Փաշինյանը մի շարք նոր եվ ծանր հարցերի առաջ կանգնեց
ՄիջազգայինԱմերիկյան ընտրությունները, բացի ողջ աշխարհից, իհարկե, ուղիղ ազդեցություն են խոստանում նաեւ Հայաստանին: Ընդ որում, ընդհանուր կոմպլեքսի մեջ գտնվող, բայց դրանով էլ միանգամից մի քանի ուղղվածությամբ:
Հիմնական հարցերից մեկն այն է, թե ներկա իրավիճակում որքանո՞վ է իմաստալից ինչպես Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ–ադրբեջանական փաստաթուղթը, այնպես էլ` «Թրամփի ուղու» համաձայնագիրը: Եթե մինչ այս ԹՐԻՓՓ անվանմամբ փորձում էին կամ ցանկանում էին մնալ Թրամփի, այն է` ԱՄՆ–ի ուշադրության կենտրոնում, ապա հիմա մի փոքր այլ է: Թրամփը, միգուցե, դեռ շոյված է իր անվամբ միջանցք բացելու հեռանկարից: Բայց ահա նրան ատող դեմոկրատների համար նման անվանումը ցուլին կարմիր կտոր ցույց տալու իմաստ կարող է ունենալ: Բայց եթե վերցնես ու «Թրամփի ուղին» անվանափոխես, ապա Թրամփը դեռ նախագահ է, ինչ ասես, որ կարող է պատահել: Մի խոսքով, սա նոր խնդիր է Նիկոլի համար, որից դեռ պետք է գլուխ հանել:
Սակայն անվանումն էլ մի կողմ. արդյոք դեմոկրատները հետաքրքրություն կցուցաբերե՞ն ԹՐԻՓՓ–ի նկատմամբ, եթե անգամ դրա անունը փոխվի. սա, իհարկե, ամենակարեւոր հարցն է: Խոշոր հաշվով, դեռ Բայդենի ժամանակներում ԱՄՆ–ն Հայաստանում միջանցք բացելու հավակնություններ չէր ցուցաբերում, թեեւ իրենք էլԹրամփից պակաս հնարավորություններ այդ հարցում չունեին: Պատճառն էլ հասկանալի էր. բոլորի համար պարզ է, որ նման միջանցքն աշխարհաքաղաքական իմաստով նշանակում է Իրանի գլխին «սուր կախել»: Իսկ դեմոկրատները Բայդենի ժամանակներում ամեն բան անում էին Իրանի հետ պատերազմ չսկսելու համար, ինչը բավականին սուր հարաբերություններ էր ստեղծել Նեթանյահուի հետ: Ու հիմա էլ դեմոկրատները գոնե հրապարակավ պահանջում են պատերազմը կանգնեցնել: Այդ դեպքում, նրանք կցանկանա՞ն Իրանի «գլխին կախված սուրը» պահել, սա եւս պետք է որ Նիկոլի համար լուրջ մտորումների տեղիք տվող հարց լինի:
Երկրորդ ուղղվածությունը: Հայաստանյան, ավելի կոնկրետ` հարավկովկասյան ուղղությունը դեմոկրատների համար հիմնականում հետաքրքիր էր Ռուսաստանի հետ հակամարտության իմաստով: Ընդ որում, սա դարձել էր ուկրաինական պատերազմի հետ կապված կողմնակի էֆեկտներից մեկը: Ու հիմա, երբ դեմոկրատները վերցնում են ԱՄՆ օրենսդիր համակարգը, կա ամենակարեւոր հարցերից մեկը` կցանկանա՞ն ուկրաինական ուղղությամբ վերականգնել բայդենյան ժամանակների քաղաքական կուրսը, թե՞ արդեն նախընտրելի է թեկուզեւ հրապարակային հակառուսական դեմարշները շարունակելով, բայց նաեւ օգտվել այն պոտենցիալից, որը Թրամփը վերջին ժամանակներս ստեղծել է ռուսական ուղղությամբ:
Իհարկե, գլոբալիստական համակարգը, որը գործում է Եվրոպայում եւ որն ամերիկյան դեմոկրատների միջոցով իշխանության մի պատառ պոկեց ԱՄՆ–ում, հրապարակավ դեռ շարունակում է առաջ տանել «մինչեւ վերջ Ուկրաինայի կողքին ենք» գաղափարը: Բայց վերջին տարիներին շատ բան է փոխվել, եւ ներկա իրավիճակում գործնական իմաստով դեմոկրատները կցանկանա՞ն պահել այդ կուրսը, այստեղ կարեւոր հարցադրումներ կան: Ամենապարզ իմաստով. հենց ուկրաինական ուղղությունն էր, որ նախորդ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների ծանր ձախողման եւ Թրամփի տրիումֆի կարեւոր հիմքերից մեկը դարձավ: Ու հիմա, երբ կարողացել են որոշակիորեն վերականգնել դիրքերը, կցանկանա՞ն նորից մտնել նույն ուկրաինական «գետը», որտեղ մեկ անգամ արդեն «խեղդվել» են:
Առավել եւս, որ այս ընթացքում շատ բան է փոխվել: Նախ, իրանական պատերազմն էապես կրճատել է ամերիկյան զինանոցը, եւ եթե հիմա ցանկանան բայդենյան մասշտաբներով Կիեւին ռազմական օգնություն ցույց տան, ապա կարող է շատ արագ այդ կրճատված ծավալներից էլ բան չմնալ: Ընդ որում, անգամ մեծ ծախսերի արդյունքում այն ժամանակ կարողացան միայն պատերազմը երկարացնել: Բայց ահա հիմա, երբ Ուկրաինան հայտնվել է ոչ միայն ռազմական, այլ` տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ եւ այլ ուղղություններով կոլապսային վիճակում, հազիվ թե անգամ մասշտաբային ռազմական օգնությունը շատ բան փոխի: Պարզ օրինակ. այսօր ուկրաինական պաշտոնական աղբյուրներն անգամ հաստատում են, որ Կիեւի էներգետիկ արտադրությունը լիովին ոչնչացված է, եւ միջնաժամկետ կտրվածքով, եթե խոշոր ներդրումներ լինեն, հնարավոր է միայն 10–15 տոկոսով վերականգնել: Այսինքն, եթե անգամ ԱՄՆ–ն որոշի մեծ փողեր ներդնել, ապա դրանք ընդամենը ջուրը լցվող ծախսեր են դառնալու:
Այս իմաստով, այսինքն, երբ ուկրաինական ուղղությունը փաստացի վերածվել է «անհույս ակտիվի», դեմոկրատների ինչի՞ն է պետք նախկին կուրսին վերադառնալը: Առավել եւս, որ Թրամփը կա, նստած է իր աթոռին եւ շարունակում է խաղարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու սխեման, դա ներկայացնելով` որպես ԱՄՆ–ի համար շատ մեծ բիզնես շահ: Նաեւ, որ այդ խաղի միջոցով նաեւ եվրոպական տնտեսությունը վերահսկողության տակ վերցնելու հեռանկարներն են տեսանելի, ինչը եւս ԱՄՆ–ի համար ոչ պակաս խոշոր բիզնես–շահ է: Ըստ այդմ, բիզնեսմեն–դեմոկրատի համար ո՞ր տարբերակն է այսօր իրականում ձեռնտու, այս շահութաբեր հեռանկարներից օգտվե՞լը, թե ուկրաինական ուղղությամբ անիմաստ ծախսերը շարունակելը, որից ատկատների տեսքով շատ փոքր թվով խոշոր գործարարներ կարող են օգտվել:
Վերջապես, Թրամփը դեռ պատրաստվում է Չինաստանում նախագահներ Պուտինի եւ Սիի հետ եռակողմ հանդիպմանը, որը կարող է աշխարհն ազդեցության գոտիների վերաբաժանելու հիմք դառնալ: Դեմոկրատները, իհարկե, տեսականորեն դեռ մնում են ամերիկյան հեգեմոնիայի գաղափարախոսության կրողները: Բայց ներկա իրողությունների պայմաններում որքանո՞վ է այդ հեգեմոնիան իրատեսական: Այդ դերը պահելու համար, ամենապարզը, նախ պետք է հաղթել Իրանին: Ռեա՞լ է դա. հիմքերը տեսանելի չեն: Ըստ այդմ, որքանո՞վ է դեմոկրատների համար իրականում, ոչ լոզունգային իմաստով հոգեհարազատ մնում հեգեմոնիայի գաղափարը, այստեղ էլ բազում հարցեր կան:
Այսինքն, դեմոկրատների համար ռուսների հետ թշնամությունն իրականում օրակարգայի՞ն է, թե՞ ավելի նախընտրելի է դարձել Թրամփի ձեռքերով նման բարդ խնդրից ազատվելը` նաեւ ձեռքում պահելով քննադատողի ֆունկցիան: Ու սա ի՞նչ էֆեկտիվությամբ է ծավալվելու նաեւ հարավկովկասյան ուղղությամբ: Կարճ ասած, Նիկոլին դեռ պետք է ժամանակ ձգել` այս նոր իրողություններից գլուխ հանելու համար: Բայց կունենա՞ այդ ժամանակը, երբ ԵԱՏՄ–ից Հայաստանին հեռացնել–չհեռացնելու թեման ուր որ է, կարող է պայթել...