Յոթ փաստ կոմս Լոռիս-Մելիքովի կյանքից Ադրբեջան – Հայաստան. որքանո՞վ հաջող կլինի պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ Լրագրողնե՛ր, պատրաստվե՛ք, Ձեր գրած հոդվածները շուտով կարող են դառնալ եկամտի աղբյուր Կիևի «Հյուսիսային կամուրջը» ռուսների գիշերային հարձակումից լուրջ վնասներ է կրել Վենսը բանակցություններ է վարում Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ. Axios Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հայաստանը պետք է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում լինի» գաղափարի թշնամին եմ 12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ

Յոթ փաստ կոմս Լոռիս-Մելիքովի կյանքից

Մշակութային

Առավել հետաքրքիր և քիչ հայտնի փաստեր XIX դարի ականավոր պատմական գործչի կենսագրությունից

«ԱՆԻՎ» հիմնադրամը և Նարեկացի ինստիտուտը հրատարակել են  նկարազարդումներով հարուստ «Կոմս Լոռիս-Մելիքով» մենագրությունը: Արխիվներից ու թանգարաններից վերցված վավերագրական նյութերի հիման վրա գրքում ներկայացվում է զորավար և պետական ​​գործիչ, գեներալ-համհարզ և հեծելազորի գեներալ կոմս Միքայել (Միխայիլ) Տարիելի Լոռիս-Մելիքովի (1824–1888) կյանքն ու գործունեությունը: Տեքստն ուղեկցվում է ավելի քան 250 նկարազարդումներով, որոնց մի մասը հրատարակվում է առաջին անգամ:

Ազգանուն՝ պատմությամբ

Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը ծնվել է 1824 թվականի հոկտեմբերի 19-ին (31), Թիֆլիսում: Թե՛ հոր, և թե՛ մոր կողմից նա ազնվական ծագում ուներ: Նրա հոր՝ Տարիել Զուրաբի Լոռիս-Մելիքովի նախնիները սերում էին Լոռուց: Ընտանեկան լեգենդի համաձայն՝ տոհմի ներկայացուցիչներից մեկը ստացել է մելիքի տիտղոս, իսկ նրա սերունդները սկսել են կոչվել Մելիքովներ: Հետագայում նրանց ուրիշ Մելիքովներից տարբերելու համար ազգանվանը ավելացրել են «Լոռիս». այդպես առաջացել է Լոռիս- Մելիքով ազգանունը: 

Օսմանյան և պարսկական ներխուժումներից, ինչպես նաև հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններից փրկվելով՝ տոհմի ներկայացուցիչները  Լոռուց տեղափոխվեցին այլ վայրեր։ Որոշ ճյուղեր հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Թիֆլիսում էր ապրում նաև Տարիել Լոռիս- Մելիքովը։ 1795 թվականին Աղա Մոհամմեդ-խան Ղաջարի կողմից քաղաքի ավերումից հետո նա, ինչպես շատ այլ ազնվականներ, ստիպված էր ապրուստի միջոց փնտրել։ Տարիելը աշակերտեց կաշեգործի, իսկ ավելի ուշ դարձավ աչքի ընկնող վաճառական։ 

Մոր՝ Եկատերինա Իվանովնայի կողմից Մ. Տ. Լոռիս-Մելիքովը սերում էր Հախվերդովների (Հախվերդյաններ) տոհմից։ Սա մեկ այլ հայտնի թիֆլիսյան ընտանիք էր, որի ներկայացուցիչների թվում կային պաշտոնյաներ, զինվորականներ։ Նրանցից շատերն ավարտել էին Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը։ Մանկության տարիներին Միքայելի վրա մեծ ազդեցություն է ունեցել մոր զարմիկը՝ Թիֆլիսի զինվորական հոսպիտալի բժիշկ Յուրի Ֆյոդորովիչ Հախվերդովը։ Հենց նա է ապագա գեներալի մեջ սեր պատվաստել ընթերցանության հանդեպ։

  1. Չարաճճիություն, որը տարավ դեպիգվարդիա

Ինչպես հայտնի է, Մ. Տ. Լոռիս-Մելիքովը սովորել է Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում: Այդ մասին իրենց հուշերում հիշատակել են նրա ժամանակակիցները, այդ մասին նա ինքն էլ է գրել 1868 թվականին ինստիտուտի հոգաբարձու Քրիստափոր Լազարյանին (Լազարև): Շատ ավելի դժվար է գտնել հետևյալ հարցերի պատասխանները. ե՞րբ է Լոռիս-Մելիքովն ընդունվել ինստիտուտ, և որքա՞ն ժամանակ է նա անցկացրել այնտեղ:

Ռուսաստանի պետական ​​պատմական արխիվում պահպանվում են Լազարյան ինստիտուտի 1838 թվականի մարտ և հուլիս ամիսների երրորդ դասարանի աշակերտների ցուցակները, որոնցում կա «Միխայիլ Լոռիս-Մելիք[ով]»։ Այս մարդուն կարելի է վստահաբար նույնացնել Մ. Տ. Լոռիս-Մելիքովի հետ։ 1836 թվականին ընդունվելով Լազարյան ինստիտուտ՝ նա՝ որպես ավելի վաղ Թիֆլիսի Ներսիսյան թեմական դպրոցն ավարտած, միանգամից ընդունվեց երրորդ դասարան և սովորեց ինստիտուտում երկու տարի։

Մեր հերոսի ինստիտուտն ավարտելը կապված է մի ծիծաղաշարժ դրվագի հետ: Մի անգամ՝ դասից առաջ, նա սոսինձ է քսում իրեն դուր չեկող ուսուցչի նստատեղին: Չարաճճիությունը հաջողվեց, բայց հետո «հետաքննություն ընթացավ, և երբ գտան մեղավորին, որոշվեց Լոռիսին հեռացնել ինստիտուտից և անմիջապես հետ ուղարկել Կովկաս՝ ծնողների մոտ»: Սակայն Միխայիլ Տարիելովիչը չվերադարձավ. դրա փոխարեն նա մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվեց գվարդիական ենթասպաների և հեծելազորային յունկերների դպրոց:

  1. Դերբենտ. հրամաններ, ճանապարհներ և... ձիարշավ

1860 թվականին Մ. Տ. Լոռիս-Մելիքովը նշանակվեց Հարավային Դաղստանի ղեկավար և Դերբենտի քաղաքապետ: Դաղստանում եղած երեք տարուց էլ պակաս ժամանակում նա զգալիորեն սահմանափակեց գողությունն ու ավազակությունը, կարգավորեց շրջանային դատարանների աշխատանքը, տեղի բնակիչներից ստեղծեց ​​միլիցիայի մշտական ջոկատներ, վերականգնեց լեռնցիների դպրոցների աշխատանքը: Մեծ ուշադրություն դարձրեց տարածաշրջանում ճանապարհների վերանորոգմանը և շինարարությանը: 

Լոռիս-Մելիքովի օրոք Դերբենտն էականորեն կերպարանափոխվեց։ Սկսեցին վերանորոգել և լայնացնել փողոցները, կառուցվեցին հանրային տուն՝ ակումբով, դեղատուն, տորոնի վերամշակման և գործվածքների համար դրանից ստացվող ներկանյութի արտադրության ֆաբրիկա։ Մ. Տ. Լոռիս-Մելիքովի նախաձեռնությամբ և աջակցությամբ Դերբենտում սկսվեց Սուրբ Ամենափրկիչ նոր հայկական եկեղեցու շինարարությունը։

Լինելով կրքոտ ձիասեր՝ Միխայիլ Տարիելովիչը ուշադրություն դարձրեց Դաղստանում ձիաբուծության զարգացման վրա։ Դրա մասսայականացման համար նա 1862 թվականի ապրիլի 4-ին կազմակերպեց ձիարշավ, որին մասնակցեցին Թաբասարանից, Կայթագից և Դերբենտից ավելի քան 20 հեծյալներ։ Հաղթողը ստացավ ադամանդներով դրվագազարդ ոսկե ժամացույց։

  1. Գեներալը, որնամեն ինչ վերցրեցվերահսկողության տակ

Սկսած 1879 թվականի հունվարից՝ Սանկտ Պետերբուրգի «Կառավարության տեղեկագրում» («Правительственный вестник») սկսեցին պարբերաբար տպագրել Աստրախանի նահանգի Վետլյանկա կազակական ավանում ժանտախտով վարակվելու դեպքերի մասին հաղորդագրություններ: Համաճարակի հաստատումից հետո ավանի շրջակայքը շրջապատեցին կարանտինային ուղեկալներով: Սակայն հասարակության մեջ շարունակում էին աճել մտավախությունները, թե ժանտախտը կարող է տարածվել Ռուսական կայսրության այլ շրջաններում: Թերթերում ավելի ու ավելի հաճախ սկսեցին հայտնվել Ցարիցինում, Մոսկվայի մերձակայքում և Կիևում վարակումների մասին չհաստատված հաղորդագրություններ:

Խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար Նախարարների կոմիտեն Աստրախանի նահանգապետություն ուղարկեց գեներալ Մ. Տ. Լոռիս-Մելիքովին: Հատուկ նրա համար ստեղծվեց Աստրախանի գեներալ-նահանգապետի պաշտոնը՝ ամենալայն լիազորություններով:

Ամենակարճ ժամկետներում Միխայիլ Տարիելովիչին հաջողվեց ոչ միայն հաղթահարել համաճարակը Վետլյանկայում, այլև զբաղվել Մերձվոլգյան շրջանի բնակեցված տարածքների (Ցարիցին, Աստրախան, Սարատով և այլն) սանիտարական վիճակի բարելավման հարցով։ Վետլյանկայից հետո Մ. Տ. Լոռիս-Մելիքովի անունը լայնորեն հայտնի դարձավ ամբողջ Ռուսական կայսրության բոլոր անկյուններում։

  1. Երկու գրոհ և մի ծրագիր, որը զարմացրեց Եվրոպային

1902 թվականին Կարսում դրվեց ամրոցի վրա գրոհների ժամանակ 1828, 1855 և 1877 թվականներին զոհված ռուսական բանակի զինվորների և սպաների հուշարձանի հիմքը: 1910 թվականի նոյեմբերին հուշարձանը հանդիսավոր կերպով բացվեց: Պատվանդանի չորս կողմերում հատված բուրգի տեսքով տեղադրված էին պղնձե ռազմաավարային հրանոթներ և չորս ամենաակնառու ռուս հրամանատարների բարձրաքանդակները: Նրանցից մեկը գեներալ-համհարզ Մ. Տ. Լոռիս-Մելիքովն էր:

Միխայիլ Տարիելովիչը երկու անգամ՝ 1855 և 1877 թվականներին, մասնակցել է Կարսի վրա գրոհին։ Երկրորդ գրոհի պլանը նա անձամբ է կազմել։ Ռուսական զորքերը պետք է շեղեին թուրքերի ուշադրությունը՝ վերին ամրությունների վրա կեղծ հարձակմամբ, իսկ հիմնական հարվածը հասցնեին ստորին ամրությունների վրա։ Ռազմական խորհրդի ժամանակ ռուս գեներալների կարծիքները բաժանվեցին. մեծամասնությունը կողմ էր գրոհը ցերեկն իրականացնելուն։ Բայց, ի վերջո, Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար, մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը պաշտպանեց Մ. Տ. Լոռիս-Մելիքովի ծրագիրը։ Կարսի ամրոցի վրա գրոհը 1877 թվականի նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը (նոր տոմարով) այն ժամանակվա պատմության մեջ իր նմանը չուներ և դարձավ եվրոպացի ռազմական տեսաբանների սևեռուն ուսումնասիրության առարկա։

Կարսի հուշարձանը չի պահպանվել մինչև մեր օրերը։ 1918 թվականի ապրիլին այն ավերեցին ամրոց մտած թուրքական զորքերը։

  1. Նախարարընշանառության տակ

Շուտով՝ 1880 թվականի փետրվարին կայսր Ալեքսանդր II-ի դեմ մահափորձից  հետո, Մ. Տ. Լոռիս-Մելիքովը կանչվեց Սանկտ Պետերբուրգ՝ հեղափոխական շարժման դեմ պայքարի միջոցառումների հարցը քննարկելու համար: Դրանից հետո նա նշանակվեց Պետական ​​կարգի և հասարակության հանգստի պահպանման գերագույն կարգադիր հանձնաժողովի գլխավոր ղեկավար:

Այս պաշտոնում նա համատեղում էր ահաբեկիչների դեմ կոշտ միջոցները հասարակության մեջ ազատական (լիբերալ) փոխակերպումների հետ։ Իր գործունեության համար քիչ էր մնում կոմսը տուժեր։ 1880 թվականի մարտի 3-ին նա տուն եկավ ճաշելու և հանգստանալու։ Միխայիլ Տարիելովիչը մոտենում էր շենքի մուտքին, երբ նրան մոտեցավ աղքատ հագնված, անբարետես մի երիտասարդ՝ շիկակարմրավուն մորուքով։ Փորձառու զինվորական Լոռիս-Մելիքովն արձագանքեց ակնթարթորեն. հազիվ զգալով մեջքին կպած փողը՝ նա կտրուկ շարժումով մի կողմ հեռացրեց զենքը։ Հնչեց կրակոց։ Գնդակը ծակեց նրա շինելը և պատռեց համազգեստի մեջքից մի կտոր, բայց չկպավ նրա մարմնին։ Լոռիս-Մելիքովը չկորցրեց ոգին և օգնեց կազակ պահակին կապել չարագործին, որից հետո ուղևորվեց պալատ՝ կատարվածի մասին կայսրին զեկուցելու։

1880 թվականի օգոստոսին Լոռիս-Մելիքովը գլխավորում էր Ներքին գործերի նախարարությունը։ Այս պաշտոնում նա Ալեքսանդր II-ին ներկայացրեց պետական ​​կառուցվածքի աստիճանական փոփոխությունների ծրագիր՝ այսպես կոչված «Լոռիս- Մելիքովի սահմանադրությունը»։ Ծրագիրը նախատեսում էր տեղական ինքնակառավարման զարգացում և զեմստվոների ու քաղաքային դումաների ներկայացուցիչների ավելի լայն ներգրավվածություն համապետական հարցերի քննարկման մեջ։ Սակայն Ալեքսանդր II-ի սպանությունից հետո բարեփոխումների ծրագիրը մերժեց նրա հաջորդը՝ Ալեքսանդր III-ը, և Մ. Տ. Լոռիս-Մելիքովին ուղարկեց թոշակի։

  1. Վեց «շնորհակալություն» կայսրությանքաղաքներից

XIX դարի երկրորդ կեսից սկսած՝ Ռուսական կայսրությունում քաղաքային իշխանությունները իրավունք ստացան շնորհել «Քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Պարգևատրման գործընթացը բազմամակարդակ էր. կոչում շնորհելը նախաձեռնում էր քաղաքային դուման, բայց հաստատում էր ինքը՝ կայսրը։

Պետական ​​ծառայության ընթացքում Մ. Տ. Լոռիս-Մելիքովը բազմիցս իրեն դրսևորել է որպես տաղանդավոր կառավարիչ։ Տեղերում մշակված և անցկացված տնտեսական ու սոցիալական բարեփոխումների համար նրան շնորհվել է վեց քաղաքների պատվավոր քաղաքացու կոչում. 1880 թվականին՝ Վլադիկովկաս, Ելեց, Պոլտավա և Խարկով, 1881 թվականին՝ Անապա, 1884 թվականին՝ Աստրախան։ Նրան այս կոչումը շնորհելու նախաձեռնությամբ հանդես են եկել Սանկտ Պետերբուրգի (1881) և Թիֆլիսի (1883) քաղաքային դումաները, սակայն նրանց որոշումները չի հաստատել կայսր Ալեքսանդր III-ը։

 

Անդրեյ Մաքսիմչիկ,

Հայագիտական ​​ուսումնասիրությունների զարգացման և աջակցման «ԱՆԻՎ» հիմնադրամի գիտաշխատող

 

«Մենք» շարքում ներկայացված են հետևյալ մենագրությունները՝

«Մարշալ Բաղրամյան»,

«Ծովակալ Իսակով»,

«Կոմս Լոռիս Մելիքով»:

 

Քանի՞ ականավոր հայի եք ճանաչում անունով և քանիսի՞ մասին երբեք չեք լսել։ Դարերի ընթացքում հայերն ապրել ու աշխատել են տարբեր երկրներում՝ իրենց հետքը թողնելով արվեստում, գիտության, մշակույթի, քաղաքականության, ռազմական գործի մեջ և այլ ոլորտներում։ Նրանց հետքը ամբողջ քաղաքների և դարաշրջանների ճակատագրերի մեջ է։

«Մենք» գրքերի շարքը պատմում է ականավոր հայերի մասին, որոնցից շատերը հայտնի են միայն մասնագետների նեղ շրջանակին: Շարքում յուրաքանչյուր գիրք հերոսի կյանքի մասին արժանահավատ աղբյուրների վրա հիմնված պատմություն է, որն ուղեկցվում է եզակի, թեմատիկ նկարազարդումներով: Սա հնարավորություն է բացահայտելու հայոց պատմության քիչ հայտնի էջերը, ճանաչելու մարդկանց, որոնց անունները արժանի են հիշվելու, և զգալու անցյալի ու ներկայի միջև կապը: 

«Մենք»-ը պարզապես անցյալի մասին գրքեր չեն: Այն պատմություն է այն մասին, թե ինչն է մեզ միավորում այսօր:

Շուտով լույս կտեսեն «Լևոն I Մեծագործ», «Նուբար փաշա» և այլ գրքեր։

Ինչպես նաև վաճառքում են մեր հետևյալ գրքերը՝

Ռայմոնդ Գևորգյան «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և հայ ու հույն վերապրածների ոչնչացումը (1918–1922)»,

Վահագն Դադրյան, Թաներ Աքչամ «Դատավճիռ Ստամբուլում. հայոց ցեղասպանությանն առնչվող դատավարությունները»,

Գառնիկ Բանյան «Հիշողություններ մանկությունից և որբությունից. ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը»,

Դենիս Վ. Լիսեյչիկով, Եվգենի Ս. Գլինսկի «Մաջարսկիները. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ»,

Քշիշտոֆ Ստոպկա, Անդժեյ Զեմբա «Հայերը Լեհաստանում»։

 

Մեր գրքերը կարելի է պատվիրել “Ozon”-ով, “Wildberries”-ով, հրատարակչության «СЛОВО/SLOVO» (https://slovobooks.ru/) կայքում։ 

Մոսկվայում գրքերը վաճառվում են Հայկական թանգարանում (Խաղաղության պողոտա, տուն 33, շին. 1, 3-րդ հարկ):

Բաժանորդագրվելով Նարեկացի ինստիտուտի “Telegram” ալիքին (https://t.me/narekatsiofficial)՝ դուք կարող եք առաջինը տեղեկանալ նորությունների մասին և ստանալ բացառիկ նյութեր:

 

Լուսանկարում՝

Կոմս Մ. Տ. Լոռիս-Մելիքովի զինանշանը

Միխայիլ Տարիելովիչի կոմսի կոչման բարձրանալուց հետո 1878 թվականին մշակվեց Լոռիս-Մելիքովների տոհմի կոմսի ճյուղի զինանշանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ