Նոյեմբերի 5. Օրվա խոսք ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. WSJ Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է Թրամփի պարտությունից հետո ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ պատերազմը Չինաստանը կոշտ սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին «Հրապարակ»․ «Շիշ բռնողը» կմասնակցի Երեւանի ընտրություններին «Ժողովուրդ». Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին «Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Անկախության հռչակագիրը Իրանում մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար «Հրապարակ»․ Ինչ շինարարություն են սկսել ԱԱԾ «պադվալում»

Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր․ Անդրեյ Վասիլեւ

Մշակութային

Մեկնարկել է Երեւանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր եւ ռուս դասականներ» խորագրով։ Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել շեքսպիրագետներ, թատերական ռեժիսորներ եւ մշակութային գործիչներ տարբեր երկրներից։ Նրանց շարքում է նաեւ Ռուսաստանից ժամանած Վորոնեժի Ս. Յա. Մարշակի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԵՅ ՎԱՍԻԼԵՎԸ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը։

ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԿԲԵՄԱԴՐԻ

— Բարի գալուստ Հայաստան։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փառատոնից, եւ ընդհանրապես՝ համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք տեսնում՝ հայ-ռուսական թատերական հարաբերություններում։

— Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երեւանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանին՝ հրավերի համար։ Սա իմ երկրորդ այցն է հենց Երեւան։ Ես հիացած եմ ձեր քաղաքով, ձեր մարդկանցով, ձեր երկրով։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այն արդեն սկսվել է։ Բանն այն է, որ Կարո Բալյանը երկու տարի առաջ այցելել էր մեզ եւ ներկայացում բեմադրել։ Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց այն, ներկայացումներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում։ Դա մեծահասակների համար նախատեսված «Հատակին» ներկայացումն էր՝ Մաքսիմ Գորկու համանուն պիեսի հիման վրա բեմադրված։ Հենց այդ պատճառով էլ ես խնդրեցի նրան եւս մեկ ներկայացում բեմադրել։

— Անդրեյ Ալեքսանդրովիչ, կբացե՞ք փակագծերը, թե այս անգամ ինչ ներկայացում է բեմադրելու Կարո Բալյանը Վորոնեժում։

— Ես ու Կարոն պայմանավորվել ենք, որ այժմ պետք է մանկական ներկայացում բեմադրենք։ Իրականում դա նրան այնքան էլ բնորոշ չէ, քանի որ ինքն ասում է, որ չի սիրում երեխաների համար ներկայացումներ բեմադրել։ Բայց, նա ինձ մի գաղտնիք է պատմել, որ իր առաջին ներկայացումը, որը երբեւէ բեմադրել է՝ որպես ռեժիսոր, եղել է «Քենթերվիլի ուրվականը»։ Եվ ես կարողացա համոզել նրան այդ ներկայացումը բեմադրել մեր թատրոնում։

«ՊԱՐԶԱՊԵՍ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՏԵՍՆԵԼ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀՐԱՇԱԼԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

— Կա կարծրատիպ, որ մեր օրերում դերասանն ու բեմադրիչը միայն Շեքսպիրով հաց չեն վաստակի, սառնարան չեն լցնի։ Իսկ ինչպե՞ս է այսօրվա ռուս երիտասարդությունը վերաբերվում Շեքսպիրին։

— Շեքսպիրն անմահ է։ Շեքսպիրն ամեն ինչ է մեզ համար։ Ուստի՝ դա որեւէ կերպ չի ազդում ո՛չ երիտասարդության, ո՛չ էլ ավագ սերնդի վերաբերմունքի վրա։ Կարծում եմ՝ ամեն դեպքում, անհրաժեշտ է երիտասարդներին ներգրավել, նրանց մեջ թատրոնի հանդեպ սեր սերմանել եւ դաստիարակել։ Իսկ Շեքսպիրը դրա համար շատ լավ օրինակ է։ Մենք՝ թե՛ երիտասարդությունը, թե՛ ավագ սերունդը, ինչպես արդեն նշեցի, նույն կերպ ենք ընկալում Շեքսպիրին։ Եվ մենք շարունակելու ենք այդ գործը։

— Հնարավո՞ր է, որ կրկին այցելեք Երեւան՝ այս անգամ ոչ թե մենակ, այլ Ձեր թատրոնի ներկայացումներից որեւէ մեկի հյուրախաղերով։

— Բանն այն է, որ այս տարի էլ էինք մենք ծրագրել ներկայացումով գալ։ Սակայն մինչեւ Նոր տարի մեր խաղացանկը բավականին հագեցած է։ Ունենք երեք նոր բեմադրություն, եւ պարզապես ֆիզիկապես չկարողացանք ժամանակ գտնել այստեղ գալու համար։ Մենք շատ էինք ցանկանում այցելել, Կարո Բալյանը մեզ հրավիրել էր, բայց, ցավոք, չստացվեց։

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի գալ հյուրախաղերով կամ հաջորդ փառատոնի շրջանակում։ Մենք մեծ հաճույքով կայցելենք ձեզ՝ հնարավոր է՝ նոր ներկայացմամբ, գուցե նաեւ Կարոյի բեմադրությամբ։ Որովհետեւ կարծում եմ՝ դուք պետք է, պարզապես, պարտավոր եք տեսնել ձեր հայրենակցի բեմադրությունը, քանի որ այն հրաշալի ներկայացում է։

«ՊԱՐԱԴՈՔՍԱԼ Է, ԲԱՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է»

— Կարելի՞ է ասել, որ չնայած հատուկ ռազմական գործողության հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանը շարունակում է ապրել մշակութային կյանքով, մարդիկ հաճախում են թատրոն։

— Ռուս հանդիսատեսի համար թատրոնը միշտ պահանջված է եղել եւ միշտ էլ պահանջված կլինի։

— Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ինչպե՞ս եք կարողացել գտնել այն բաղադրատոմսը, թե ինչպես մարդկանց կրկին բերել դեպի թատրոն։

— Զարմանալի է, կասեի՝ նույնիսկ պարադոքսալ է։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, պետք է ասեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր թատրոնի հաճախելիությունն աճել է։ Եվ խոսքը միայն մեր թատրոնի մասին չէ, այլ ընդհանրապես՝ Ռուսաստանի թատրոնների։

Հանդիսատեսը գալիս է, թատրոնը պահանջված է։ Եթե նախկինում մարդիկ ձգտում էին կինոթատրոն գնալ, ապա այսօր թատրոնը, կենդանի շփումը, բեմում դերասանական խաղն անմիջականորեն տեսնելու հնարավորությունը շատ մեծ արժեք են ներկայացնում։ Մարդիկ ձգտում են դրան։ Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ