Երևանում Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել
ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ժամանել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր, իսկ նշված վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել էին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․ «Չհասկացանք, թե ինչ էր կատարվում, բայց տեսանք, որ երիտասարդ մի տղայի, ում պարանոցի հատվածից արյուն էր հոսում և նրան առաջինը օգնության հասան Լեմկինի փողոցում գործող «Opera Suite hotel»-ի աշխատակիցները և լավ էր բավականին արագ, կարելի է ասել 2-3 րոպեում շտապօգնության բժիշկները ժամանեցին ու այդ տղային նախ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Թե ինչն էր պատճառը, ով էր, դա դեռ չգիտենք։ Դա երևի ոստիկաններն ու քննիչները կպարզեն։ Մի բան հաստատ է, եթե շտապօգնությունը մի քիչ ուշանար՝ հնարավոր է վիրավորի կյանքը փրկել չհաջողվեր»։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել էին տարածքը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Լևոն Անթանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
