Յոթ փաստ կոմս Լոռիս-Մելիքովի կյանքից Ադրբեջան – Հայաստան. որքանո՞վ հաջող կլինի պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ Լրագրողնե՛ր, պատրաստվե՛ք, Ձեր գրած հոդվածները շուտով կարող են դառնալ եկամտի աղբյուր Կիևի «Հյուսիսային կամուրջը» ռուսների գիշերային հարձակումից լուրջ վնասներ է կրել Վենսը բանակցություններ է վարում Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ. Axios Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հայաստանը պետք է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում լինի» գաղափարի թշնամին եմ 12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ

Ադրբեջան – Հայաստան. որքանո՞վ հաջող կլինի պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը

Վերլուծություն

Ելույթ ունենալով հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմեռանդորեն հավատարմության երդում տվեց 35 տարի առաջ Խորհրդային Միության փլուզման ժամանակ ընդունված Ալմա-Աթայի հռչակագրին, որը դրույթ էր պարունակում նախկին միութենական հանրապետությունների սահմանների՝ այժմ արդեն որպես միջպետական ​​սահմանների անխախտության մասին։

Հիշեցնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը անթերի չէ», նա գանգատվեց չլուծված հումանիտար խնդիրներից, որոնք սպասում են իրենց լուծմանը, ներառյալ՝ «անհետ կորածների ճակատագրերի պարզումը, ականազերծման խնդիրները և կալանավորված անձանց հարցերը: Դժբախտաբար, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում երբեմն բացասականության ալիք է բարձրանում, նույնիսկ պաշտոնական մակարդակով... եթե այդ երևույթները նույնիսկ հարցեր են առաջացնում, այլևս կասկածի տակ չեն դնում հաստատուն խաղաղության գոյության փաստը: Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30-ամյա հակամարտությունը հնարավոր չէ բռնակավոր անջատիչի (рубильник) լծակով մի վայրկանում անջատել: Դրա համար  հարկավոր կլինի ժամանակ և հետևողականություն...»:

Սակայն, ինչպես և կարելի էր սպասել, Նիկոլ Վովաևիչի խաղաղասեր ճառերը չեն համոզում Բաքվի գործընկերներին։ Հայաստանում հուլիսի 7-ի աղմկահարույց խորհրդարանական ընտրություններից հետո Կասպից ծովի ափերից եկող ռազմատենչ հռետորաբանության աստիճանը նկատելիորեն բարձրացել է, ու թեև բանը չհասավ անմիջական ռազմական բախումների, սակայն ցանկացած միջադեպ շատ մեծ ուշադրություն է գրավում և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Օրինակ, քիչ աղմուկ չբարձրացրեց ադրբեջանցի զինծառայողի պատահական կամ ամենևին ոչ պատահական ներթափանցումը Սիսիանի մերձակա Շաքի գյուղ, որի իսկական պատճառը Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն ձգտում են թաքցնել հասարակությունից։ Ինչպես «Նոև կովչեգին» վերջերս տված հարցազրույցում միանգամայն իրավացիորեն նշել է «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստը») կազմակերպության հիմնադիր Վլադիմիր Վարդանովը, թվացյալ «խաղաղ ժամանակ» բանակում հաճախացած դժբախտ պատահարները՝ ներառյալ մահվան ելքով, մեծ մասամբ բացատրվում են այն քարոզչության ջանքերով, որոնք պնդում են, թե «մենք թշնամի չունենք, սա, գումարվելով անգործությանը, իջեցնում է մարտական ​​պատրաստվածության աստիճանը և բարոյալքում զինվորին»։

Ալիևի ելույթը զերծ չմնաց նաև Հայաստանի ներկայիս ղեկավարության հասցեին սպառնալիքներից. «Նրանք, ովքեր ժամանակին ասում էին, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասում են սա ստիպված։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից պարզապես բարի կամքի դրսևորում չէ և չի կարող համարվել այդպիսին։ Չի կարելի ամբողջ մեղքը դնել Հայաստանի միայն նախկին ղեկավարության վրա։ Չնայած Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անտակտ հայտարարություններով դիպել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա։ Այսօր, երբ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են Հայաստանի ներկայիս ղեկավարությանը ներկայացնել որպես «խաղաղության աղավնի», մենք ամեն անգամ նրանց հիշեցնում ենք հենց այս պատմությունը։ Հիշեցնում ենք 2018-2020 թվականների պատմությունը, որպեսզի պատմությունը չխեղաթյուրվի, և կեղծ թեզիսները չփոխարինեն իրական պատմությանը»։

            Հնարավոր է՝ «ռազմական հանցագործների» մասին հատվածը արտացոլում է Բաքվի ոչ պաշտոնական պահանջներից մեկը Երևանի հետ երկխոսության մեջ, մինչդեռ հրապարակային հռետորաբանության ու փորձագիտական ​​​​խոսույթում (դիսկուրս) հաճախ է խոսվում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների և հայտնի «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման անհրաժեշտության մասին: Կարելի է չկասկածել, որ օրակարգում մնում են նաև անկլավների հանձնման հարցերը և «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ պատմական հայեցակարգի իրականացման ուղղությամբ գործնական քայլերը: Ոչ թե պատահական տեղից, այլ ՄԱԿ-ի ամբիոնից արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի» համար պայմանների ստեղծման մասին՝ հերթական անգամ հիշեցնելով պաշտոնական ռազմավարության մասին, որը ենթադրում է ոչ միայն ներքին, այլև զգալի արտաքին լոբբիստական ​​​​ռեսուրսների մոբիլիզացիա: Ժամանակակից Հայաստանի տարածքում թյուրքական համայնքների հայտնվելը հող է ստեղծում միջադեպերի համար, որոնցից ուղիղ ճանապարհ է գնում դեպի «միջազգային երաշխիքներ»՝ հեռուն գնացող հետևանքներով լի «ինքնավարության» պահանջներով: Հայաստանի ներկայիս իշխանությունները երկար ժամանակ թաքցնում կամ հերքում էին այս սցենարը հանրությունից, հատկապես ակտիվորեն՝ վերջին նախընտրական արշավի ընթացքում: Բայրամովի հայտարարությունը լիովին ցույց է տալիս արտաքին մարտահրավերներին ինչ-որ չափով բովանդակալից արձագանքելու Երևանի անկարողությունը:

Հատկանշական է, որ հայկական կողմին «ռևանշիզմի» մեջ մեղադրանքներից բացի, Բաքվի քաղաքական գործիչները, լրատվամիջոցներա ու ամենատարբեր փորձագետները ակնհայտորեն ամենաբարձր մակարդակից հրահանգված սկսել են կոշտ քննադատել անձամբ Փաշինյանին՝ կասկածելով նրան «անկեղծության», «ազգայնական դաշնակցական գաղափարախոսությանը» գաղտնի կողմնակից լինելու մեջ։ 2018-2020 թվականներին արված որոշ արմատական ​և բացահայտ սադրիչ հայտարարություններից բացի, որպես դրա ապացույցներից մեկը բերվում է 1920-ական թվականներին հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հետապնդած «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացումը Երևանում 2023 թվականի ապրիլին։ Քիչ կասկածելի է, որ մոտ ժամանակներս հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման կառաջադրվեն այս և պաշտոնական Բաքվի կարծիքով այլ «ոչ ճիշտ» հուշարձանների ու շատ այլ բաների ապամոնտաժման պահանջները, որոնց մասին հիշատակվեց վերը, և սրանով դեռ չի սահմանափակվում։ Պետք է ենթադրել, որ Ադրբեջանում սպասում են, որ հայ հասարակությունը անվերջանալի խառնակչությունների և փոխադարձ մեղադրանքների ֆոնին ամբողջովին պառակտվի և ապակողմնորոշվի՝ խրվելով առօրյա գոյատևման խնդիրների մեջ, իսկ իշխանությունները անվերապահորեն կապիտուլացվեն։

Հետևելով այս տրամաբանությանը՝ Բաքուն և Անկարան օգնեցին «Քաղաքացիական պայմանագրին» և նրա առաջնորդին հասնելու, թեկուզ և հարաբերական, բայց հաջողության ընտրություններում՝ հնարավորինս աջակցելով նրանց, այնպես որ՝ հիմա ճիշտ ժամանակն է մարելու պարտքերը։ Լավ կլիներ, եթե Բաքուն որոշեր, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչ չի կարող անել, և այն ամենը, ինչը չի համապատասխանում այս տրամաբանությանը, ապրիորի ընկալվում է որպես կա՛մ ուղղակի թշնամական, կա՛մ առնվազն կասկածելի, որը պահանջում է մշտական ​​ուշադրություն։ 2025 թվականին Փաշինյանն ասաց, որ պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի, այն դեպքում, երբ իր հարևանների ռազմական բյուջեները օրեցօր աճում են, ինչի մասին հերթական անգամ հայտնեց Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 2-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում. «...գլխավոր խնդիրներից մեկը մեր ռազմական հզորության մեծացումն է», և սրանք բնավ էլ  միայն խոսքեր չեն։ Օրինակ, ինչպես վկայում են հայկական մոնիտորինգային ռեսուրսների տվյալները, ադրբեջանական զինված ուժերը ամրապնդում են առաջադիրքերը 2021 թվականին Սյունիքում փաստացի բռնակցված տարածքներում, այդ թվում՝ «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի միջև ամենանեղ հատվածներից մեկում։

Կարելի է համոզված ենթադրել, որ Բաքվի համար ցանկալի տարբերակ կլիներ, որ Հայաստանն ընդհանրապես բանակ չունենար, որպես այդպիսին, բացառությամբ ոստիկանական կառույցներից, որոնք կենտրոնացած կլինեն բացառապես հնարավոր ներքին բողոքի ցույցերը ճնշելու վրա: Հետևաբար, այն, ինչ հակասում է այս հեռանկարին, կմեկնաբանվի որպես «ռևանշիզմ» և այլ անթույլատրելի «հերետիկոսություն»: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները մեծ մասամբ զբաղված են ընդիմադիրներին հետապնդելով և իրենց իշխանությունը պահելով՝ միամտորեն և անհոգությամբ հույս տածելով, որ իրենց հարևանները, ինչ-որ անհայտ պատճառներով, կզիջեն և կմոռանան իրենց պահանջների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ ճանապարհ դեպի նոր պատերազմ և նոր աղետ: Բազմիցս է ապացուցվել. սեփական պատմությունից և արժանապատվությունից հրաժարվելը խաղաղություն չի բերում, այլ հրահրում է նոր ագրեսիա և վերածվում է չընդհատվող կապիտուլյացիայի:

Կարելի է լիովին համաձայնվել այն հայ փորձագետների հետ, որոնք նշում են, որ միակողմանի զիջումների և «խաղաղության խաչմերուկների» հայեցակարգը ամենևին չի մեղմացնում հարևանների զավթողականությունը, ավելի շուտ՝ ընդհակառակը։ Բացի դրանից, Բաքվի հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ ավելի ու ավելի վստահ է դառնում, եթե ավելին չասենք։ «...Վերջին ժամանակներս տեղի ունեցան երկու պատմական իրադարձություններ. մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի և Ամերիկայի հետ։ Չինաստանի հետ ստորագրվեց «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիրը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «Ռազմավարական խարտիան»։ Սրանք աշխարհի երկու գերտերություններն են, երրորդը չկա»,- ասել է Ալիևը իր կուսակիցներին, ինչը ռուս փորձագիտական ​​հանրության մեջ ընկալվեց որպես լիովին հստակ ազդանշան։ Չնայած 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարից հետո առաջացած թյուրըմբռնման ակնհայտ կարգավորմանը՝ հակառուսական լրատվամիջոցների արշավը ԶԼՄ-ներում մնում է որպես փաստ՝ երբեմն ընդունելով բացահայտ ապակառուցողական ձևեր՝ Կասպից ծովի էկոլոգիայի կամ էլ Ռուսաստանի բնիկ և փոքրաթիվ ժողովուրդների ու կրոնական համայնքների ճակատագրի համար կեղծ «մտահոգության» քողի տակ։ Ի՞նչ էր թեկուզ հուլիսին Շուշիում անցկացված աղմկահարույց «Մշակութային և էթնիկ բազմազանություն. պատմության դասեր, ժամանակակից մարտահրավերներ» համաժողովը, որի մանրամասներին առանց դժվարության կարելի է ծանոթանալ  համացանցի լայնարձակ տիրույթում։

Ոչ պակաս կարևոր քարոզչական աղմկարարությունը կոչված է ուշադրությունը շեղելու ներքին խնդիրներից, բայց դա այնքան էլ լավ չի հաջողվում: Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Ադրբեջանի շատ քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ՝ կրթական հաստատություններում հիջաբների փաստացի արգելքի պատճառով: Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր դպրոցական համազգեստի նոր պահանջներ՝ արգելելով կրթության աշխարհիկ բնույթին անհամատեղելի պիտույքները, ինչի արդյունքում դպրոցներից և համալսարաններից ազատվել էին բազմաթիվ կին ուսուցիչներ: Գլուխները ծածկած աշակերտուհիներին և ուսանողուհիներին սկսեցին ընդհանրապես թույլ չտալ մասնակցել պարապմունքներին, ինչը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է, որ Թուրքիայում միաժամանակ սկսվեցին հակաալիևյան հանրահավաքներ, որոնք իշխանություններն ու ոստիկանությունը չեն ցրում: Ինչպես և մի շարք այլ հանգամանքներ, սա ևս վկայում է Անկարայի ու Բաքվի միջև խորացող անհամաձայնությունը: Պետք է ենթադրել, որ սեփական ուժի և անխորտակելի հզորության առիթով Ապշերոնի ափերին «հաջողություններից գլխապտույտը»՝ ակնհայտորեն վաղաժամ եղավ։

Անդրեյ Արեշև

 

Լուսանկարում՝

ԱՊՀ գագաթաժողովը Թուրքմենստանում 2026 թվականի հոկտեմբերի 9-ին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Ադրբեջանի շատ քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ՝ կրթական հաստատություններում հիջաբների փաստացի արգելքի պատճառով

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ