւ հումանիտար հարցերում»,- ընդգծել է Կոբախիձեն՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով երկրի նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին արդյունավետորեն աշխատում է իր պաշտոնում։
Ընդամենը շաբաթներ առաջ Թբիլիսիից միանգամայն այլ ազդակներ էին գալիս: Եվրոպայի հետ նախկին կոշտությունը պահելով, դեռ մի բան էլ` նոր սրացումների գնալով, Վրաստանն ակնհայտորեն թրամփամետ ուղղվածության մի շարք բաց եւ փակ մեսիջներ հղեց: Ու միաժամանակ, որ քաղաքական իմաստով Թբիլիսին դեռ չի պատրաստվում վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները: Եվ դատելով նման մեսիջների շարունակականությունից, ենթադրելի է, որ անհրաժեշտ պատասխան ռեակցիա Վաշինգտոնից այդպես էլ չէր գալիս: Եվ ահա այս անգամ Վրաստանը, այն էլ` վարչապետի մակարդակով, ոչ միայն «ներկա նպատակ» է հռչակում «Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը», եւ ավելին` ակնարկում է, որ այդ ուղղությամբ ունի նոր ներկայացուցիչ, այն է` նոր մոտեցումներ: Ու նման շրջադարձը, թերեւս, գալիս է հուշելու, որ վրացիները, որոնք սովորաբար շատ արագ են զգում «աշխարհաքաղաքական բարոմետրի» տատանումները, այս անգամ եւս պատրաստվում են շատ հնարավոր դարձած փոփոխություններին:
Այս ֆոնին, հետաքրքիր էր նաեւ հենց Մոսկվայից եկած լուրը, որ Ռուսաստանը ստեղծում է իր USAID-ի համարժեք կառույցը. «Ռոսսոտրուդնիչեստվոն» կունենա իր սեփական օգնության գործակալությունը։ Այն է` Ռուսաստանի կառավարությունը Պետդումայում ներկայացրել է «Միջազգային զարգացմանը օժանդակելու մասին» օրինագիծ, որը ենթադրում է հիմնարար փոփոխություններ առաջացնել այլ երկրների հետ ոչ պաշտոնական մակարդակներով հարաբերությունների կառուցման ռազմավարությունում: Այսինքն, մինչ այս «փափուկ ուժի» հիմնական «փափուկ» բաղադրիչը կառուցվում էր այս–այս երկրներին որքան, օրինակ, էժան հացահատիկ կամ գազ տվեցին, որքան դպրոցներ կառուցեցին եւ նման բաների վրա, որոնք, իհարկե, էֆեկտիվությամբ չէին փայլում: Իսկ ահա նոր մեխանիզմը ծրագրում է աշխատանք կոնկրետ թիրախային խմբերի հետ, մոտավորապես այն հայտնի մեթոդներով, որոնցով գործում էր USAID-ը, եւ որոնց էֆեկտիվությունը քանիցս ապացուցվել է: Ընդ որում, ենթադրաբար, այդ համակարգն առաջնային կերպով կկենտրոնանա ԱՊՀ տիրույթի վրա, որտեղ հարավկովկասյան ուղղությունը դառնում է առաջնայիններից մեկը: Թե որքանով կստացվի, ժամանակը ցույց կտա: Այս պահին իրողությունն այն է, որ Մոսկվան փորձում է փոխել մասնավորապես ԱՊՀ տիրույթում իր երբեմնի աշխատանքային մեխանիզմները, դրանք բերելով էֆեկտիվ տեսքի: Այսինքն, տեսնում է էֆեկտիվության բարձրացման անհրաժեշտությունը, ինչը շատ կարեւոր առաջնային քայլ է:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, Նիկոլն այս պահին մնում է նույն երկընտրանքի առաջ, թեեւ ներկա փուլում ընտրության տարբերակների հարցում պատկերը շատ ավելի հստակ է դարձել: Մի կողմից, արեւմտյան ուղղությունն աչքի առաջ դառնում է շատ ավելի անորոշ` ներքին ծայրահեղ բացասական դետալիզացիայի հետ կապված: Եվ մյուս կողմից, այն դրական դինամիկան, որն այս փուլում նկատվում է ռուս–ամերիկյան հարաբերություններում, ավելորդ անգամ հուշում է, որ ազդեցության ոլորտների վերաբաշխման հարցում որոշակի պայմանավորվածություններ հստակ ընթացքի մեջ են: Իհարկե, կապված թեկուզեւ ամերիկյան ընտրությունների հետ, այս հարցում ամենեւին էլ չպետք է բացառել նոր շրջադարձերը: Բայց այս պահին կա այն, ինչը կա, եւ ելնելով այդ ընթացքից, պետք է որոշումներ կայացնել նաեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում: Չնայած, ԱՄՆ–ում արդեն ընտրություններ են, եւ թե դրանք ինչ փոփոխություններ կառաջացնեն, դրանք եւս շատ արագ տեսանելի են դառնալու:
