Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան
Ներքաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս երեք ամսով։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ասաց, որ միակ ակնկալիքն այն է, որ արդարությունն ի վերջո կհաղթի։
— Ես չեմ ասում՝ մենք իրավական երկրում ենք ապրում, թե՝ ոչ, որովհետեւ, ըստ էության, Հայաստանում գեներացվող գործընթացները շատ ուղիղ ցուցիչ են՝ այս երկրում օրենքը գործո՞ւմ է, մեր երկրում առհասարակ օրենք կա՞, թե՞ ոչ։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված բոլոր գործընթացները, անկասկած, պետք է հանգուցալուծվեն՝ նրա ազատ արձակմամբ եւ արդարացմամբ, եթե, իհարկե, արդարության գոնե մի նշույլ կա։
— Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սահմանադրություն փոխելու համար եթե անհրաժեշտ ձայները չկարողանան համոզել եւ ստանալ խորհրդարանական ընդդիմությունից, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացնի։ Սրան ի՞նչ կասեք:
— Չի կարող։ Այդքան մարդ չի կարող գեներացնել։ Միգուցե,, իրեն մի քիչ ուրիշ բաներ են զեկուցում։ Հնարավոր է՝ գեներացնի իր համախոհներին, բայց իր համախոհների քանակը, հավատացնում եմ ձեզ, 700 հազար էլ չէ, 500 հազար էլ չէ, 300 հազար էլ չէ։ Քի՛չ է։ Քիչ ասելով՝ նկատի ունեմ առավելագույնն իր կուսակիցներին, իր համախոհներին։
— Բայց, այնուհանդերձ, զավեշտալի չէ՞, որ իշխանությունն է խոսում հանրային ճնշում գեներացնելու մասին, եւ ոչ թե՝ ընդդիմությունը։
— Առհասարակ զավեշտալի են հնչում բոլոր գործընթացները, որոնց մենք ականատես ենք վերջին ութ տարվա ընթացքում։ Ի՞նչը զավեշտալի չէ։ Գագիկ Ծառուկյանի գործը զավեշտալի չէ՞, թե ո՞րը: Այս պարագայում ամեն բան է զավեշտալի։ Մինչդեռ մենք փորձում ենք մանրուքների վրա զարմանալ։ Ինչի՞ց ենք զարմանում, երբ մեզ կանգնում եւ ասում են՝ քո հայրենիքի մի մասը հանձնելուց հետո՝ դա պիտի լավ բան համարես։ Կամ ասում են՝ Արցախը հանձնեցինք, փոխարենը Հայաստան ձեռք բերեցինք։ Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ են ձեռք բերել։ Ադրբեջանը գրավեց Արցախը, մարդկանց էլ հանեց, հիմա էլ ասում են ամեն բան լավ է։ Ունիկալ մի իրավիճակի մեջ ենք, երբ Հայաստանի իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան։ Աբսո՛ւրդ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

