ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն
ՄիջազգայինԱյսպիսով, ԱՄՆ–ն հասավ այդքան չարչարկված միջանկյալ ընտրություններին, որոնց ժամանակ կարող է փոխվել Կոնգրեսի եւ Սենատի կազմը` Թրամփին զրկելով բացարձակ իշխանությունից: Ընդ որում, նախընտրական բոլոր հաշվարկ–գնահատականները, սպասելիքները հենց այդ փոփոխության մասին են ակնարկում: Այդ թվում, ընտրություններից մեկ օր առաջ ոչ անհայտ Polymarket բույքմեյքերական գրասենյակները ռեկորդային գործակիցներ են առաջարկում դեմոկրատների համար՝ այս ընտրարշավում Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում հաղթելու համար: Ըստ այդմ, որ դեմոկրատները կարող են նվաճել մեծամասնությունն ինչպես Սենատում, այնպես էլ` Ներկայացուցիչների պալատում: Ու ներկա գլոբալ հաշվարկներն էլ հենց դրանից են բխում` ձայների նման վերաբաշխման դեպքում ինչ պոտենցիալ հնարավորություններ են մնում Թրամփի թիմին:
Իհարկե, քանի դեռ չկան ամերիկյան ընտրությունների փաստացի վերջնական արդյունքները, ներկա բոլոր հաշվարկները մնում են միայն ենթադրությունների դաշտում, որքան էլ որ դեմոկրատների հաղթանակը հավանական սցենարի տեսք ունի: Բայց եթե անգամ դա իրողություն դառնա, կան մի շարք իրողություններ, որ դեմոկրատներն անգամ հաշվի չառնել չեն կարող:
Առաջինն, իհարկե, 40,6 տրիլիոն դոլարի կամ ՀՆԱ–ի մոտ 124-ի հասած պետական պարտքն է: Իսկ դա մի ցուցիչ է, որը հստակ ազդարարում է` երբեմնի կուրսը` փող տպել եւ աշխարհով մեկ բաժանել, արդեն պարզապես չի աշխատում: Պետք է փոխել, եւ դրա միակ ուղին ոչ թե իր հերթին պարտքերի մեջ խրված եւ ռեսուրսներից զրկված, այլ ռեսուրսային Ռուսաստանի եւ տնտեսական գիգանտ Չինաստանի հետ համագործակցելն է: Հենց համագործակցելը, քանի որ թշնամության տարբերակը դեմոկրատներն արդեն փորձել են Բայդենի ժամանակ, եւ դա որեւէ արդյունք չտվեց: Ռազմական հակամարտությունը եւս, ինչպես հուշեց Իրանի օրինակը, չի աշխատում. Թրամփն է իշխում, թե` դեմոկրատները, դրանից ամերիկյան բանակի եւ ռազմական պոտենցիալի էությունը չի փոխվում: Իսկ եթե բանը հասնի միջուկային զենքին, ապա Ռուսաստանն ու Չինաստանն էլ պակաս «միջուկային տղա» չեն: Այսինքն, եթե ռազմական մեխանիզմներով հնարավոր լիներ Ռուսաստանին եւ Չինաստանին հաղթել, ապա դա Թրամփն էլ մեծ ուրախությամբ կաներ, առանց դեմոկրատներին սպասելու:
Այսինքն, անկախ Կոնգրեսի կազմից, ուկրաինական թեմայով բանակցությունները Վաշինգտոնի համար մնում են կարեւոր, ինչ երազանքներ էլ որ այս պահին փայփայի Զելենսկին կամ Լոնդոնը: Եվ երբ Թրամփի ներկայացուցիչ Ուիտկոֆը հայտարարեց, որ ԱՄՆ–ի միջնորդությամբ ՌԴ–ի եւ Ուկրաինայի նոր բանակցային փուլ է մեկնարկելու արդեն նոյեմբերի 10–11–ին` Աբու–Դաբիում, հազիվ թե ամերիկյան ընտրություններից հետո այս հարցով բան փոխվի: Իհարկե, կապված ընտրությունների արդյունքների հեռ, Զելենսկին կարող է կոշտացնել դիրքորոշումը` սպասելով դեմոկրատների օգնությանը: Բայց երբ ամերիկյան զինանոցներում, օրինակ, կրիտիկականից ցածր մակարդակի է հասել ՀՕՊ հրթիռների պաշարները, եւ կա Իրանի հետ չավարտված պատերազմը, ապա դեմոկրատներն այս հարցում բան չեն փոխելու: Մինչդեռ հենց այս պահին է, որ ուկրաինական էներգետիկան հասել է այն մակարդակին, որ արդեն կարող են ստիպված լինել նույնիսկ ատոմակայաններն անջատել: Այն էլ` ձմռան շեմին:
Մյուս կողմից էլ, նախօրեին Զելենսկին բախվեց եւս մեկ խոշոր սկանդալի: Այն է, պարզվեց, որ հենց Կիեւի արվարձաններում նեոնացիստական «Ազովը» իսկական համակենտրոնացման ճամբար է սարքել: Դա հանրային այնպիսի բուռն ռեակցիա առաջացրեց, որ զելենսկիականները ստիպված էին մինչեւ իսկ նեոնացիստական տարբեր դիմակավորված խմբավորումների հարձակման հանել ընդդեմ ցուցարարների: Այս «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: Բայց մինչ այդ, ֆիքսենք. Ուկրաինայում սա ամենեւին էլ միակ նման «համակենտրոնացման ճամբարը» չէ եւ ամենեւին էլ այն նոր չի ստեղծվել: Ու փաստը, որ նման օբյեկտի գոյության փաստը հենց այս պահին հայտնի դարձավ, իհարկե, իր հերթին պատահական չէ: Ամեն դեպքում, այն աղմուկը, որն արագորեն ծավալվում է այս պատմության ի հայտ գալուց ի վեր, Զելենսկուն ոչ միայն սպասվող բանակցություններում դիրքերը կոշտացնելու լայն հնարավորություններ չի տալիս, այլ նրան ուղղված գլոբալ ճնշումը, թերեւս, կտրուկ աճելու է:
Ամեն դեպքում, սպասենք ամերիկյան ընտրությունների արդյունքներին, ինչը, իհարկե, շատ հարցերի պատասխաններ տալու է:
