Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը
ՄիջազգայինԵվ այսպես, լրացավ նոյեմբերի 9–ի պայմանագրի 6–րդ տարելիցը: Պայմանագիր, որը հազիվ կնքված, Հայաստանում հանրության կողմից գնահատվեց, որպես կապիտուլյացիոն` առաջ բերելով այն կարգի զայրույթ, որ Նիկոլը ստիպված էր բունկերներում ապաստանել:
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԱԼԵՆԸ
Բայց այն, ինչ ունենք ներկայումս, եկավ հուշելու, որ նիկոլյան իշխանությունը, ստորագրելով, բայց հետո նաեւ մերժելով այդ պայմանագիրը, Հայաստանը հասցրեց մի վիճակի, երբ այդ կապիտուլյացիոն պայմանագիրն արդեն ձեռքից բաց թողնված երազանքների գագաթնակետի ընկալում է ձեռք բերել...
Միայն թե խոսելով նոյեմբերի 9–ի` ՌԴ–Ադրբեջան–Հայաստան պայմանագրի մասին, պետք է նկատել, որ այն գլոբալ խաղը, որը ծավալվել էր այդ փուլում եւ հանգեցրեց տվյալ փաստաթղթին, իրականում ամենեւին էլ դեռ ավարտված չէ: Այսինքն, նորից եւ նորից փորձելով հասկանալ, թե իրականում ինչ էր կատարվում այն ժամանակ, այսօրվա գործընթացները ավելի սթափ գնահատելու լավ հիմք են:
Թերեւս, կարելի է սկսել օրերս Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունից, որը ուշագրավ մտորումների տեղիք է տալիս: Այսպես, Ալենը պնդում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ գնացել է Ռուսաստան ու խնդրել կանգնեցնել պատերազմը. «Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, դաշնակիցն ենք, կանգնեցրեք այս պատերազմը»: Իհարկե, կարելի է այստեղ նախ հիշեցնել Փաշինյանի երբեմնի հայտարարություններից մեկը, թե 44–օրյա պատերազմից կարող էինք խուսափել, բայց չխուսափեցինք: Ավելի տեղին կլինի այլ փաստեր հիշեցնել. պատերազմի օրերին քանի անգամ էր հնարավոր այն կանգնեցնել` սկսած առաջին իսկ օրերից: Ու քանի անգամ հենց հայաստանյան իշխանությունները մերժեցին հրադադարը, թե` «հաղթում ենք»: Վերջապես, տեսնես ի՞նչ եղավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը, որը նույն Ալենի` ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակներում այդպես էլ օրակարգում չհայտնվեց: Այն դեպքում, երբ հենց ներկա իշխանությունների դրածոներն էին այդ ողջ գործընթացն առաջ տանում, եւ չնայած դրան, երեւի ակամա հասել էին այնպիսի եզրակացությունների, որ դրանք հանրությանը ներկայացնելը հարկ չհամարեցին: Թեեւ ի սկզբանե այդ աշխատանքը ծրագրված էր պատերազմի հետ կապված հանրային մտահոգությունների պատասխանը տալու համար: Այսինքն, մասնավորապես այդ փաստաթուղթն է, որ կարող էր պատասխանել, թե իրականում, օրինակ, Ալենը պատերազմի ժամանակ ուր էր գնացել, ինչ էր անում եւ ում ոտքերն էր ընկել:
Բայց ամենաուշագրավն այն է, որ ՌԴ ԱԳՆ–ն էլ չգիտի, թե` «Ում ոտքերի տակ է նա ընկել այդ ժամանակ, կամ գուցե նա շարունակում է ընկնել»: Ընդ որում, նաեւ ընդգծելով, որ. «Հենց Ռուսաստանն էր, եւ ոչ թե ուրիշ մեկը, որ կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում»: Սա արդեն պատմական փաստ է. ի վերջո, նոյեմբերի 9–ի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ: Ընդ որում, Ալենը նաեւ լավ կանի, որ այլ հարցի եւս փորձի պատասխանել. եթե ռուսներից այն ժամանակ օգուտ չէր տեսնում, ինչո՞ւ նաեւ չէր փորձում, օրինակ, ԱՄՆ–ից կամ Եվրոպայից խնդրել` պատերազմը կանգնեցնել: Ու այստեղ միանգամայն պարզ հարց կա. իսկ արեւմտյան երկրներից որեւէ մեկն անգամ մատը մատին տվե՞ց պատերազմը կանգնեցնելու համար: Ոչ մի բան չեն արել. կրկնենք, պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ: Ու տեսնես ինչո՞ւ հիմա Ալենն Արեւմուտքի անգործունեության մասին չի խոսում: Ավելին, հայտարարելով, թե ինքը` «Հայաստանը պետք է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում լինի» գաղափարի թշնամին է: Այսինքն, կողմնակից է ԵՄ անդամ լինելու գաղափարի՞ն. այն ԵՄ–ի, որը, կրկնենք, մատը մատին չտվեց պատերազմը կանգնեցնելու համար: Առնվազն տարօրինակ չէ՞, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը նման տարօրինակ մտքեր է հայտնում...
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9–Ի ՓՈԽԱՐԵՆ` ԹՐԻՓՓ
Իհարկե, իրականում խնդիրն ամենեւին էլ Ալենի կարգի պաշտոնյայի նման «տարօրինակ» մտքերը չեն: Շատ ավելի էական է փաստը, որ թեեւ հիմա բողոքում են, թե պատերազմի ժամանակ ռուսները բան չէին անում, այնուամենայնիվ, այդ «բան չանելու» արդյունքում ստացանք նոյեմբերի 9–ի փաստաթուղթ, որը եթե գործեր, ապա այսօր չէինք ունենա լիովին հայաթափված Արցախ: Ընդ որում, որքան էլ որ փորձեն նորից ռուսներին մեղադրել, թե` չպաշտպանեցին, եւ Արցախը հայաթափվեց, մեկ է, կան փաստեր, որոնք այդ «տրամաբանությամբ» որեւէ կերպ չեն կարող բացատրել:
Ամենապարզը. եթե ռուսները «չպաշտպանեցին», ապա Նիկոլի ղեկավարած Հայաստանն ի՞նչ արեց, որ Արցախի հայաթափումը թույլ չտա: Հիշեցնենք. որեւէ կերպ չմիջամտեց:
Սակայն հարցին այս կողմից մոտենանք: Նոյեմբերի 9–ի փաստաթուղթն ուներ երկու–երեք առանցքային դրույթներ: Թեկուզեւ նոր սահմաններով, բայց Արցախի հայկական մնալը դրանցից միայն մեկն էր: Դրանից առաջ, կային այլ ծրագրեր: Այդ թվում, տարածաշրջանային կոմունիկացիաների, այդ թվում` Մեղրիի երկաթուղու վերագործարկման հարցը: Դրանք, հիշեցնենք, ընթացք ստացան Մոսկվայում 2021թ. հունվարի 11–ին ստորագրված եռակողմ փաստաթղթով, որի հիման վրա ստեղծվեց երեք երկրների փոխվարչապետների ներգրավվածությամբ հանձնաժողովը: Հանձնաժողովը մի որոշ ժամանակ աշխատեց, կազմվեց աշխատանքային փաստաթղթի փաթեթը, որն այդպես էլ չստորագրվեց: Ընդ որում, մասնավորապես Մոսկվան քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվողը Հայաստանն էր: Ասենք, նիկոլյան իշխանություններն առանձնապես չեն էլ փորձել հակառակն ապացուցել: Ընդամենը եղան «բացատրություններ», թե չեն պատրաստվում Մեղրիի գծի անվտանգությունը տալ ռուսներին, ինչը սահմանված էր նոյեմբերի 9–ի` մասնավորապես Նիկոլի ստորագրած փաստաթղթով: Ու հենց այդ հիմքով էլ Ադրբեջանը սկսեց նախ` Արցախի հայաթափումը, ապա, օգտվելով ուկրաինական պատերազմից, անցավ Արցախի հայաթափմանը: Ու վերջում էլի Նիկոլն անցավ այն քարոզին, թե` «Արցախն Ադրբեջան է եւ` վերջ»:
Ու այստեղ առաջ է գալիս իր հերթին շատ պարզ հարց. ինչո՞վ էր նոյեմբերի 9–ի փաստաթղթով սահմանված կոմունիկացիոն ողջ համակարգի եւ Մեղրիի երկաթուղու վերագործարկումը, անգամ եթե անվտանգային հարցերը տրվում էին Ռուսաստանին, հակասում Հայաստանի անկախությանը, ինչպես որ մինչ այժմ էլ պնդում են նիկոլյան իշխանավորները: Որեւէ հոդաբաշխ բացատրություն այստեղ այդպես էլ տրված չէ: Ու դրանից բխող հաջորդ հարցը. իսկ այդ ինչպե՞ս է ստացվում, որ փոխարինման եկած «Թրամփի ուղու» սխեման չի վտանգում Հայաստանի անկախությունը: Կրկնենք, նոյեմբերի 9–ի փաստաթուղթը նախատեսում էր միայն անվտանգային. այն է` գնացքների անցման անվտանգության փոխանցումը Ռուսաստանին: «Թրամփի ուղին» ողջ կոմունիկացիան դնում է մի կառույցի տիրապետման տակ (անվտանգության եւ մյուս բոլոր բաղադրիչներով հանդերձ), որում Հայաստանն ունի շատ փոքր մասնաբաժին: Ընդ որում, այդ համակարգը որեւէ կերպ չի նախատեսում, որ պետք է գործարկվեն նաեւ մյուս կոմունիկացիաները, այն է` չկա որեւէ երաշխիք, որ Մեղրիի գծով Հայաստան կսկսեն գնացքներ գալ: Ու երբ առաջինը ներկայացվում է, որպես Հայաստանի անկախությունը ոտնահարող, երկրորդը` ոչ, ապա այստեղ ոչ թե տրամաբանություն, այլ նպատակաուղղված գործունեություն է հնարավոր տեսնել: Սկսած 44–օրյա պատերազմից եւ Արցախի հայաթափումից, մինչ այս պահը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Արդյունքում. ֆիքսենք, որ նոյեմբերի 9–ի պայմանագիրը, թեեւ այդ մասին արդեն երկար ժամանակ չի էլ խոսվում, այնուամենայնիվ, դեռ պաշտոնապես չեղարկված չէ: Այսինքն, որքան էլ որ կա ԹՐԻՓՓ–ը, որքան էլ որ դրան օրենսդրական ընթացքի մեջ են դրել, որքան էլ որ այդ խաղի մեջ ամենաակտիվ դերակատարում ունեն Անկարան եւ Բաքուն, մեկ է` նոյեմբերի 9–ի պայմանագիրը գործող փաստաթուղթ է: Այսինքն, այդ երկու հակադրվող ուղղությունների պայքարը, որը, ըստ էության, Հայաստանում Ռուսաստանի կամ թուրք–ազերիական տանդեմի վերահսկողության համար պայքար է, գործնականում դեռ ընթացքի մեջ է: Եվ վերջակետը կդրվի այն պահին, երբ ավարտված կդառնա ուկրաինական պատերազմը: