ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

TRIPP-ը Հայաստանի ապաշրջափակման հնարավորություն կարող է լինել. Սուրեն Պարսյան

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Այս հարցը վաղուց դուրս է եկել ինտեգրացիոն երկու միավորումների միջև ընտրություն կատարելու շրջանակից։ Դրա հիմքում ընկած են ավելի լայն խնդիրներ՝ կապված տնտեսական ռազմավարության, զարգացման հնարավորությունների, միջազգային համագործակցության և տարածաշրջանային ու գլոբալ փոփոխվող կապերի համակարգում երկրի տեղի հետ։

 

Հենց այս հարցերին է նվիրված «Հայաստանը տնտեսական համակարգերի խաչմերուկում» ծրագիրը, որը նախաձեռնել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը և Տնտեսական լրագրողների ակումբը համատեղ։ Ուշադրության կենտրոնում են ոչ միայն ինտեգրացիոն երկու ձևաչափերի տարբերություններն ու հակասությունները, այլև դրանց հետ փոխգործակցության հեռանկարները, Հայաստանի առջև բացվող հնարավորությունները և հնարավոր որոշումների տնտեսական հետևանքները։

 

Ծրագրի շրջանակում NEWS.am-ը սկսում է հարցազրույցների շարք՝ նվիրված Հայաստանի տնտեսական կողմնորոշման առանցքային հարցերին։ Հաղորդաշարը վարում է ՀՊՏՀ Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։

 

Նրա առաջին հյուրը նույն համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանն է։ Զրույցի գլխավոր թեմաներից մեկը TRIPP նախագիծն է և դրա նշանակությունը Հայաստանի համար։

 

TRIPP-ը նախևառաջ անվտանգային նախագիծ է

 

Գնահատելով նախագծի հեռանկարները՝ Սուրեն Պարսյանն առաջարկում է այն դիտարկել նախևառաջ որպես անվտանգային նախագիծ, և միայն դրանից հետո՝ որպես տնտեսական գործիք։

 

Տնտեսագետի խոսքով՝ 2020 թվականին տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո Հայաստանը ստիպված էր անվտանգության ապահովման նոր մեխանիզմներ փնտրել։ Ռուսաստանը, ըստ նրա, ի վիճակի չէր լիարժեքորեն երաշխավորել մեր երկրի անվտանգությունը, իսկ տարածաշրջանային կայունությամբ շահագրգռված Իրանն էլ իր սեփական լուրջ խնդիրներն ուներ։ Արդյունքում Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական նոր լուծումներ գտնեին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու համար։

 

«TRIPP-ն առաջին հերթին միտված էր Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիան զսպելուն։ Սա է նախագծի գլխավոր նպատակը»,- ընդգծեց Պարսյանը։

 

TRIPP-ի շրջանառության ծավալները բավականին համեստ են լինելու

 

Այդուհանդերձ, նախագիծն ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Պարսյանի գնահատմամբ՝ այն կարող է հող նախապատրաստել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային այն խնդիրների լուծման համար, որոնք տարիներ շարունակ սահմանափակել են Հայաստանի տնտեսական հնարավորությունները։

 

Տնտեսագետը հիշեցրեց, որ Հայաստանը փաստացի երկու կողմից տրանսպորտային շրջափակման մեջ է, իսկ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների վրա էլ պարբերաբար ազդում են սակագնային տատանումները։ Այս իրավիճակում մեր երկիրը պետք է հասնի ճանապարհների ապաշրջափակմանն ու վերածվի տարանցիկ պետության՝ զարգացնելով տրանսպորտային կապերն ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան ուղղություններով։

 

Ըստ Պարսյանի՝ TRIPP-ի նշանակությունը պետք է գնահատել հենց այս տեսանկյունից։ Միևնույն ժամանակ նա հորդորեց չտրվել չափազանցված սպասումներին, թե նախագիծն անմիջապես տնտեսական մեծ եկամուտներ կբերի։

 

«Հաճախ կարող ենք լսել տարբեր մեկնաբանություններ, որ TRIPP-ը մանանա է բերելու, որ TRIPP-ը աշխատի, մենք այսպես նստելու ենք և ապրենք այդ փողերով։ Այդ գումարները կամ այդ շրջանառությունը, կարծում եմ, շատ համեստ է լինելու, առավել ևս մոտակա տասնամյակի ընթացքում, որովհետև այլ ենթակառուցվածքներ արդեն իսկ այս պահին կան»,- նշեց Պարսյանը։

 

Պատճառն այն է, որ տարածաշրջանում արդեն իսկ գործում ու զարգանում են այլ երթուղիներ։ Մասնավորապես, Չինաստանն օգտագործում է Վրաստանի նավահանգստային ենթակառուցվածքները և Ադրբեջանի հետ համատեղ կառուցում է ևս մեկ նավահանգիստ։ Նախատեսվում է, որ չինական բեռներն Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով են հասնելու Եվրոպա։ Բեռնահոսքի մի մասը, իհարկե, կարող է անցնել նաև Հայաստանով, բայց մեր երկիրը չպետք է հույսը դնի միայն այս երթուղու վրա։

 

TRIPP-ը տարածաշրջանային փոխադրումների ցանցին ինտեգրվելու հնարավորություն է

 

Pարսյանի համոզմամբ՝ TRIPP-ը պետք է ընկալել որպես սահմանները բացելու և Հայաստանը տարածաշրջանային փոխադրումների ավելի մեծ համակարգում ներառելու հնարավորություն։ Նա կարևորեց նաև մյուս ուղղությունների ներուժը, այդ թվում՝ Նախիջևանով դեպի Իրան ձգվող ճանապարհը և «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում հաղորդակցության զարգացումը։

 

Այս համատեքստում փորձագետն ընդգծեց Ղազախի ուղղությամբ երկաթգծի զուգահեռ կառուցման անհրաժեշտությունը։ Խոսքը մի երթուղու մասին է, որն ավելի կարճ կապ կապահովի արևելքի և արևմուտքի միջև։ Մասնավորապես, Ղազախ-Իջևան հատվածը՝ ներառյալ Սեմյոնովկայի ուղղությունը, թույլ կտա շատ ավելի ուղիղ հաղորդակցություն հաստատել։

 

Պարսյանը նկատեց, որ TRIPP-ով անցնող ճանապարհը մոտ 150-170 կիլոմետրով ավելի երկար է լինելու։ Եթե երկու ուղղություններով էլ փոխադրման ծախսերը գրեթե նույնը լինեն, բեռնափոխադրողները, բնականաբար, կընտրեն կարճ ճանապարհը։ Հետևաբար, Ղազախով անցնող երկաթուղային կապը պետք է զարգացնել TRIPP-ին զուգահեռ, այլ ոչ թե դիտարկել որպես այլընտրանք, որից պետք է հրաժարվել։

 

Տնտեսության ո՞ր ճյուղերը կշահեն ապաշրջափակումից

 

Որպես ճանապարհների ապաշրջափակումից ակնկալվող տնտեսական օգուտի հստակ օրինակ՝ Պարսյանն առանձնացրեց հանքարդյունաբերությունը։ Այս ոլորտում լոգիստիկան չափազանց կարևոր է, քանի որ տրանսպորտային ծախսերն ուղղակիորեն ազդում են արտահանման ծավալների և արտադրանքի մրցունակության վրա։

 

Տնտեսագետը ներկայացրեց հայկական հանքաքարի տեղափոխման ներկայիս սխեման. բեռները Սյունիքից հասցվում են Երևան, այնտեղից էլ երկաթուղով՝ Փոթի։ Այս ճանապարհով տեղափոխվող հանքաքարի շուրջ 70%-ն այնուհետև ուղարկվում է Չինաստան։

 

Նոր երկաթգծերի առկայության դեպքում հնարավոր կլիներ բեռներն Ադրբեջանի տարածքով միանգամից ուղարկել Չինաստան։ Դա թույլ կտար ամբողջ ճանապարհն անցնել երկաթուղով և նվազեցնել կախվածությունը Փոթիի նավահանգստով գործող ներկայիս լոգիստիկ սխեմայից։

 

Այսպիսով, հայկական հանքարդյունաբերական ընկերությունները կարող են դառնալ ճանապարհների ապաշրջափակման առաջին շահառուներից մեկը։ Պարսյանը շեշտեց, որ նոր երթուղիները կարևոր են ոչ միայն միջազգային փոխադրումների համար. երկաթուղային ցանցի զարգացումը կօգնի լուծել նաև երկրի ներքին տրանսպորտային խնդիրները։ Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, Հայաստանը պետք է TRIPP-ն օգտագործի ոչ թե որպես եկամտի առանձին աղբյուր, այլ որպես երկրի տրանսպորտային ապաշրջափակման ավելի մեծ ռազմավարության մի մաս։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ